Ամբիոնը երկու տարի չունի վարիչ․ ընտրության արդյունքները չեղարկվել են

Ամբիոնը երկու տարի չունի վարիչ․ ընտրության արդյունքները չեղարկվել են

Երկու տարի է, ինչ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը վարիչ չունի: Ուղիղ 2 տարի առաջ` 2021-ի նոյեմբերին, քովիդից մահացավ ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, եւ փաստացի ֆակուլտետի գիտական խորհուրդը չի կարողանում երկու տարի շարունակ ամբիոնի վարիչ ընտրել: 

Այդ պաշտոնի համար պայքարում են դոցենտ Աստղիկ Ավետիսյանն ու նույն ամբիոնի դասախոս Նանե Վարդանյանը: Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարը մեկուկես տարի է՝ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն է, իսկ այժմ` Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Գաղտնիք չէ, որ Աստղիկ Ավետիսյանն ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ, հաճախ հրապարակավ քննադատում է իշխանություններին, իսկ Նանե Վարդանյանը, ըստ մեզ հասած լուրերի, լատենտ նիկոլական է, թեեւ դասերի ժամանակ չի գովաբանում իշխանությանը, սակայն առանձնահատուկ բացասական վերաբերմունք ունի ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, ինչը նրա շանսերը, բնականաբար, մեծացրել են: 

Մենք տեղեկացանք, որ հունիսին ֆակուլտետի գիտխորհուրդը գաղտագողի ամբիոնի վարիչի ընտրություն է կազմակերպել, հիմնականում իշխանամետ հայացքներ ունեցողներից կազմված գիտխորհուրդն ընտրել է Նանե Վարդանյանին, այլ ոչ թե Աստղիկ Ավետիսյանին: Գիտխորհրդի կազմում են Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, Մեդիամաքսի փոխտնօրեն Դավիթ Ալավերդյանը, լրագրող Քրիստինե Ալագուլյանը եւ այլք: 

Սակայն ամբիոնի վարիչ դառնալու համար կան հստակ պահանջներ` 5 ուսումնական տարվա ընթացքում պետք է նվազագույնը հինգ գիտական հոդված հրապարակած լինի տվյալ անձը` ԲՈԿ-ի կողմից հաստատված ամսագրերից մեկում, կամ ունենա հեղինակային մենագրություն եւ այլն: Նանե Վարդանյանը, ով ընտրվել է գիտխորհրդի կողմից, այս պահանջներին չի համապատասխանել: ԵՊՀ-ի մեր աղբյուրը պատմեց, որ ընտրությունից հետո Աստղիկ Ավետիսյանը դիմել է ռեկտորատ` պահանջելով չեղարկել արդյունքները, ինչին ռեկտոր Հովհաննիսյանը ստիպված է եղել ընթացք տալ: Արդյունքում` ընտրությունը չեղյալ է համարվել, ամբիոնի վարիչի հաջորդ ընտրությունը նշանակվել է 6 ամիս անց, որպեսզի այս ամիսների ընթացքում Նանե Վարդանյանին փորձեն համապատասխանեցնել ամբիոնի վարիչի պահանջներին: 

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի խժդժություն էլ ֆակուլտետում չի եղել, պարզապես որոշակի անհամաձայնություն է եղել, ինչից հետո առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն` Նանե Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ հակադիր կողմն ունի վերապահումներ։ 

«Հենց նա է ասել, որ ցանկանում է նոր ընտրություն կազմակերպվի, մենք էլ հարգել ենք նրա ցանկությունը: Այժմ ամբիոնն ունի վարիչի նոր պաշտոնակատար` Գոռ Աբրահամյանը, նա երկու մենագրություն է երաշխավորել տպագրության, բանասիրական գիտությունների թեկնածու է եւ դոցենտ: Այնպես որ, կյանքը շարունակվում է»,- ասաց դեկանը: Բայց մենք տեղյակ ենք, որ Աստղիկ Ավետիսյանն է դիմել ռեկտորատ` ընտրությունը չեղարկելու պահանջով, Մարտիրոսյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ 2 թեկնածու ենք ունեցել: Նանե Վարդանյանն ասել է, որ ընտրությունների բեկանման մասով ոչ մի վատ բան չի տեսնում, ինչն առողջ մթնոլորտի մասին է խոսում»: Հարցին՝ իսկ Աստղիկ Ավետիսյանի քաղաքական հայացքները դեր խաղացե՞լ են, որ նա չընտրվի, եւ ինչո՞ւ 2 տարի ամբիոնը ղեկավար չունի, մեր զրուցակիցն ասաց. «Ես տիկին Ավետիսյանի քաղաքական հայացքների մասին տեղյակ չեմ եւ կարծում եմ` Ժուռնալիստիկայի ֆակուլտետում որեւէ մեկը նրա քաղաքական հայացքների հետ առնչվելու առիթ չի ունեցել, քանի որ նա իր քաղաքական հայացքները ֆակուլտետ չի բերել, ինչը եւս հարգանքի արժանի է»: