Արցախի էներգետիկ ճգնաժամը կանխելու առաջարկները չլսվեցին

Արցախի էներգետիկ ճգնաժամը կանխելու առաջարկները չլսվեցին

Արցախի եւ Հայաստանի էներգետիկ անվտանգային խնդիրների մասին  զրուցել ենք էներգետիկ անվտանգության փորձագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության փոխնախագահ Արթուր Ավետիսյանի հետ։

- Արցախի բլոկադայի ողջ ընթացքում Ադրբեջանը նաեւ էներգետիկ ահաբեկչություն է իրականացնում։ Նախապես հնարավո՞ր էր կանխատեսել այս սցենարը։

- Այն, որ Ադրբեջանը միանշանակ գնալու էր նաեւ էներգետիկ տեռորի Արցախի նկատմամբ, կանխատեսելի էր։ Մինչեւ Բերձորի հանձնումն անգամ, հաշվի առնելով այն, որ ընդամենը մեկ էլեկտրահաղորդման գիծ է մնացել՝ Հայաստանն Արցախին կապող, եւ այդ պահին գազատարի մի փոքր հատվածն էր դեռեւս ադրբեջանական հսկողության տակ, արդեն ակնհայտ էր, որ Ադրբեջանը միանշանակ գնալու է նման սադրանքների։ Եվ մարտ ամսին, երբ այդ փոքր հատվածն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Շուշիի  հատվածում, իրենք կազմակերպեցին, այսպես ասած, վթար, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, փական տեղադրեցին, որպեսզի երբ ուզենան, փակեն կամ միացնեն Արցախի գազամատակարարումը։ 

- 44-օրյա պատերազմից հետո ինչպե՞ս փոխվեց Արցախի էներգետիկ անվտանգային ոլորտը։

- Մինչեւ 44-օրյա պատերազմը Արցախում գործում էին 36 ՀԷԿ-եր, որոնք ապահովում  էին Արցախի էներգետիկ ինքնաբավությունը եւ, հետեւաբար, նաեւ էներգետիկ անվտանգությունը։ Արցախը ոչ միայն ինքնաբավ էր, այլեւ երբեմն-երբեմն, երբ անհրաժեշտություն էր լինում, եւ քանի որ այն ժամանակ Հայաստանի եւ Արցախի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված էին, եւ 3 էլեկտրահաղորդման գիծ էր միացնում Հայաստանն Արցախին, Արցախն օգնության էր հասնում Հայաստանին։ Պատերազմից հետո 36 ՀԷԿ-ից ընդամենը 6-ն է մնացել Արցախի վերահսկողության տակ։ Քարվաճառի շրջանում էր գործում այդ ՀԷԿ-երի հիմնական մասը, եւ այդ 6-ից ամենամեծ հզորություն ունեցողը Սարսանգի ՀԷԿ-ն է, որի վրա Ադրբեջանի կողմից հունվարի 9-ից իրականացված էներգետիկ տեռորից հետո ամբողջ բեռն է ընկել։ Հիմա արդեն հովհարային անջատումները ոչ թե 2 կամ 4 ժամով են, այլ արդեն համակարգը չի դիմանում՝ հոսանքի գծերը, մալուխները, եւ օրերով էլեկտրականության մատակարարում տարբեր թաղամասերում եւ անգամ բնակավայրերում կարող է չլինել։ Համեմատության համար նշեմ, որ այս 36 ՀԷԿ-երի գումարային հզորությունը կազմում էր 188 մեգավատտ, իսկ պատերազմից հետո շուրջ 111 մեգավատտ կորսված է, ընդամենը 75 մեգավատտ հզորությամբ այդ 6 ՀԷԿ-երն են մնացել Արցախի վերահսկողության տակ։

- Ի՞նչ էր պետք անել՝ ապահովելու Արցախի էներգետիկ անվտանգությունն ու բացառելու էներգետիկ տեռորը։

- Երբ դեռեւս ամբողջապես հանձնված չէր Բերձորի միջանցքը, այլ միայն գազատարի մասով ընդամենը շուրջ 3 կիլոմետրի հատվածն էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ ժամանակ հիմնականում մասնագիտական շրջանակներում դիտարկվում էին հնարավոր տարբերակներ, թե ինչպես կարելի է վերատեղադրել, եւ ինչ ծախսեր է հնարավոր իրականացնել, ինչ ներդրումներ։ Բայց այդ ժամանակ մենք չգիտեինք, որ ոչ հեռու ապագայում, ցավոք, նախատեսվում է հանձնել ամբողջ Բերձորի միջանցքը։ Բնականաբար, մեծ գումարների մասին էր խոսքը, որովհետեւ լեռնային շրջաններում գազատար կառուցելը, այն էլ՝ կարճ ժամանակամիջոցում, բավականին մեծ ներդրումների մասին է խոսքը, բայց դա լուծելի խնդիր էր՝ հաշվի առնելով հարցի կարեւորությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանի Հանրապետության, ե՛ւ Արցախի Հանրապետության իշխող վերնախավը տեղեկացված էր, որ Բերձորի միջանցքը հանձնվելու է, հետեւաբար՝ նաեւ ամբողջ գազատարը, Հայաստանն Արցախին կապող էլեկտրահաղորդման գիծը։ Այնուամենայնիվ, հիմա Տեղ-Կոռնիձոր՝ Հայաստանի պետական սահմանային հատվածում աշխատանքներ են ընթանում, որը միանալու է Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհին՝ շուրջ 12 կմ-անոց հատված։ Իսկ թե ինչ կարելի էր անել, եթե դիտարկենք քաղաքականության ու էնեգետիկ անվտանգության տեսանկյունից, ապա այդ աշխատանքները, որ հիմա են ընթանում, պետք է ավելի վաղ սկսված լինեին ու, բնականաբար, ավելի շուտ ավարտվեին, եւ Արցախը նման էներգետիկ կոլապսի եւ հումանիտար աղետի առջեւ չէր կանգնի։ Որովհետեւ, եթե գազատարի մասով հիմա շատ ավելի դժվար եւ բարդ լուծումներ են դիտարկելի, ապա էլեկտրահաղորդման գծի մասով դա պետք էր անել՝ հատկապես որ խոսքը ՀՀ տարածքում շինարարության մասին է։ Բայց ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան 2022 թվականի ամռանը, պետք էր հետաձգել։ Իսկ էներգետիկ առումով հնարավոր էր իրականացնել ավելի փոքր  լուծումներ։ Պետք էր վառելիքի, մասնավորապես՝ դիզելային վառելիքի պահուստներ ստեղծել, դիտարկել ինքնավար փոքր էլեկտրակայանի կառուցման հնարավորությունը, ջերմապոմպային համակարգերի կիրառելիությունն է հավանական։ Ես՝ անձամբ, միջանցքը բացվելուն պես, պատրաստ եմ իմ ընկերների, իմ թիմի հետ մեկնել Արցախ եւ փորձել տեսնել, թե ինչ արագ լուծումներ են հնարավոր այնտեղ իրականացնել։ Ամբողջապես հնարավոր չէ Արցախն ազատել Ադրբեջանի տեռորի ճիրաններից, բայց գոնե մեղմել ու ավելի փոքր եւ ավելի քիչ ցավալի հետեւանքներով կարողանալ լուծել խնդիրները՝ հնարավոր է։