Վրաստանի լավ օրինակը եւ Հայաստանի խուլհամրությունը
Եթե փորձենք հնարավորինս սեղմ բնութագրել Վրաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա կարելի է ասել, որ Վրաստանի եղբայրական ժողովուրդն ընտրություն կատարեց խաղաղության եւ խաղաղության միջեւ՝ խաղաղության արեւմտյան եւ սեփական մոդելի միջեւ՝ ընտրելով վերջինը: Միանգամայն այլ հարց է, որ Վրաստանի այս ընտրությունը շատ ավելի շահեկան էր Ռուսաստանի, քան Արեւմուտքի համար: Շուտով, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն, եւ այդ երկրի նորընտիր իշխանությունն իր առաջին քայլերն անի սեփական ծրագրերի ուղղությամբ, կհանդարտվեն նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը, Վրաստանի հետ նրանց երկխոսությունը կմտնի բոլորովին այլ հուն, կփոխվեն այսօրվա խոսույթները: Միով բանիվ՝ Վրաստանն ազատվեց Սահակաշվիլու ժամանակների կոշմարներից՝ խուսափելով հակամարտող բեւեռների միջեւ գնալով թափ հավաքող պայքարների թիրախ դառնալուց: Դեռ մի փոքր վաղ է ասելը, որ Վրաստանը, ըստ էության, դարձավ «չեզոք» պետություն եւ իրեն ապահովագրեց արտաքին ներխուժումներից, բայց որ շատ կարեւոր քայլ կատարեց այդ ուղղությամբ, կարծում եմ, աներկբա է:
Վրաստանի քայլը կրկնել կարող են նաեւ Մոլդովան եւ Ուկրաինան: Ընդ որում՝ Մոլդովան կարծես թե արդեն գնում է այդ ուղղությամբ: Այնտեղ տեղի ունեցած ընտրություններում գործող արեւմտամետ նախագահն առաջին փուլով չընտրվեց, ձախողվեց նաեւ ընտրություններին զուգահեռ անցկացվող՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն, չնայած այն բանին, որ ԵՄ-ն արդեն իսկ Մոլդովային պաշտոնապես շնորհել էր թեկնածու երկրի կարգավիճակ: Ի՞նչ է տեղի ունենում: Արդյո՞ք ԵՄ-ին սահմանակից Մոլդովան նույնպես ձգտում է գնալ նույն ճանապարհով, որ ընտրեց հարավկովկասյան Վրաստանը՝ խուսափել Ռուսաստան-ՆԱՏՕ մեծ առճակատումների հերթական թատերաբեմը դառնալու հեռանկարից՝ թիկունքում ունենալով թե՛ իրեն զարգացման հեռանկարներ ապահովող Ռուսաստանը եւ թե՛ եվրոպական ազգակից-բարեկամ Ռումինիան: Իսկ ի՞նչ էր տալու Մոլդովային ՆԱՏՕ-ի առաջխաղացումն իր ուղղությամբ՝ պատերա՞զմ, ինչպես Ուկրաինայում…
Ուկրաինայի ձախավեր նախագահ Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանի ընտրություններում հաղթեց Ռուսաստանը, որ Վրաստանն այս ընտրությամբ կորցրեց իր ազատությունը: Արջը, ասում են, յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է: Ի՞նչ բացատրես Զելենսկուն, եթե նրա մտքում միայն Ռուսաստանին հաղթելն է, ընդ որում՝ ոչ թե իր, այլ՝ Արեւմուտքի ուժերով: Ամեն անգամ նա մի նոր հայտարարություն է անում այն մասին, որ արեւմտյան գործընկերները (թե Արեւմուտքը քեզ ի՞նչ գործընկեր) ուշացնում են հեռահար զենքերի մատակարարումներն ու ուկրաինական բանակի ֆինանսավորումը: Այլապես ինքը կկարողանար Ռուսաստանի խորքերին հարվածել ու խաղաղություն պարտադրել այդ միջուկային գերտերությանը: Վրաստանի ժողովրդի ընտրության նկատմամբ հարգանքի մասին էլ խոսք չկա՝ այնտեղ, հասկանում ես, ըստ Զելենսկու՝ հաղթել է Ռուսաստանը:
Զելենսկին նաեւ շատ վստահ հայտարարել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում, 2-3 տարուց տեղի կունենա Մոլդովայում, եթե Արեւմուտքն ուշանա: Այսինքն, ի՞նչ տեղի կունենա՝ խաղաղությո՞ւն կհաստատվի, Մոլդովան կդառնա սեփական արտաքին ու ներքին քաղաքականություն վարող լիարժեք պետությո՞ւն, կկարողանա ինքնուրույն իր անվտանգությո՞ւնն ապահովել: Ի՞նչ կա այս ամենի մեջ մերժելի եւ կամ, որ տարօրինակ է, վախենալու: Իսկ գուցե Ուկրաինային այդ ամենը պետք չէ՞: Իսկ գուցե խայտառակություն չէ՞, որ Ռուսաստանից հետո երկրորդ մեծ տնտեսությունն ունեցող հետխորհրդային Ուկրաինան այսօր ամենաաղքատ երկիրն է Արեւելյան Եվրոպայում, խայտառակություն չէ՞, որ աշխարհին հաց մատակարարող, զարգացման մեծ հեռանկարներ ունեցող ծանր արդյունաբերությամբ, ինքնաթիռաշինությամբ, հարուստ ընդերքով, մարդկային մեծ ռեսուրսով եւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ էներգակիրների տարանցման հսկայական հնարավորությամբ այդ երկիրն այսօր գոյության կռիվ է մղում՝ անլուր տառապանքների դատապարտելով սեփական ժողովրդին: 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցածը դաս չէ՞ր Ուկրաինայի համար, թե՞ պետք էր Ղրիմը կորցնել, Դոնբասը կորցնել, զրկվել էներգահամակարգի կարեւորագույն հանգույցներից, մարդկային հսկայական կորուստներ ունենալ ու այդքանից հետո էլ խելքի չգալ եւ շարունակել անիմաստ պատերազմը: Հարց է առաջանում՝ Ուկրաինայի ժողովուրդը կհանդուրժե՞ր այս խայտառակությունը, կներքաշվե՞ր իր ազգակիցների դեմ պատերազմի մեջ, եթե 2014-ին Արեւմուտքն այնտեղ իշխանության չբերեր «Մայդանին»: Հազիվ թե: Հազիվ թե ուկրաինացի ժողովուրդն այսօր կամ վաղը քվե տա Զելենսկու «կառավարությանը», երբ այդ երկրում վերջապես ընտրություններ կայանան: Ժողովուրդը հոգնել է պատերազմից ու ավերներից, չի ուզում այլեւս տարածքային կորուստներ ունենալ, ժողովուրդը հասկացել է արդեն, որ արեւմտյան համբուրգերները չեն այն մեծագույն արժեքները, որոնցով հնարավոր է պետություն ու անկախություն պահել: Իսկ ընտրություններ, ինչքան էլ «գործընկերները» Զելենսկուն արհեստականորեն պահեն պետության ղեկին, միեւնույն է, Ուկրաինայում տեղի կունենան, եւ խաղաղությունը կվերահաստատվի այդ մեծ ու բազմաչարչար երկրում:
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք խուլ ու համր ենք այս պրոցեսների նկատմամբ, կարծես դրանք մեզ չեն վերաբերում: Մինչդեռ մենք թե՛ պատերազմներ տեսանք, թե՛ հազարավոր զոհեր տվեցինք, թե՛ տարածքային կորուստներ ունեցանք, թե՛ տնտեսապես տկարացանք եւ թե՛ արհամարհված օբյեկտի վերածվեցինք միջազգային հանրության աչքին: Ցույց տվեք այս ամենին ընդդիմանալու գեթ մեկ փորձ, որ կատարել է Հայաստանի «ընտրված» իշխանությունը: Չեք գտնի: Փոխարենը թվարկելով չի վերջանում ՀՀ իշխանությունների ձախողումների շղթան, մուրացկանությունը դարձել է ՀՀ արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը, զարգացման ոչ մի հեռանկար, սուտ, սուտ, սուտ, ծածկադմփոց, կեղծիք, խաբեություն, ներքին սնանկություն, բարոյալքված բանակ… Ու մի Զելենսկու չափ էլ չկա քո «առաջնորդը», որ թռնի Արեւմուտքի «դեմքին», պահանջի, որ իրեն օգնեն՝ երկիրն այս վիճակից հանելու համար: «Խաղաղության խաչմերուկ», «Ալմա-Աթայի հռչակագիր», «սահմանազատում», «սահմանագծում», «հեծանիվը ցավ է», «հեծանիվն ապագա է», «կեցցե հեծանիվը»… Եվ այս «առաջնորդի» երեւակայությունը սահմաններ չունի: Եվ այս առաջնորդը, որ կապիտուլացվել է պատերազմում, որի խղճին են մեր հազարավոր զոհերն ու տարածքային կորուստները, որ Արցախը «դուխով» հայտարարեց Ադրբեջանի մաս, որ իր «խաղաղության» կոնցեպտով դատարկեց Արցախն ու թշվառության դատապարտեց մի ողջ ժողովրդի, շարունակում է պաշտոնավարել աշխարհաքաղաքական մեծ պրոցեսների հանդեպ խուլ ու համր Հայաստանում: Կկարողանա՞ր նա պաշտոնավարել 2021 թվականից հետո, եթե Հայաստանի ժողովուրդը խուլ ու համր չգտնվեր իր ապագայի ու ճակատագրի հանդեպ, եթե հայ ժողովուրդը չհավատար նրա կեղծ խոստումներին եւ, ձեռքից առնելով բանտիկով մուրճը, այն մտցներ կապիտուլյանտ իշխանությունների համապատասխան տեղը: Եվ, գալով Վրաստանի ընտրություններին, դարձյալ փաստենք՝ մեր հարեւանները, որ 2008թ. արհավիրքից հետո մերժեցին իրենց կապիտուլյանտ իշխանություններին եւ բոլորովին վերջերս էլ նոր հաղթանակ տարան արեւմտյան արկածախնդրության նկատմամբ, իսկապես արժանի են օրինակ հանդիսանալու մեզ համար: Նրանք գիտեն խաղաղություն կառուցել, իսկ մենք այդ խաղաղությունը մուրալ գիտենք միայն:
Կարծիքներ