Ընդդեմ պետության ու ժողովրդի

Ընդդեմ պետության ու ժողովրդի

Արդեն 14 օր Արցախը շրջափակված է։ Աղոտ հույսեր կային, որ երեկ ճանապարհը կբացվի, սակայն, ավաղ՝ ո՛չ ռուս խաղաղապահները գնացին ռիսկի, ո՛չ Հայաստանից ու Ստեփանակերտից Լաչին մեկնած հայերը կարողացան ինչ-որ բան փոխել։ Իսկ ՀՀ իշխանությունները լռում են եւ սպասում։ Ավելի ճիշտ՝ չեն սպասում՝ «գործում» են, բայց ոչ այս ուղղությամբ։

Օրինակ, երեկ Հայաստանի իշխանությունների գլխավոր գործիքներից մեկը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, «հերոսաբար» դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի պաշտոնավարումը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչով է Փիլոսյանն արժանացել այս «պատվին», բավական է նշել, որ նա ընդդիմության ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կինն է։

Հաջորդ հերոսական գործը․ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է սկսել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների հետ կապված։ Հավանաբար հիշում եք, որ իշխանությունն ամեն ինչ արեց, որ գործող ռեկտորը չվերընտրվի, սակայն նա ընտրվեց, արդյունքում պաշտոնից ազատվեցին ԿԳՄՍ նախարարը եւ բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ փոխվարչապետը՝ որպես պատիժ Փաշինյանի հրահանգը չկատարելու համար։ Թվում է՝ ընտրությունը կայացել է, եւ այս մի պաշտոնն էլ իշխանությունը կարող էր «զիջել», պարզվեց՝ ոչ։ Հիմա էլ գործի է դրվել պլան Բ-ն՝ քրեական հայտնի մեթոդներով ընտրությունը չեղարկելու, ռեկտորին վախեցնելու, նրանից հրաժարական կորզելու պլանը։ Ուրիշ ի՞նչ հերոսություններով է զբաղված այս օրերին իշխանությունը։

Օրինակ, ՊԵԿ աշխատողները ծպտված գնումներ են կատարում, որոնց անունը դրել են հսկիչ գնումներ, եւ ՀԴՄ չխփելու դեպքեր են հայտնաբերում, որ տնտեսվարողներին տուգանեն։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ 870 կգ սիգ է առգրավել ձկնորսներից։