Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը, ով մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու փողերի լվացմանը հանցակցելու մեջ, օրեր առաջ ազատ է արձակվել: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը
«Այո, Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել, մի քանի օր առաջ, հստակ օր նշել չեմ կարող», - նշեց նա: 

Հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել, մեր զրուցակիցը շեշտեց. «Ազատ է արձակվել, բայց քաղաքից չբացակայելու…. այլևս չեմ կարող խոսել, այսքանը հերիք է»,- նշեց նա: 

Մենք նաև հետաքրքրվեցինք, ներկայացվե՞լ է արդյոք միջնորդություն Արտակ Գալստյանին ևս ազատ արձակելու մասին: Երեւանի ընտրություններից եւ մանավանդ՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո շատերը պնդում են, որ Դոգի «Հանրային ձայնը» գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ քվորում ապահովել՝ իր անդամների ազատ արձակման դիմաց, Նանա Սարգսյանն ասաց. 

«Գալստյանի մասով դեռևս ոչինչ ասել չենք կարող, ինչ վերաբերում է գործարքի գնալուն, ապա դա անհեթեթություն է և անգամ ծիծաղ է առաջացնում՝ դատարանի որոշումը վերջնական չէ, գործընթացը շարունակվելու է»: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանի ավագանին քաղաքապետ ընտրեց ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանին։ Եւ այդ ընտրությունն իրականացվեց «Հանրապետություն» կուսակցության անմիջական մասնակցությամբ եւ այն բանի շնորհիվ, որ «Հանրային ձայն» կուսակցությունն ապահովեց քվորում։ Եթե քվորում չլիներ եւ քաղաքապետ չընտրվեր, իշխանությունները ստիպված կլինեին նոր ընտրություններ նշանակել։ Ավինյանի ընտրությունից հետո հանրության մի ստվար զանգված սկսեց մեղադրել «Հանրային ձայն» կուսակցությանը՝ ՔՊ-ի հետ գործարքի գնալու համար, որի դիմաց կալանավորված Արտակ Գալստյանին, կնոջն ու մերձավորներին առաջիկայում ազատ են արձակելու: