Ժողովուրդը դեղնակտուցների կառավարության կողմից էր, որովհետեւ խոստումներ էին տալիս

Ժողովուրդը դեղնակտուցների կառավարության կողմից էր, որովհետեւ խոստումներ էին տալիս

Անկախության հռչակագրի երեսնամյակի առիթով Ազգային-ժողովրդավարական բեւեռի կողմից երեկ կազմակերպված քաղաքական քննարկմանը ներկա էր նաեւ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Նրա հետ զրույց ունեցանք՝ հարցնելով նրա կարծիքը ներքաղաքական մի քանի թեմաների վերաբերյալ։

- Պարոն Հախվերդյան, հեղափոխությունից արդեն 2 տարի է անցել․․․

- Դուք դա համարում եք հեղափոխությո՞ւն։

- Դուք ա՞յլ կերպ կբնութագրեք։

- Չէ․․․ ինձ թվում է՝ դա նախօրոք մտածված բան էր, որ Սերժին փոխարինեն Նիկոլ Փաշինյանով։

- Այս 2 տարիների ընթացքում հասարակական կյանքում որեւէ փոփոխություն նկատե՞լ եք։

- Բանակի հարցում՝ անշուշտ։ Գիտեք՝ մարդիկ կան, որ կա՛մ սեւ են տեսնում, կա՛մ սպիտակ, թատերական լեքսիկոնով ասած՝ լավ դերաբաշխումներ արված են։ Օրինակ՝ մեր զորքերի ընդհանուր հրամանատարը շատ հրաշալի անձնավորություն է, եւ մենք բոլորս էլ գիտենք, թե ոնց ա նա բանակը պահում։ Գուցե մի 2 հոգի էլ կան այնտեղ, բայց ես, օրինակ, չեմ հասկանում, թե ինչու է կրթության եւ մշակույթի նախարարը դեռ իր տեղում, որովհետեւ նա ո՛չ կրթության, ո՛չ էլ մշակույթի հետ կապ չունի։

- Կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունները շատ են քննադատվում՝ կապված Հայոց պատմության, Հայ եկեղեցու պատմության հետ։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

- Հայոց պատմության առումով ես կարող եմ ասել, որ․․․ Սովետական Միության ժամանակ մենք անցնում էինք 4 պատմություն՝ Հայ ժողովրդի պատմություն՝ կեղծված, Ռուս ժողովրդի պատմություն, ՍՍՀՄ պատմություն, հասարակագիտություն։ Բոլորը կեղծված էր։ Մեր սերունդը լավ չէր հասկանում հայկական ազատագրական պայքարի պատմությունը, ուղղակի չգիտեր, մենք տեղեկություն չունեինք։ Այդ ամենը սկսվեց Եղեռնի հուշահամալիրը կառուցելուց հետո, մարդիկ սկսեցին մտածել։ Վերջապես՝ մատաղ սերունդը պետք է լավ իմանա մեր ազգային-ազատագրական շարժման բուն դրդապատճառները, սխալները, որոնք մենք արել ենք քաղաքական հարցերում, եւ օբյեկտիվորեն այն լավ բաները, որոնք արել ենք, որպեսզի մենք կարողանանք մեր սխալների վրա սովորել, այլ ոչ թե ուրիշների։

- Քաղաքացիները հաճախ են բողոքում դիմակներից, նշում են, որ ամեն օր տուգանվում են։ Ձեր կարծիքով՝ դիմակները գործո՞ւն միջոցներ են։

-  Իմ կարծիքով՝ ոչ, որովհետեւ 20 րոպե հետո այն իր ուժը կորցնում է։ Ճիշտ է, այնտեղ, որտեղ մեծ հասարակություն է հավաքված, եւ միմյանց մոտիկ են կանգնում, կարող է պատահել, որ էդպիսի բաներ շատ լինեն, դրա համար պետք է մի քիչ զգույշ լինել ուղղակի, մեծ հավաքների չգնալ եւ այլն։ Կորոնավիրուսն ինձ այցելել է 3 օրով եւ սարսափահար փախել ինձնից, երեւի որովհետեւ ինձ մոտ իմունիտետի հարցը լավ է դրված։

- Պարոն Հախվերդյան, մարդիկ սկսե՞լ են լավ ապրել։

- Մարդիկ սկսել են հիասթափվել ներկա կառավարությունից։ Այսինքն՝ ես սկզբից էլ շատ շոյիչ խոսքեր չեմ ասել իրենց մասին, բայց մեղմ եմ խոսել այն սխալների մասին, ինչի մասին այսօր խոսվում է, որովհետեւ, այնուամենայնիվ, ինչ-որ սպասելիքներ ունեի այս կառավարությունից, ինչպես նաեւ՝ մեր ամբողջ ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը զզվել էր էն կոռուպցիոն համակարգից, որ ստեղծել էին Լեւոնը, Ռոբերտը, հետո նաեւ՝ Սերժը։ Երեքն էլ, կարծում եմ, Կրեմլի գործակալներ են։

- Հիմա կոռուպցիա չկա՞։

- Կոռուպցիա ամեն տեղ կա, բայց այդ կոռուպցիայի չափը մենք վաղուց-վաղո՜ւց անցել ենք։

- Օրինակ՝ ասում են, որ պարգեւավճարներն օրինական կոռուպցիա են, Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ պարգեւավճարների մասին։

- Նույն կարծիքին եմ։ Ես կարծում եմ՝ մենք պետք է նաեւ հասկանանք, թե մարդու մինիմալ աշխատավարձն ինչքան է։ Ես որպես օրինակ եմ ինձ բերում, ինձ իրենց տված թոշակը շատ չի հետաքրքրում․ ես ստանում եմ 30 հազար դրամ, բայց քանի որ որեւէ մի տեղ կցված չեմ, դրա համար եմ այդքան ստանում, բայց, օրինակ, ես կես տարի պահել եմ աղքատների ճաշարան, բազմաթիվ բարեգործական համերգներ եմ տվել զոհվածների ընտանիքների համար, էդ ամենը չի՞ մտնում աշխատանքի մեջ՝ ես չեմ հասկանում։

- Գործող իշխանություններն ասում են, որ իրենք, օրինակ, ընտրակաշառք չեն տվել, ազատ-անկախ ընտրություններ են անցկացրել․․․

- Այո, որովհետեւ ժողովուրդը՝ մանավանդ երիտասարդությունը, նրանց կողմից էր՝ դեղնակտուցների կառավարության, որովհետեւ նրանք խոստումներ էին տալիս, որոնք բոլորի սրտով էին, բայց երբ խոստումները չկատարվեցին, եւ ոչինչ չփոխվեց, դրանից հետո․․․ հիմա ժողովուրդն ում որ բարձրացրել էր, դուրս կշպրտի այդ տեղերից։

- Ընդդիմադիր քաղաքական ուժերն ասում են, որ իշխանության հրաժարականի պահը հասունացել է, Դուք զգո՞ւմ եք զարկերակը, կա՞ նման բան։

- Այո։

- Ինչո՞վ է դա պայմանավորվում։

- Իրենց վատ կառավարելով։

- Դուք ասում եք՝ վատ են կառավարում, Փաշինյանն էլ ամեն անգամ «100 փաստ» է բերում ու ասում, որ ինչ խոստացել է, արել է։

- Ես չգիտեմ ինքն ինչեր է խոստացել, սկզբում լավ էր երգում, բայց հիմա, կարծես թե, էդ իր երգերը ֆալշ նոտաներ են պարունակում իրենց մեջ։ Մի բան է հեղափոխություն անելը, մեկ այլ բան է երկիր կառավարելը, եւ ես չեմ կարծում, որ նրա վարած քաղաքականությունն ազգանվեր գործունեություն է։ Ես կարող եմ օրինակ բերել Ամուլսարի պատմությունը, որի նկատմամբ նա կրավորական դիրքորոշում ունի։ Դա արդեն հայակործան բան է, երբ քո ղեկավարն ընդունում է այդ փաստը։ Եթե Ամուլսարն իսկապես շահագործվի, Հայաստան չի լինի, դա ավելի վտանգավոր կլինի, քան ադրբեջանական բախումները։

- Ադրբեջանական բախումների վերաբերյալ՝ Արցախի հարցով վտանգներ զգո՞ւմ եք։

- Այո։ Տարբեր խմբավորումները, կուսակցություններն այնքան են շատացել, որ պետք է գաղափար, որը կմիավորի մարդկանց, եւ պետք են մարդիկ, որոնք անձնվեր, անձնազոհ կերպով են վերաբերվում մեր այս դրությանը։

- Հիմա չկա՞ այդ գաղափարը, որը միավորում է։

- Գաղափարը կա, բայց կառավարությունը․․․ շատ-շատերը գիտեն, որ նրանց մեջքին կանգնած են օլիգարխներ, որոնք նրանց վճարում են, եւ նրանք ասում են, որ ամեն ինչ կարգին է։