Արման Սահակյանի մասին որևէ մեկը վատ բաներ չի կարող ասել, որովհետև նա բավականին կոփված տղամարդ է․Գալուստ Սահակյան

Արման Սահակյանի մասին որևէ մեկը վատ բաներ չի կարող ասել, որովհետև նա բավականին կոփված տղամարդ է․Գալուստ Սահակյան

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ հիմնադիր անդամ Գալուստ Սահակյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն թեմային, թե ինչու ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքում ՀՀԿ-ի հին, փորձառու քաղաքական դեմքերը ներկայացված չեն։

«Քաղաքաակնության մեջ հին ու նոր չկա, պարզապես մենք գնացել ենք էդ ճանապարհով, մեր ամբողջ կուսակցությունը, մեր խորհուրդը, գործադիր մարմինը՝ բոլորս պայքարում ենք, մենք մի նպատակ ունենք՝ օտարել նրան, ով չգիտեմ՝ որ ազգից է»,-ասաց Գալուստ Գրիգորիչը։

-Բայց այդ նպատակի իրագործման հարցում փորձառու, ճանապարհ անցած քաղաքական գործիչներ պե՞տք չեն։

-Փորձառու քաղաքական գործիչները էսօր աշխատում են ժողովորդի հետ և պարզաբանում են մի քիչ առավել, ինչ որ քեզ պարզաբանեցի, էնպես որ, իրենց գործը կատարում են։ Դա մենք այդպես ենք որոշել, որ որոշակի ջահելություն լինի, որպեսզի կարողանանք նաև հետագայում ավելի ուժեղացնենք մեր կուսակցությունը, որը մեր պետության համար է։

-Աշոտյանը, Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը այլևս ջահե՞լ չեն։

-Ոչ միայն իրենք են, այլ շատ-շատերը կան իրենց հետ, որոնք պատրաստված են ժամանակի մեջ, և բոլորը պայքարում են այսօրվա մեր վճիռն իրագործելու համար։ Մեզ համար էս պահին խնդիր չի Ազգային ժողով մտնելը, այլ մեզ համար օտար, ոչ հայ մարմնին կարողանանք չեզոքացնել, որ մեր պետությունը պետություն դառնա։ Մանավանդ, էսօր հանրապետության օրն է, ես ցավոք պետք է ասեմ, իհարկե շնորհավորելով հանրապետության գաղափարը, էսօր էդ հանրապետությունը էլ մենք չունենք։ Մենք հիմա վերստեղծելու ենք մեր հանրապետությունը։

-Ի դեպ, Ձեր որդին՝ Արման Սահակյանը, այս անգամ էլ ցուցակում կա, սա ինչո՞վ է պայմանավորված․ մի կողմից ասում եք՝ սերնդափոխություն եք ուզում անել, Ձեր ասած՝ ջահելությունը պիտի գա, մյուս կողմից էլ Ձեր որդին, որ Աշոտյանի, Շարմազանովի հասակակիցն է, նրանք չկան, իսկ ինքը կա։

-Որովհետև, կարծում եմ, էդպես քննարկման առաջարկ չենք դարձրել, կարծում եմ՝ ինքը բավականին լուրջ ձայներ ունի, և էդ ձայները, որպեսզի տեղավորվեն ընդհանուր մեր պրոբլեմների մեջ, Արման Սահակյանը կարողանում է օգտագործել․․․

-Այսինքն՝ ձայն բերելո՞ւ համար է մտել ցուցակ։

-Ոչ միայն ձայն բերելու համար, այլ նա շատ կոռեկտ, քաղաքավարի քաղաքական գործիչ է։ Այսինքն՝ ինձ կարող են որևէ բան ասել, որը իրականությանը չի համապատասխանի, իսկ Արման Սահակյանի մասին որևէ մեկը վատ բաներ չի կարող ասել, որովհետև նա բավականին կոփված տղամարդ է։

-Իսկ Աշոտյանը, Շարմազանովը ձայն չունե՞ն։

-Աշոտյանն ու Շարմազանովը՝ ինձ հետ միասին, նաև ձայներ են բերում մեր ցուցակի համար։ Էդպես ենք որոշել։ Ոչ թե էդտեղ խնդիրը եղել է՝ ով լինի, ով չլինի, այլ պարզապես էդպես ենք որոշել։ Քիչ առաջ էլ ես խոսում էի, մենք բավականին երիտասարդներ ենք տեղադրել, մեկ-երկու հոգի էդպես դրել ենք ընդհանուր ցուցակի մեջ, որպեսզի հնարավոր լինի, նաև եթե Ազգային ժողովում մարդիկ լինեն, որպեսզի մեր ուղիները, մեր միջոցները, մեր պատմությունը կարողանան մյուսներին հաղորդել։ Եվ նրանք էլ, կարծում եմ, էնպիսի մարդիկ են, որ շատ կարճ ժամանակահատվածում քաղաքական գործիչներ կդառնան։

Մանրամասն՝ վաղը, «Հրապարակի» հերթական համարում