Վախեցեք վախից

Վախեցեք վախից

Մեր բոլոր խնդիրները վախից են։ Ինչ-որ պահից մենք սկսեցինք ամեն ինչից վախենալ։ Նախ՝ պատերազմից։ 2020-ից ի վեր մեր հասարակությունն ուղղակի սարսափում է նոր պատերազմի հեռանկարից, եւ հեշտացել է նրան պատերազմի ուրվականով վախեցնելը։

Մի քանի ՔՊ-ականի ելույթում կարմիր թելով անցնում է, որ այսինչ քայլը պատերազմի կարող է հանգեցնել, եւ վերջ՝ հասարակությունը համաձայն է՝ Հայաստանի կեսն էլ հանձնեք, միայն Ալիեւը չբարկանա։

Մենք վախենում ենք զայրացնել ոչ միայն Ալիեւին, այլ նաեւ Պուտինին, Մակրոնին, Բայդենին։ Ոմանք սարսափում են ռուսներին վախեցնելուց, որը կրկին կարող է հանգեցնել պատերազմի, նվազագույնը՝ կարող են մեզ մենակ թողնել՝ որոշումներ կայացնելու անընդունակ ՀՀ իշխանությունների հետ։ Մյուս մասը վախենում է Արեւմուտքին վախեցնելուց՝ այ, որ ռուսներին չվտարենք, ՀԱՊԿ-ից դուրս չգանք, կզրկվենք եվրոպացիների աջակցությունից, գրանտներից, այցերից…։

Եվ երկու խմբի համար էլ դա կատաստրոֆային մոտ մի բան է, ուստի պետք է ստրուկի պես քծնել ու ծառայել, հանդուրժել ցանկացած ծաղր ու կեղծ քայլ, որ բխում է այդ աշխարհաքաղաքական կենտրոններից։ Այլ վախեր էլ ունենք, օրինակ՝ վախենում ենք Արցախ գնալուց՝ բա որ ճանապարհին կրակեն կամ գերի՞ վերցնեն։ Եվ Արցախին ուղղված սիրերգեր հնչեցնողներից շատերը 2020-ից ի վեր Արցախ ոտք չեն դրել։

Վախն այնպես է բուն դրել մեր հոգիներում, որ զրկվել ենք որեւէ նախաձեռնողականությունից, դիմադրողականությունից, դարձել ենք շարքային հացակերներ, որ միայն փորի մասին ենք մտածում։ Իսկ մինչեւ 2020 թվականը չէինք վախենում ռիսկային, անգամ ավանտյուրիստական քայլերից։ Հիշենք Շանթի անոնիմուսների ակցիան, ՊՊԾ գնդի գրավումը, թեկուզ Հոկտեմբերի 27-ը՝ 5-10 հոգով մարդիկ մահվան ու բերդ էին գնում։