Մշակույթ

Ի՞նչ կապ ունեն սուրճն ու Թումանյանը

Ի՞նչ կապ ունեն սուրճն ու Թումանյանը

Օրերս մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ հարցադրում անելով․ ինչո՞վ է զբաղված Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Որից հետո շարադրել էր իր մտահոգությունը թանգարանում իրականացվող «սուրճի մշակույթին» նվիրված միջոցառումների կապակցությամբ։

«Թումանյանի թանգարանը, փաստորեն, ժամանակ ունի, Թումանյանից բացի, զբաղվելու այլ գործերով, այն դեպքում, որ Թումանյանն այնքան մեծ եւ անընդգրկելի է, որ նրա ստեղծագործական ժառանգությունը որքան էլ ուսումնասիրես, որքան էլ թարգմանես եւ ներկայացնես աշխարհին, որքան էլ դրա վերաբերյալ կոնֆերանսներ, սեմինարներ, քննարկումներ կազմակերպես, դարձյալ ժամանակը բավարար չի լինի։ Ինձ հետաքրքրում է, թե քանի թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ են գրվել Թումանյանի մասին վերջին տասը տարիներին, քանի գիտական հոդվածներ են տպագրվել թանգարանի աշխատակիցների եւ թանգարանի տնօրենի կողմից, ինչ նոր թարգմանություններ են արվել, ինչ քննարկումներ են տեղի ունեցել Թումանյանի աշխարհայացքի, փիլիսոփայության վերաբերյալ: Ասեմ, որ դեպի թանգարան բարձրացող բազալտե աստիճաններն այժմ աղտոտված են սպիտակ թանաքով դրոշմված «սուրճ», «cofe» եւ այլ նմանատիպ բառերով: Դա էլ՝ երեւի նրա համար, որ Թումանյանի թանգարան գնալիս մարդիկ մտածեն սուրճի մասին: Նրանց՝ այդ ծրագրի հեղինակներին, չեն սովորեցրել, որ պատերի, աստիճանների եւ, առավել եւս՝ հուշարձանների վրա գրել ՉԻ ԿԱՐԵԼԻ: Դատարկաբանությունը մշակույթի տեղ անցկացնելը, փաստորեն, ոչ միայն ամերիկյան սովորույթ է, այլեւ՝ նախագիծ, որի համար փող եւ ջանք չեն խնայվում: Նպատակը պարզ է․ շեղել հիմնական գործից՝ զբաղեցնելով ոչնչով: Հակառակ դեպքում ինչպե՞ս հնարավոր կլիներ մարդկանց դարձնել այսչափ հեշտ կառավարելի զանգված»,- մասնավորապես գրել է Կարինե Հակոբյանը։

Հ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հանդիպումների ժամանակ անդրադարձ է լինում ոչ միայն սուրճի մշակույթին, այլ նաեւ գրականության ամենատարբեր շերտերին․ «Նախ ասեմ, որ աշխարհը վաղուց մեկ անձի թանգարանից հեռացել է եւ թանգարանը դիտարկում է որպես մշակութային հարթակներ, որտեղ կարող են ծավալվել ամենատարբեր բնույթի թեմաների զրույցներ, քննարկումներ, հանդիպումներ եւ հատուկ անդրադարձներ։ Թումանյանի՝ որպես համախմբող տեսակի ուղերձն ունենալով, Թումանյան թանգարանը ստանձնեց մի մեծ նախաձեռնություն՝  32 հայաստանյան թանգարաններ Թումանյանի թանգարանի հարկի ներքո հավաքելով։ Այս նախագիծն անդրադառնում է ոչ թե Թումանյանի գրական, փիլիսոփայական մտածողությանը, այլ Թումանյան մարդու՝ որպես միացնող ու միավորող տեսակին»։

Թե ինչ կապ ունեն սուրճն ու Թումանյանը, տնօրենն ասում է, որ Թումանյանի եւ, ընդհանրապես, մեր մեծերի կյանքի ամենատարբեր դրվագները, առօրյա պատմությունները կապված են սուրճի եւ սուրճի սեղանի հետ, որի շուրջ իրենք մտքեր են փոխանակել եւ ամենաբարդ ազգային հարցեր քննարկել․ «Թումանյանը՝ որպես զրուցասեր մարդ, իր տանը հաճախակի ունեցել է հանդիպումներ, եւ հյուրասիրության սեղանին երբեմն եղել է նաեւ սուրճ։ Աղջիկը՝ Նվարդ Թումանյանը, ունի վկայություններ՝ իր «Հուշեր եւ զրույցներ» գրքում։ Ասում է՝ չնայած կյանքի վերջին շրջանում հայրիկին առողջության պատճառով արգելված էր սուրճ խմելը, բայց զրույցի իր փոքրիկ սեղանի շուրջ ինքն էր իր ձեռքով սուրճ պատրաստում հյուրերի համար ու ինքն էլ հետները խմում»։
«Սուրճի մշակույթի հայկական հետագիծը» նախագծի հանդիպումների շարքը սկսվել է դեռ նախորդ տարվանից, որն այս տարի, ըստ տնօրենի, դարձավ միջթանգարանային համագործակցության նախագիծ եւ արդեն հունիսի 15-ին կամփոփվի։ Թե ինչու են հանդիպումները փակ, տնօրենը նշեց, որ ոչ թե փակ են, այլ նախապես պետք է գրանցվել։ Հանդիպումները տեղի են ունենում ուրբաթ՝ երեկոյան ժամը 7-ին, որի շրջանակներում հյուրընկալվում են նաեւ որոշ թանգարաններ։  

Ա․ Եղիազարյանն ասում է՝ նախագիծն իրականացվում է անհատ աջակիցների կողմից, եւ հատուկ միջոցներ թանգարանն իր կողմից չի ծախսել։ Պատվերն անհատ աջակիցների՞ց է եկել։ «Այս նախագիծը ոչ մեկի պատվերը չէ, մենք պատվերներ չենք իրականացնում»,- ասում է տնօրենն ու ընդգծում, որ ծրագիրը որեւէ կոմերցիոն նպատակ չի հետապնդում, «կոմերցիոն որեւէ բլոկ չկա ցուցահանդեսի մեջ, սա զուտ մշակութային ծրագիր է»։ Սուրճ արտադրող ընկերություններ ներկայացվա՞ծ են նախագծում, թե՞ ոչ։ Տնօրենն ասում է՝ այնքանով, որ «սուրճի երեկոներին իրենք ունեցել են հյուրասիրության հատված, եւ իրենց մասնագետների աջակցությամբ մենք հնարավորություն ենք ունեցել բանախոսությունների շարք ունենալ խոսելու, թե ինչպես է ճիշտ ըմպելիքը կիրառել, այսինքն՝ մասնագիտական խորհրդատվության համար են իրենք ներգրավված»։  
Տնօրենն ընդգծում է՝ իրենց թանգարանը ոչ միայն այս նախագծով է զբաղված, այլ շատ նախագծերով եւս, հաջորդ տարի թանգարանն իր 70 ամյակն է նշելու, եւ հիմա նաեւ նախապատրաստական այդ աշխատանքներով են զբաղված։ Շուտով ակադեմիական հատորյակի 5-րդ հատորը պատրաստ կլինի, տպագրության է պատրաստվում նաեւ Թումանյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանության անթոլոգիան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image