Փաշինյանը վախեցել է կիրանցեցիների հետ հանդիպումից, ասել է՝ կարիք չկա ինձ հետ հանդիպեն

Փաշինյանը վախեցել է կիրանցեցիների հետ հանդիպումից, ասել է՝ կարիք չկա ինձ հետ հանդիպեն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել էր Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Աշխատաժողովի մասնակիցները եղել են Կիրանցի հիմնական դպրոցում, որը կառուցվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում, ծանոթացել են նաև Կառավարության ֆինանսավորմամբ 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է, որ Կիրանցում սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության՝ 16 մլն ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ տներ են կառուցվում։

Նիկոլ Փաշինյանն այս քայլերով փորձում է տպավորություն ստեղծել, թե իբրև ամեն բան հրաշալի է Կիրանցում, որ մարդիկ մոռացել են, թե ինքը Կիրանցից քանի տուն է հանձնել Ադրբեջանին, քանի կիրանցեցու է վշտի մեջ թողել: Երեկվա այցի շրջանակներում արված լուսանկարներում որևէ կիրանցեցի չնկատեցինք: Տպավորություն է, թե երկրի վարչապետը հերթական գաղտագողի այցն է կատարել, քաջ գիտակցելով, որ Կիրանցում բոլորն ատում են իրեն:

Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ի՞նչ պայմաններում է Փաշինյանը Կիրանց այցելել: Որտե՞ղ էին գյուղի բնակիչներն այդ ժամանակ: Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանը դպրոց էր եկել, դպրոցն իմ տան մոտ է, բայց ես չեմ ուզում նրա երեսը տեսնել, իմանալով, որ գալու է, գյուղից բացակայել եմ: Ինչ-որ մարդկանց հետ է այցելել դպրոց, անգամ դպրոցի ամբողջական անձնակազմը ներկա չի եղել այդ հանդիպմանը, ընդամենը մի քանի հոգի ու վերջ: Մեր գյուղացիք ոգևորված չեն նրա այցերից, չեն էլ ուզում տեսնել իրեն, բայց խոսակցությունն այնպես է գնացել, որ մարդկանց հետ հանդիպելու կարիք չկա էլ, ընդամենը դպրոց եմ մտնելու և գնամ: Ավտոբուսներով մարդկանց են բերել, բայց թե ովքեր են, ոչ մեկին չենք ճանաչում: Եկել էին հիանալու, բայց ի՞նչ հիանալու բան կա Կիրանցում: Նա հիանալու փոխարեն ամոթից պետք է լաց լինի, բայց դա այդ մարդը այսպիսին է, մենք չենք կարող իր մտքերը փոխել: Մի անգամ՝ նախորդ տարի եկավ, գյուղում բոլորը իրեն արհամարհեցին, եկավ, որ ժողովրդի հետ հանդիպի, մեջքով շրջվեցին ու գնացին տներով: Մարդիկ չեն ուզում տեսնել Նիկոլին, չեն ուզում խոսել իր հետ, անիմաստ են համարում: Մի մարդ, որ կանգնի ասի Կիրանցի տարածքները մերը չեն, Ադրբեջանինն են, որ ասի մեր քարտեզները կեղծ են, Ադրբեջանինը՝ ճիշտ են, էլ այդ մարդու հետ ի՞նչ խոսենք: Նրան ասելու բան չկա», - ասում է Անդրանիկ Նազարյանը: