«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը՝ Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ

«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանը՝ Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրոն հափշտակելու մեջ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որն այժմ գտնվում է անազատության մեջ, տարիներ շարունակ իր շահերի պաշտպանությամբ զբաղված փաստաբան Տիգրան Եգորյանին մեղադրում է իրեն փոխհատուցած 2500 եվրո գումարը հափշտակելու, վստահորդի վստահությունը չարաշահելու եւ իր պարտականությունները չկատարելու մեջ։

Եղիազարյանը հանցագործության վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն հանցագործության մասին

Ես` քաղբանտարկյալ,«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Պավելի Եղիազարյանս, հայտնում եմ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանի կատարած հանցագործության մասին։

Տեղեկացնում եմ, որ 2016-թվականի հուլիսի 17-ի` մեր ապստամբությունից և հանցավոր ռեժիմի կողմից գերեվարվելուց հետո, փաստաբան Տ. Եգորյանը իր նախաձեռնությամբ, անվճար կերպով, ստանձնել է իմ շահերի պաշտպանությունը։ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո, Տ. Եգորյանը աստիճանաբար դադարեցրեց իր պարտավորությունների կատարումը, իսկ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի դատական ակտի` դատավճռի հրապարակումից հետո ընդհանրապես հեռացավ` չկատարելով «փաստաբանության մասին օրենքի» 20 հոդվածի պահանջը, այն է` «Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է  այդ մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերվող իր մոտ եղած փաստաթղթերը»։ 

Տ. Եգորյանը որևէ կերպ չի ակնարկել, որ հրաժարվում է իրականացնել իմ պաշտպանությունը և որևէ փաստաթուղթ չի փոխանցել ինձ կամ հարազատներիս` ինձ փոխանցելու համար։ Պարզապես, Առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը հրապարակվելուց հետո դադարել է մասնակցել հետագա որևէ գործընթացի կամ կատարել իր պարտականություններից բխող իմ շահերի պաշտպանության հետ կապված որևէ գործողություն...

Եվ, ինչպես հետագան ցույց տվեց, սա դեռևս նախերգանքն էր` Տ. Եգորյանի արատավոր գործունեության «թագ ու պսակի» համեմատությամբ։ 

Այսպես. 

2019 թ. սեպտեմբեր ամսին, սույն պարոնը զանգահարեց, տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը ՀՀ-ին առաջարկել է ինձ հետ հաշտության գալ` կապված ապօրինաբար կալանքի տակ պահելու հետ և կատարել, այսպես ասած` ««բարոյական վնասի փոխհատուցում»»։ Որոշակի քննարկումներից հետո ես տվեցի իմ համաձայնությունը, քանի որ տվյալ ակտով ՀՀ-ն կճանաչեր և կընդուներ իմ իրավունքների խախտումը։
Ընդ որում, պետության կողմից ինձ պատճառված վնասի փոխհատուցման չափի հետ կապված հարցերը թողել եմ «պարոն փաստաբանի» հայեցողությանը, համարելով նրան գիտակ և ազնիվ մարդ։ 
Դրան հաջորդած ամիսներին որևէ լուր չստանալով գործընթացի վերաբերյալ, մի քանի անգամ հարցրել եմ Տ. Եգորյանից, թե ի՞նչ փուլում է տվյալ գործընթացը: Ստացել եմ նույն պատասխանը` «ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ձգձգում է հարցի լուծումը»։

Կարևոր եմ համարում նշել, որ այդ կապակցությամբ համաձայնություն տալիս շեշտել եմ, որ գործընթացն ինձ համար կարևոր է, որպեսզի այն հրապարակելով փաստացի ապացուցեմ, որ մեր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրել  և կրում է քաղաքական բնույթ, և միաժամանակ երկուսը համադրելով, բացարկ ներկայացնեմ գործը քննող «դատավորին» , քանի որ նա նույնպես իր որոշումներով ինձ (մեզ) մեկ տարի ապօրինաբար պահել է կալանքի տակ։ Այսքանից հետո անգամ` Տ. Եգորյանն ինձնից թաքցրել է այն փաստը, որ 2020 թ. փետրվարի 7-ին «հաշտություն» կայացել է, այսինքն, ՀՀ-ն ճանաչել է իմ իրավունքների խախտումը և պարտավորվել է վճարել 2500 եվրոյին համարժեք դրամ փոխհատուցում, որը Տ. Եգորյանը, շեշտում եմ` առանց իմ գիտության և համաձայնության, գրպանել է։

Ավելացնեմ, որ փաստաբան Տ. Եգորյանի վերոհիշյալ արարքի մասին լիովին պատահաբար իմացել եմ  ապօրինաբար կայացված և ոչնչով չհիմնավորված դատավճիռն ուժի մեջ մտնելու արդյունքում ազատազրկվելուց գրեթե 1,5 տարի հետո` 2023 թ. հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին։ Դրանից հետո փորձել եմ կապ հաստատել Տ. Եգորյանի հետ և ստանալ պարզաբանումներ: Երկու անգամ նրա հետ խոսել եմ հեռախոսով, առաջարկել, որպեսզի այցելի ՔԿՀ և փորձենք ամեն ինչ հարթել։
Սկզբում, դեկտեմբեր ամսվա վերջին օրերին նա խոստացավ, որ 2024 թ. հունվարի երկրորդ կեսին կայցելի ինձ, բայց այդպես էլ չեկավ ՔԿՀ: Երբ նրան օրեր առաջ զանգահարեցի` հասկանալու համար, թե ի վերջո պատրաստվու՞մ է գալ, թե՞ ոչ, պատասխանեց, որ հարմար չէ խոսել, խնդրեց զանգահարել օրվա 2-րդ կեսին, որից հետո ընդհանրապես դադարեց  պատասխանել իմ զանգերին։

Պահանջում եմ, որպեսզի փաստաբան Տիգրան Եգորյանը ենթարկվի քրեական պատասխանատվության` իր պարտականությունները չկատարելու և վստահորդի վստահությունը չարաշահելու եղանակով խարդախությամբ  գումար հափշտակելու համար, ինչպես նաև փոխհատուցի ինձ պատճառված նյութական և բարոյական վնասները օրենքով սահմանված կարգով։

Բացի այդ, արդեն 2022 թ. մայիսի 28-ին մեր ազատազրկումից կարճ ժամանակ անց, փաստաբան Տ. Եգորյանը ինձ անհայտ պատճառով և շարժառիթներով պարտավորվել էր դիմել ՀՀ Սահմանադրական Դատարան և վիճարկելու համար 2018 թվականի Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ««ԷՐԵԲՈՒՆԻ ԵՐԵՒԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 2-րդ հոդվածի 11-րդ կետի սահմանադրականության հարցը։ Սակայն, զանազան պատճառաբանություններով, նա օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ոչինչ չարեց ՍԴ դիմելու ուղղությամբ, այդ կերպ` ինձ և ընկերներիս միտումնավոր զրկելով մեր նկատմամբ այդ օրենքի ակնհայտ ապօրինի և հակասահմանադրական դրույթի չեղարկման և  մեր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով կայացված անհիմն և ակնհայտ ապօրինի դատավճիռը այդ հիմքով բեկանելու հնարավորությունից։

Ավելացնեմ նաև, որ ի թիվս մի շարք այլ գործոնների` փաստաբան Տ. Եգորյանի վերը նշված գործողություններն են նաև հնարավորություն տվել քաղաքական իշխանությանը` դատական քննության իմիտացիայի միջոցով բացահայտ քաղաքական հետապնդումը` հասցնել  ավարտական փուլին` երկարաժամկետ ազատազրկման դատապարտելով ինձ և ընկերներիս»։

Մենք փորձեցինք կապ հաստատել Տիգրան Եգորյանի հետ, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։