Մեր զրուցակիցը ՀՀ վաստակավար արտիստ Շուշան Պետրոսյանն է։
- Ձեր կարծիքով, ինչո՞վ է այս պատերազմը տարբերվում նախորդներից։
- 90-ականների պատերազմը չեմ տեսել, փոքր էի եւ Երեւանում էի։ Տեսել եմ ռազմաճակատից եկողների, շատ-շատ ընկերներ եմ ունեցել, որոնք գնացին այդ սրբազան պատերազմին, չվերադարձան եւ հիմա հերոսներ են, բոլորիս շուրթերին են նրանց անունները։ Շատերը կան եւ կողքիս են, փառք Աստծո, եւ հիմա դարձյալ այնտեղ են, որտեղ էին 2016 թվականին։ Այս պատերազմի տարբերությունն այն է, որ մենք կռվում ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի դեմ, այսինքն՝ սա ուրիշ պատերազմ է։ Թշնամին միշտ նույնն է եղել, պարզապես այսքան անպատկառ չէին։ Միայն Ադրբեջանին սնելով, դոնորություն անելով, զենք մատակարարելով եւ իրենց չափանիշներով ոգեղեն լավ հիմք ստեղծելով Ադրբեջանի համար․․․ ներկա էին, իրենց անտեսանելի ներկայությունը կար, թեպետ Իսրայելի դեպքում կոնկրետ ներկայությունը կար՝ զենք վաճառելու ձեւով, իսկ հիմա ակնհայտ է ամեն ինչ։
- Դուք տպավորություն ունե՞ք, որ մենք այս պատերազմում միայնակ ենք մնացել։
- Մեծ հաշվով, մենք միշտ էլ մենակ ենք եղել, մենք ենք միշտ մեր գլխի տերը եղել՝ մենք, մեր Աստված, մեր սրբազան պատերազմը, գերագույն գաղափարը, որ հայրենիքն է, որովհետեւ ռազմաճակատի առաջնագծում կանգնած տղան չի մտածում, որ, այ, մեր մեջքին կանգնած են գերտերությունները, չէ, ինքը մտածում է, որ ինքն է, իր հողն է, իր խրամատն է, որ ինքն իր տան պես պիտի պաշտպանի։ Այդպես չէ, այդ մենք ենք այստեղից անպագոռգոռ մտքեր ասում, իսկ կոնկրետ ստատիստները եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ ակնհայտ տեսնում են, թե ինչն ինչոց է։ Ես մի օր մի դեսպանի հարցրի, թե կասե՞ք ինձ՝ դիվանագիտական ի՞նչ հնարքներ եք գործադրում, երբ մեզ կոչ եք անում, որ մենք մեզ ավելի ճիշտ, հավաք եւ խելացի պահենք, եւ նույն կոչն անում եք ադրբեջանցիներին, բայց այդ կոչի հիմքում դաշտում գնդակահարված մշակն է՝ 70 տարեկան պապիկն է, մյուս կողմում էլ ադրբեջանցի դիպուկահարն է, որի յուրաքանչյուր խփած հայի համար, անկախ նրանից՝ խաղաղ բնակիչ է, թե զինվոր, Ալիեւն աստղ է տալիս, կասե՞ք՝ այդ ի՞նչ չափանիշներով եք դուք երկուսին էլ նույն կոչն անում, նույն կոչն անում եք դիպուկահարին ու դիակի՞ն։ Շատ ծանր տարավ այդ հարցս, բայց այդ հարցերը պետք է տրվեին շատ եւ հաճախ։
- Լյուսի Քոչարյանը, որն ԱՄՆ-ից «Խիզախ կին» կոչում է ստացել, ասում է, որ Ձեր՝ «Անունս Արցախ է» երգով փորձում եք մոռացության տալ Ձեր արած-չարածը։ Ի՞նչ «արած- չարած» ունեք, որ փորձում եք մոռացության տալ։
- Մենք այնքան սրբազան բանից ենք խոսում, եկեք այս ավելորդ, անցողիկ բաներից չխոսենք։ Արժեք չունեցող բանին ինչպե՞ս կարելի է անդրադառնալ, մնայուն արժեքն աշխատանքն է, մնայուն արժեքն իմ արցախցիներն են, իրենց գրառումներն են, իրենց զանգերն են, իրենց՝ ինձ ոգի տալն է, այ, դա է արժեքը, մնացածը սին եւ անցողիկ են։
- Արցախի հարցում կա՞ն փոխզիջումի տարբերակներ։
- Ինձ համար՝ չէ, սխալ մարդու եք այդ հարցը տալիս, հակառակը՝ ինձ համար մենք դեռ ունենք Գանձակ, մենք ունենք Շահումյան, Գետաշեն, եւ դա միշտ է եղել, այնպես չէ, որ հիմա առիթ է, եւ խոսում ենք։ Այդ ամենը մոռանալը նշանակում է մոռանալ Մեծ Հայքը, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ ահռելի աշխատանք է արել Հայդատը 100 տարի, նոր սերունդ կա՝ մեծ Հայաստանի, Մեծ Հայքի երազանքով… հրաժարվել եւ զիջել՝ նշանակում է հրաժարվել մեր սրբազան գաղափարից։ Բայց նաեւ ես շատ լավ գիտակցում եմ, որ այդ ամենը պահելու համար մենք պետք է նորմալ երկիր դառնանք, նորմալ տնտեսություն ունենանք, բայց մեկ քայլ հետ գնալը փշրում է մեր բոլոր երազանքները։
- Եթե զիջումների մասին չխոսենք, դիվանագիտական ճանապարհով կա՞ հարցի լուծում։
- Մենք ունենք Սերժ Սարգսյանի փայլուն օրինակը։
- Սերժ Սարգսյանին մեղադրում են, որ 10 տարի զենք չի գնել։
- Այնքան հետաքրքիր է, հիմա ո՞ւմ առած զենքով են կռվում՝ չհաշված վերջին համալրումները, բայց վերջին համալրումները դժվար թե բավարարեին ամիսուկես ձգվող պատերազմին։ Եկեք այդ մասին չխոսենք, ավելի լավ է խոսենք մեր տղերքի զգոնության, արիության, իրար հանդեպ խնամքով վերաբերմունքի մասին, որովհետեւ մենք իրավունք չունենք մեզ այդ շռայլությւոնը թույլ տալու, որովհետեւ թշնամու պատճառով կորուստները շատ են, եւ մենք իրար մեջք պահելով․․․ իսկ նման պատմություններն անվերջ հասնում են նրանց։
- Այսօր շատ է խոսվում ներքին թշնամիների, դավաճանների մասին, մեր շարքերում կա՞ն այդպիսիք, արդյոք դրա ժամանա՞կն է՝ թշնամիներ փնտրելու։
- Դրա ժամանակը չէ միշտ, որեւէ երկրի քաղաքացի իր երկրի հանդեպ երբ թշնամություն է անում, երբ կոչ է անում իր հայրենակցին քարկոծել, դա անհարիր է պետականամետ մտածողություն ունեցող որեւէ երկրի ներկայացուցչի համար։ Պատերազմի ժամանակ առավել զգոն եւ առավել իր մեջքը պահած պիտի լինել։ Ուղղակի պետք է ազատվել այդ չարությունից, մենք այնքան գործ ունենք անելու։ Ձեզ պետք է ինձ քարկոծել, որովհետեւ ես հանրապետակա՞ն եմ, որովհետեւ ես վա՞տ եմ երգում։ Քարկոծեք մտքում, որովհետեւ էներգիան պիտի պահեք զինվորին ծառայելու համար։