Մենք երեկ գրել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Մենք պարզել էինք, թե ինչում են մեղադրում նրան: Նա երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գեււորգյանը։ Տենդերին մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չի կայացել, «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն էլ Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել է նախաքննության մարմինը:
Տենդերի ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները շփվել են էկոնոմիկայի նախարարության եւ մասնավորապես՝ փոխնախարարի հետ, այդ շփումներում իրավապահները կրիմինալ են տեսել։ Չնայած Անի Գեւորգյանը մոտ մեկ տարի առաջ ազատվել է «Սիներջիից»՝ նա երկու մանկահասակ երեխաների մայր է, սակայն նրան էլ են ներգրավել մեղադրանքի շրջանակներում։ Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 7 ձերբակալված անձ կա այս գործով։
Մեր տեղեկություններով, ձերբակալվել են նաեւ «Սիներջիի» տնօրենը եւ եւս մեկ կին աշխատակից։ Այս պահին Երեւանի առաջին ատյանի դատարանում քննվում է կալանքի միջնորդությունը։ Երեկվանից սկսված ձերբակալվածների մեծ մասը կանայք են՝ երիտասարդ տարիքի։ Իշխանությունը թերեւս որոշել է ցուցադրել, որ ոչ մեկը պաշտպանված չէ այս երկրում, կամ՝ Ալեն Սիմոնյանի՝ որպես ԱԺ նախագահ, ոչնչացման գործընթաց են սկսել՝ Արգիշտի Քյարամյանի ձեռքով։
ՀԳ Ի դեպ, ոչ մի կերպ չի հասկացվում, որ եթե էկոնոմիկայի նախարարությունում այսպիսի «բանդա» է գործել, ապա ինչպե՞ս կարող էր այդ բանդայի ղեկավարը նախարարը չլինել եւ չմասնակցեր իր նախարարությունում իրականացվող տենդերներին, տեղյակ չլիներ այդ մեքենայություններից եւ պատասխանատվություն չկրեր դրա համար։ Իսկ դա նշանակում է, որ կամ Վահան Քերոբյանը պետք է Անի Իսպիրյանի կողքի խցում լիներ հիմա, կամ՝ օրենքը բոլորի նկատմամբ չի գործում եւ այս ամենն արվում է Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու սցենարով։