Դանիել Իոաննիսյանը՝ ընդդիմադիրների երթի մասնակիցների թիվը սակավ ցույց տալու վերաբերյալ

Դանիել Իոաննիսյանը՝ ընդդիմադիրների երթի մասնակիցների թիվը սակավ ցույց տալու վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կայքը գրեթե ամեն օր ներկայացնում է թվեր, թե ընդդիմադիրների հանրահավաքին, երթին քանի քաղաքացի է մասնակցում։ Ներկայացված թիվը որոշ շրջակաների մոտ կասկածի տեղիք է տալիս, ասում են՝ Իոաննիսյանն այլ պատկեր է ներկայացնում, քան, օրինակ, երթի մասնակիցների թիվն է։ 

Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք այդ թվերը ներկայացնել սկսել են դեռ 2018 թվականի հունվարից․ «Նախ մենք սա անում ենք 2018 թվականի հունվարից, այն ժամանակ ԵԼՔ-ի ցույցերն էին, հետո հեղափոխության, բազմաթիվ այլ ցույցերն էին։ Բազմաթիվ ցույցերի մասով մենք թիվ տվել էինք, դա նոր չենք սկսել, շուտով կլինի 3 տարի։ Նոյեմբերին ինչի՞ չէինք անում, որովհետեւ մեր դրոնը Արցախում տրամադրել էինք, որ ռազմական նպատակով օգտագործեին, ադրբեջանցիները խոցել էին եւ չունեինք դրոն։ Մենք ոչ միայն հրապարակում ենք թիվը, այլ տալիս ենք հնարավորություն ցանկացած մարդու՝ ստուգելու մեր տված թվի արժանահավատությունը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է,որ մեր տված թիվը ճի՞շտ է, կարող է մտնի, քաշի այդ ֆայլը, եւ բոլոր մարդիկ հերթով համարակալված են։ Եվ ասի՝գիտեք, այս մարդուն դուք չեք հաշվել կամ ասի՝ էս մի քանի մարդուն չեք հաշվել։ Եթե ինչ-որ մեկն ասի՝ այս մարդուն չեք հաշվել, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»։ 

Հարցին, թե այսինքն՝ որեւէ նպատակ չկա՞ այդ թվերով ցույց տալու, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները քիչ են, Իոաննիսյանը պատասխանեց․ «Մեր նպատակը հանրությանը ցույցերի մասնակիցների օբյեկտիվ, ճիշտ թիվ ցույց տալն է»։