Վարուժան Ավետիսյանն անպատասխանատու հայտարարություն է անում՝ ես չեմ այդ «մայորը»․ Արթուր Վանեցյան

Վարուժան Ավետիսյանն անպատասխանատու հայտարարություն է անում՝ ես չեմ այդ «մայորը»․ Արթուր Վանեցյան

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր ՊՊԾ գունդը գրավելու գործով դատական նիստի ընթացքում պատասխանելով դատախազի հարցերին՝ հայտարարել է, թե սպանված երեք ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի գործի մասին շատ բան գիտի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»,-ասել է Ավետիսյանը։ Hraparak.am-ը դիմեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ հարցնելով, թե ինչի՞ մասին է ակնարկում Ավետիսյանը, ի՞նչ գիտի նա Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանաքների մասին։


«Բացի նրանից, որ Վարուժան Ավետիսյանն ասում է, թե Վանեցյանը շատ բան գիտի այդ դեպքի վերաբերյալ, նա նաև նշում է, որ «մայոր» ներկայացողը և իրենց հետ կապ պահպանողը եղել եմ իբր ես։ Դա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև ես չեմ այդ մարդը, որ իրենց հետ կապ է պահպանել, ավելին՝ այդ ժամանակ ես ունեցել եմ փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ այդ անձը, ով իրենց հետ ռադիոկապով տարել է բանակցությունները և կապ է պահպանել, եղել է ԱԱԾ այլ աշխատակից, որը կա, և եթե կարիք կա, պետք է դիմել ԱԱԾ և, եթե ԱԱԾ-ն նպատակահարմար կգտնի և կբացահայտի այդ անձի ինքնությունը, ուրեմն բոլորը կիմանան, թե ով է այդ անձը։ Ես շատ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ես չեմ եղել ռադիոկապով կապ պահպանող այդ անձը, որին իրենք դիմում էին «պարոն մայոր»-ով»,-մեզ հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

-Այդուհանդերձ, Դուք ինչ-որ բան գիտե՞ք այդ դեպքի կապակցությամբ, Ձեզ ընդհանրապես հայտնի՞ է, թե կրակոցներն ում կողմից են եղել, ի՞նչ ուղղությամբ։

-Այդ ամենի վերաբերյալ մանրամասն քննություն է իրականացվել քրեական գործում և դատաքննության ընթացքում, և այն տեղեկությունները, որոնք այսօր հրապարակվում են, ես դրանցից ոչ՛ ավել, ո՛չ պակաս բան չգիտեմ և չեմ կարող ասել։

-Դուք ցուցմունք տվե՞լ եք այդ քննության ընթացքում։ 

-Ոչ, ինձ որևէ կերպ չեն ներգրավել այդ քրեական գործի շրջանակներում, ես որևէ կարգավիճակ չեմ ունեցել և չեմ մասնակցել այդ քրեական գործի քննությանը։

-Անկախ նրանից՝ ցուցմունք տվել եք, թե ոչ, Ձեզ ինչ որ բան հայտնի՞ է այդ սպանության մասով կամ Ձեր պատկերացմամբ՝ ո՞վ կարող էր սպանել երեք ոստիկաններին, այդ թվում՝ Յուրի Տեփանոսյանին։

-Քննությունը հիմնավորել և ապացուցել է, որ երեք ոստիկանների սպանությունն իրականացվել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների կողմից։ Եվ ես որևէ հիմք չունեմ քննության արդյունքներին չհավատալու։

-Բայց կասկածներ կային, որ ոստիկանների կամ ԱԱԾ-ի դիպուկահարների կողմից արձակված կրակոցներ են եղել, ինչի հետևանքով զոհվել են երեք ոստիկանները։

-Դրանք հերյուրանքներ են, դրանք շահարկումներ են, որով իրական հանցագործներն ուզում են թաքնվել իրավապահ մարմինների հետևում  և իրենց կատարած հանցագործությունները բարդել իրավապահ համակարգի վրա։

-Իհարկե, Դուք այլևս իշխանության մաս չեք կազմում, բայց այն ժամանակ, երբ Դուք ԱԱԾ տնօրեն նշանակվեցիք, «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասի խափանման միջոց կալանքը փոխվեց, և նրանք ազատ արձակվեցին, ինչը հասարակության որոշ շերտի մոտ դժգոհություն առաջացրեց։ Չգիտեմ՝ Ձեր մասնակցությունը եղել է նրանց ազատման հարցում, թե ոչ։ Ամեն դեպքում, Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

-Գիտե՞ք, չեմ ուզենա այս պահին մտնել նման քննարկման դաշտ և պարզաբանումներ տալ։ Ես ունեմ իմ գնահատականն այդ ամենի հետ կապված, և դրա մասին կխոսեմ ինչ-որ մի ժամանակ և հստակ կներկայացնեմ իմ դիրքորոշումը։