Բերդում ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնածների դեմ քրգործ է հարուցվել

Երեկ Բերդ համայնքում ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրել՝ հավաքելով ձայների ընդամենը 17.1 տոկոսը, իսկ հաղթել է «Զորավոր հայրենիք» դաշինքը՝ 82․9 տոկոսով։ Ընտրությունների հաջորդ օրը արդեն Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել հարուցված քրեական գործի մասին, ըստ որի՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը․ իբր թե հարկադրել են, որ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ԺՊ-ն հօգուտ հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի քարոզչություն իրականացնի։
«Զորավոր համայնքը», հիշեցնենք, կազմված է Ռեֆորմիստների և «Իմ հզոր համայնք» կուսակցություններից։ Քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ գործով այս 2 մեղադրյալները կձերբակալվեն։ Բերդի համայնքապետարանից մեզ ասացին, որ աշխատակազմի ղեկավարը դեռ ձերբակալված չէ, իսկ Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով «Զորավոր համայնքի» ցուցակի առաջին համարն է, արդեն 11 ամիս է կալանավորված է։
Մեղադրյալներ Հասմիկ Մելիքյանի և Լևոն Առաքելյանի հետ կապ հաստատել մեզ դեռևս չհաջողվեց, վերջիններս զանգերին չեն պատասխանում։ Խոսեցինք Ռեֆորմիստների առաջնորդ Վահան Բաբայանի հետ, նա ասաց, որ կոնկրետ այս դեպքով մեկնաբանել չի կարող, սակայն մեջբերեց իր երեկ արած գրառումը, որ ուրախանալու համար դեռ շուտ է․
«Դե այս պայմաններում ինչ-որ մի այլ բան ես չէի էլ սպասում, դրա համար ես երեկ իմ էջում գրել էի, որ ոգևորվել պետք չէ, քանի որ նույնիսկ այն տեղերում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել, դեռ հարցական է, թե ով է հաղթել և ինչ իրավիճակ կլինի, որովհետև վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ տեղեր են եղել, որտեղ ակնհայտ հաղթած ուժերը կամ թեկնածուների նկատմամբ ընթացքում տեղի են ունեցել ճնշումներ, տարբեր տեսակի գործիքակազմ են օգտագործել և արդյունքում խնդիրներ են առաջացել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Վանաձորում հաղթած Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ կալանավորված է։
Կարծիքներ