Մեկի անունը տվեք՝ գա կանգնի դեմս, ուղիղ թքեմ աչքերի մեջ

Մեկի անունը տվեք՝ գա կանգնի դեմս, ուղիղ թքեմ աչքերի մեջ
Վարդևան Գրիգորյան

Գյումրիում, ինչպես հայտնի է, կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» պարտություն կրեց գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքին` քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանին: Դաշինքը ստացավ 9 հազար 637 ձայն կամ 36.31 տոկոս, ՔՊ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն էր,  ստացավ 7 հազար 786 ձայն կամ մասնակցած անձանց ձայների 29.36 տոկոսը։

Քանի որ «Բալասանյան դաշինքը» 50+1 տոկոս ձայն չի հավաքել, ուստի պետք է կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունն իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել էր Գյումրիում։ Մեզ ասացին՝ անգամ Գյումրիի ընդդիմադիր կամ երբեմնի ընդդիմադիր հայտնի դեմքերն են ՔՊ-ին աջակցել, նրանց օգտին աշխատել, օրինակ՝ ԲՀԿ-ի նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը՝ Ապարը։ Նրանց կամ նրանց շրջապատի մարդկանց տեսել են ընտրության օրը ՔՊ-ի շտաբում եւ ՔՊ-ականների հետ։

Վարդեւան Գրիգորյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքն աջակցել է ՔՊ-ին։

- Պարոն Գրիգորյան, Ձեզ շնորհավորե՞նք, որ «Բալասանյան դաշինքը» գրեթե հաղթեց ընտրություններում կամ ՔՊ-ն գրեթե պարտվեց Գյումրիում։

- Ինչի՞ համար․․․ Չէ, ճիշտն ասած, ես չեմ մասնակցել ընտրություններին, հրաժարվեցի մասնակցելուց ու էդպես հանգիստ մնացի էս անգամ։

- Եվ ոչ մեկի չե՞ք աջակցել։

- Արի էդ մնա իմ մեջ, էլի։

- «Սերս գաղտնի՞ թող մնա», փաստորեն։

- Հա։ Ես ասացի՝ չեմ մասնակցել էս անգամ ընտրություններին։

- Բայց Գյումրիից մեր աղբյուրներն ասում են, որ Դուք ՔՊ-ին եք աջակցել, Ձեզ ՔՊ-ի շտաբում են տեսել։

- Էլ ուրիշ բան չունես ասելու, ի՞նձ ես խոսեցնում (ծիծաղում է՝ խմբ․)։

- Բա ո՞ւմ խոսեցնեմ, Դուք եք Գյումրիի հայտնի Վարդեւան Գրիգորյանը, Դուք Գյումրիում պակաս մարդ չեք, չէ՞։

- Չէ, իհարկե, ո՞վ է ասում․․․ ընդհանրապես ՔՊ-ի հետ որեւէ առնչություն չունեմ, որեւէ։

- Իրենց շտաբում չե՞ք էլ եղել։

- Ինչի՞ մասին է խոսքը, այ Վահե ջան, էդ ի՞նչ հերյուրանքներ են։ Ազնվությամբ՝ ես չգիտեմ էլ, թե իրենց շտաբները որտեղ են։

- Ասում են՝ Վարդան Ղուկասյանն էլ է իրենց աջակցել։

- Էէէէ, ի՞նչ ես խոսում, ոնց որ ես, նույն ձեւով՝ Վարդան Ղուկասյանը, ընդհանրապես չի խառնվել։ Վարդան Ղուկասյանը կխառնվեր, եթե ես առաջադրվեի։

- Ձեզ աջակցելո՞ւ համար։

- Հա։ Նույն ձեւով, եթե ինքն առաջադրվեր, ես կաջակցեի իրեն։

- Դուք հիմա հերքում եք, բայց Գյումրիում մենք ծանոթներ ունենք, որոնք ասում են՝ Ձեզ, Վարդան Ղուկասյանին, ձեր թիմակիցներին տեսել են ՔՊ-ի գրասենյակներում։

- Էէէէ, ի՞նչ ես խոսում, էդ ո՞վ են էդ ձեր էդ աջակիցները, ձեր էդ թիմակիցները, որ նման զրպարտանքով են զբաղվում։ Մեկի անունը տվեք՝ գա կանգնի դեմս, ուղիղ թքեմ աչքերի մեջ։ Ես քեզ հետ մարդավարի խոսում եմ, ասում եմ, որ ընդհանրապես որեւէ առնչություն չեմ ունցել։ Ես՝ անձամբ, հրաժարվել եմ մասնակցելուց, էդ մասին տեղյակ եմ պահել նաեւ ԲՀԿ-ի ղեկավարությանը՝ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ քննարկվում էր էդ հարցը՝ մասնակցության-չմասնակցության, թեկնածուներից մեկն էլ ես էի, եթե ԲՀԿ-ն մասնակցեր, բայց ես հենց սկզբից հրաժարվել եմ մասնակցելուց։

- Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները, հատկապես, որ Գյումրիում, զարմանալիորեն, ամենացածր մասնակցությունն է գրանցվել՝ ընդամենը 24 տոկոս։

- Ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր անակնկալ, որովհետեւ 30 տարուց ավել ես էդ ընտրություններին տարբեր կարգավիճակներով մասնակցել եմ եւ նման ցածր մասնակցություն երբեւիցե չէի էլ մտածում, որ կարող է լինել։

- Եվ իշխանությունները, անգամ այդ ցածր մասնակցության պարագայում, պարտվեցին՝ նախորդ ընտրությունների համեմատ շուրջ 21  հազարով պակաս ձայն հավաքելով։

- Գիտե՞ք, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն իրենց առանձնահատկություններով լրիվ տարբեր ընտրություններ են։ Էնտեղ գիտե՞ք ինչ է, ոչ թե կուսակցությանն են ընտրում, այլ էնտեղ ավելի շատ անհատն է դեր խաղում։

- Չկայի՞ն ուժեղ անհատներ Գյումրիում, որոնց կգնային ու «դուխով» ձայն կտային գյումրեցիները։

- Կային, ինչի՞ չկային, բայց շատերը չմասնակցեցին։

- Քանի որ «Բալասանյան դաշինքը» բացարձակ մեծամասնություն չունի եւ ստիպված է լինելու կոալիցիա կազմել որեւէ ուժի հետ, ի՞նչ եք կարծում, ո՞ր ուժի հետ կձեւավորի։

- Դա չեմ կարող ասել, որովհետեւ նույն «Բալասանյան դաշինքը», ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, պաշտպանելու էր ՔՊ-ի թեկնածուին։ Հիմա իրենք հաղթել են, իրենք կուզենա՞ն, որ իրենց հաղթանակը նվիրեն ՔՊ-ին։ Կա՛մ իրենք պիտի դառնան քաղաքի իշխանություն, կա՛մ ՔՊ-ի հետ պիտի միանան ու ՔՊ-ի թեկնածուին դարձնեն քաղաքապետ։ Էդ տարբերակներից մեկն է լինելու, իմ կարծիքով։

- Իսկ եթե այլ ուժի հետ կոալիցիա կազմի, ըստ Ձեզ, ո՞ր ուժի հետ կկազմի՝ «Զարթոնք»-ի՞, թե՞ ՀՀԿ-ի։

- Չեմ կարող ասել, թե ինչ նպատակներով են մասնակցել։ Իհարկե, ընդհանուր նպատակը հասկանալի է՝ քաղաքային իշխանություն դառնալը, բայց նման դեպքերում ինչ մոտեցումներ կցուցաբերեն, ում հետ կմիանան, չեմ կարող ասել։