TikTok կամ «դարի սպառնալիքը»․ Արևմուտքը մեծ դեմարշ է սկսել

TikTok կամ «դարի սպառնալիքը»․ Արևմուտքը մեծ դեմարշ է սկսել

Անցնող օրվա ուշագրավ թրենդը, թերևս, համաշխարհային բրենդ դարձած ու բազմամիլիոն լսարան ունեցող TikTok սոցիալական ցանցի շուրջ ստեղծված իրարանցումն է։ Այն այնքան լայնորեն քննարկվեց միջազգային մասմեդիայում, որ սպառնաց ստվերել ռուս-ուկրաինական հակամարտության թեման, որի շուրջ է, կարծես, վերջին մեկ տարին պտտվում բովանդակ աշխարհը։

Չեխիայի խորհրդարանում այսօր կայացված որոշման համաձայն՝ երկրի պատգամավորներին, նրանց օգնականներին ու ամբողջ պառլամենտի աշխատակիցներին, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել են օգտագործել Չինաստանում մշակված TikTok սոցիալական ցանցը՝ պնդելով, որ բջջային հեռախոսներից և էլեկտրոնային սարքերից այդ հավելվածը ջնջվի։ 

Ավելի վաղ, նման որոշում էր ընդունվել՝ կապված Պրահայի քաղաքապետարանի հետ՝ միևնույն պատճառաբանությամբ՝ սպառնում է երկրի անվտանգությանը։

Այսօր տեղեկություն ստացվեց նաև, որ նման միջոցի է մտադիր դիմել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը՝ դարձյալ անվտանգության նկատառումներով։ Մինչ այդ, մարտի 16-ին Լանկաստերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելում է պաշտոնական շարժական սարքերում պաշտոնյաների կողմից TikTok-ի օգտագործումը։ 

Նա նշել է, որ հավելվածը կարող է պոտենցիալ պահել և փոխանցել օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին՝ ներառյալ նրանց կոնտակտները և աշխարհագրական դիրքը: Դաուդենն ընդգծել է, որ արգելքի որոշումը կայացվել է բրիտանական հետախուզական գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա։ 

TikTok-ի մամուլի ծառայությունը, ի պատասխան բրիտանական իշխանությունների գործողությունների, հիասթափություն է հայտնել սոցցանցի նկատմամբ մոտեցումների խստացման կապակցությամբ։ Սոցցանցում նշել են, որ իրենք պատրաստ են քննարկել ծագած մտահոգությունները Միացյալ Թագավորության կառավարության հետ, սակայն դրանք «պետք է հիմնված լինեն փաստերի վրա»։ Հայտարարության մեջ ասվում է, որ TikTok-ը պահանջում է նույն վերաբերմունքը, ինչ մյուս սոցիալական ցանցերը։

Իրականում, եթե համադրենք երևույթի ի հայտ գալու ժամանակահատվածն ու դրա բուն էությունը, կհասկանանք, որ սա հավաքական Արևմուտքի յուրօրինակ, ոչ ֆորմալ, եթե կուզեք՝ տեղեկատվական արձագանքն է՝ Չինաստան-ՌԴ մերձեցմանը։ Այս ամենը կատարվում է այն ժամանակ, երբ Չինաստանի առաջնորդը Կրեմլում բանակցեց ՌԴ նախագահի հետ, հայտարարվեց երկկողմ հարաբերությունների խորացման և դաշնակցային զարգացման մասին։

ԱՄՆ-ն, իբրև Արևմուտքի դասական լիդեր, այս ամենին առավել լուրջ փաթեթավորում տվեց։ Սպիտակ տունը TikTok սոցիալական ցանցը դիտարկում է որպես երկրի ազգային անվտանգության սպառնալիք, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա ընդգծել է, որ դրան պետք է «այսպես թե այնպես վերջ տալ»։

Հավելենք, որ TikTok սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս վերբեռնել կարճ տեսանյութեր, գործարկվել է 2017 թվականին, դրա միջազգային տարբերակը՝ 2018 թվականի օգոստոսին։ Ցանցի սեփականատերը չինական ByteDance տեխնոլոգիական ընկերությունն է։

Արա Ալոյան