Հարցազրույց

«Հրապարակ». Եթե մինչեւ 2018-ի ապրիլի 24-ը ասեիք, որ Փաշինյանն է դառնալու առաջնորդ, կծիծաղեին

«Հրապարակ». Եթե մինչեւ 2018-ի ապրիլի 24-ը ասեիք, որ Փաշինյանն է դառնալու առաջնորդ, կծիծաղեին

Այս ամռանը Մաշտոցի պուրակում մի շարք քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ վրան էին փորձում տեղադրել եւ մարդկանց կոչ էին անում՝ դուրս գալ փողոցային պայքարի: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանն այդ օրերին մեզ հետ զրույցում նշել էր, որ այսօրվա ընդդիմությունն ինքն է, եւ իր հետ պետք է հասարակությունը դուրս գա պայքարի: Սահակյանն ու իր համախոհները, պարզվում է, չեն հրաժարվել պայքարից: Երեկ «Զանգ» նախաձեռնությունը, որի անդամ է Սուրեն Սահակյանը, իր էջում հայտարարեց, որ պետք է վերադառնալ փողոցային պայքարի, ընդդեմ ստի եւ նվաստացման։ «Շուտով մենք կվերադառնանք փողոց՝ ընդդեմ ստի ու նվաստացման, հանուն որոշելու մեր իրավունքի ու իրական խաղաղության: Եվ եթե դուք էլ լինեք մեր կողքին, եթե դուք էլ պաշտպանեք տան ու պետության սիմվոլ վրանը, մեզ ոչ ոք չի կանգնեցնի ո՛չ Հայաստանում, ո՛չ դրա սահմաններից դուրս»,- ասված է նրանց հայտարարության մեջ: Մենք զրուցել ենք Սուրեն Սահակյանի հետ:

- «Զանգ» նախաձեռնությունը կոչ է անում՝ դուրս գալ փողոց, պայքարել ստի, կեղծիքի եւ նվաստացման դեմ: Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, ե՞րբ եք պատրաստվում տալ դրա մեկնարկը:

- Որոշ ժամանակ առաջ էլ՝ ամռանը, Մաշտոցի պուրակում մենք քննարկումներ ենք նախաձեռնել եւ խոսել ենք այն մասին, թե ինչպես պետք է լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները: Ավելի քան 50 օր մենք նման քննարկումներ ենք իրականացրել, ձեւավորել ենք նախաձեռնող խումբ եւ այս ընթացքում մեկուկես ամիս առաջ նախագծել նոր պայքարի պրոցես:

- Ըստ Ձեզ` հասարակությունն այսօր պատրա՞ստ է փողոցային պայքարի դուրս գալ: 2020 թվականից ի վեր մենք տեսնում ենք մի շարք ձախողված փողոցային պայքարի փորձեր:

- Անկախ նրանից՝ մեր հասարակությունը պատրաստ է պայքարի, թե ոչ, կարծում եմ, որ կրիտիկական վիճակ է Հայաստանում ստեղծվել: Այսօր ինչ-որ բան անելուն այլընտրանք չկա: Այս պարագայում` կա՛մ պայքարել, կա՛մ չլինել․ սա է իրականությունը: Եթե մարդիկ փողոց դուրս չգան, ոչ մի լավ բան չի կարող լինել, եւ ես Հայաստանի համար այդ պարագայում շատ վատ կանխատեսումներ ունեմ:

- Ի՞նչ կանխատեսումներ:

- Արեւմտյան Ադրբեջանի կոնցեպտը, Հայաստան ադրբեջանցիների վերադարձը… Նման քննարկումներ են, խնդիրը սա է: Մենք վտանգը ժամանակին զգալու մեծ խնդիր ունենք: Այսինքն` ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ, վտանգը մեր քթի տակ, մենք ոչինչ չենք անում: Արցախում էլ պատերազմից հինգ էր պակաս, բայց մարդիկ պաշտոնների համար կռիվ էին անում: Մենք չենք կարողանում փաստացի վտանգները ժամանակին զգալ ու դրանք կանխել: Եթե այդպես շարունակենք, մեր գործերը չեն կարող լավ լինել: Ուզենք, թե ոչ՝ պետք է փողոց դուրս գանք, պետք է փոխենք Հայաստանի քաղաքականությունը, պետք է այնպես անել, որ այն մեր երկրի առաջ ծառացած խնդիրներին առավել համահունչ դառնա:

- Խորհրդարանական ընդդիմությունը եւս պարբերաբար փողոցային պայքարի է դուրս գալիս: Ո՞րն է Ձեր եւ նրանց պայքարի ռազմավարության տարբերությունը:

- Ես` ինքս, 2018-ի հեղափոխության մասնակից եմ, բայց ինձ համար վաղուց ջնջվել են այն սահմանները, որոնք կային առաջ: Մեր առջեւ ծառացած խնդիրներն ընդհանուր են` բոլորիս համար: Ես չէի առանձնացնի մեզ ու կասեի` ով գիտակցում է պահի կարեւոր լինելը եւ ով ցանկանում է հետագայում եւս ապրել Հայաստանում` անկախ Հայաստանում, պետք է պայքարի դուրս գա: Ցանկացած շարժման դեպքում ամենակարեւորը նպատակներն են: Երբ նպատակը միտված է լինում իշխանափոխությանը, դա ժողովուրդը շատ լավ հասկանում է: Եթե նպատակն իրոք հանրային շահին ծառայելն է, ապա կարծում եմ, որ արձագանք կլինի: Ես հույս ունեմ, որ մարդիկ ճիշտ կգնահատեն պայքարի նպատակները:

- Ո՞րն է ձեր պայքարի նպատակը՝ իշխանափոխությո՞ւնը:

- Ոչ, իշխանափոխությունն ընդամենը փոքր բան է: Մենք ուզում ենք Հայաստանի քաղաքականությունը փոխվի, մենք ուզում ենք իրավունքներ զիջելու քաղաքականություն այլեւս չլինի, հենց դա է բերել անդադար կորուստների:

- Այսինքն` եթե Փաշինյանը համաձայնի փոխել իր վարած քաղաքականությունը, դուք նրան դեմ չե՞ք լինի, չե՞ք պահանջի նրա հեռացումը:

- Ոչ, Նիկոլ Փաշինյանն իր հինգ տարվա գործունեության ընթացքում մեզ համոզել է, որ իրեն ոչ մի դեպքում չի կարելի վստահել, անգամ այն դեպքում, երբ խոստանա, որ չի անի բաներ, որոնց դեմ ենք: Նա սպառել է իրեն: Մնացածը ժողովուրդը կորոշի:

- Իսկ ինչո՞ւ պայքարի մեկնարկի հստակ օրը նշված չէ: Ե՞րբ եք պատրաստվում դուրս գալ փողոցային պայքարի:

- Հիմա կխուսափեմ օր նշելուց:

- Ո՞վ է ձեր պայքարի առաջնորդը:

- Չի կարող փողոցային պայքարն ունենալ առաջնորդ: Քաղաքացիական պայքարի առանձնահատկությունը հենց դա է:

- Բայց 2018-ի հեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր:

- Այո, ճիշտ եք, բայց մեր պարագայում այլ է: Մենք ո՛չ կրոնական քարոզիչ ենք, ո՛չ էլ կուսակցականներ: Ի դեպ, եթե նախքան 2018-ի ապրիլի 24-ը մարդկանց ասեիք, որ Նիկոլ Փաշինյանն է դառնալու առաջնորդ, նրանք ուղղակի կծիծաղեին:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image