Վիրավորական պահ է բոլորիս համար

Վիրավորական պահ է բոլորիս համար

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) հետ

- Պարոն Հակոբյան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, փաստաբանները հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցելու «Մարտի 1» կոչվող ֆարսին։ Դուք անցնում էիք Մարտի 1-ից հետո հարուցված «Յոթի գործով»։ Ունե՞ք ասելիք։

- Վիրավորական պահ է բոլորիս համար։ Էսքան քննություն եղավ․․․ մարդիկ վիրավորվել են՝ սպասելով։ Արդեն 2․5 տարի իշխանափոխություն եղավ, ու էս իրավիճակում մի քիչ վիրավորական է։ Ընդհանուր շարժն էլ, որ երկրում պետք է փոփոխություն լիներ, բայց շատ դանդաղում է։ Դրա համար էլ էս  «արդարադատություն իրականացնող» կոչեցյալներն իրենք են էս բոլոր գործողությունները կատարել, չեն ուզում, որ իրենց ունեցած-չունեցածը, կեղծիքները ջրի երես դուրս գան, դրա համար էլ ձգձգում են, մարդիկ էլ հիասթափվում են։ Ոնց որ մենք՝ «Յոթի գործով» քաղբանտարկյալներս, որ սենց ձգձգվեց, ես մտածում էի՝ պետությունը նախաձեռնություն կանի, տեսանք, որ չի ստացվում, արդեն մեր հույսերը մեր վրա դրեցինք։

- Նկատի ունեք, որ առանձին մարդիկ անհատական կարգով արդարացվում են դատարաններում, Ջհանգիրյանի կոչումները վերականգնեցին։

- Մենք էլ ենք․․․ կարող է նենց ստացվի՝ մի տասը-քսան տարի էլ ձգձգեն․․․ Ջհանգիրյանի մոտ ստացվեց ինչ-որ մասով, բայց մերը՝ չգիտեմ։ Մեր տղերքից ինչքան մարդ մահացավ՝ նույն Ճուտը, Սմբատ Այվազյանը։ Նույն Մյասնիկը, Մուշեղը Սաղաթելյան՝ անկողնային վիճակում են։ Հիմա չգիտենք՝ մի տարի՞ կտեւի, թե՞ տասը՝ էդ գործընթացը։ Քանի երկրում փոփոխություն չի եղել, իրենք՝ դատախազությունը, դատարաններն են դա արել, հա ձգձգելու են։ Դրա համար էլ Մարտի 1-ի հետ կապված բոլորն էլ արդեն հրաժարվում են, հույս չեն կապում։ Իշխանությունները պետք է զգան՝ ինչ է կատարվում, վարչապետը պիտի խառնվի։ Ինքը չի խառնվում, ուզում է, որ մարդիկ փոխվեն, իրենք իրենց փոխեն։ Բայց դե, ես զգում եմ, որ նման բան հնարավոր չէ, ու պետք է իրենք զգան, թե ինչ է կատարվում, ու խառնվեն։

- Վարչապետը, օրինակ, վեթինգի հետ կապված ասաց, որ չի լինի, քանի որ խորովածի նման կլինի․ ներսից՝ հում, դրսից՝ վառված։ Ոնց որ թե սա քաղաքական որոշման խնդիր է, չկա՞ն այդ որոշումները։

- Ինձ թվում է՝ վարչապետը երեւի ամենաշատը կուզենար, ոչ մեկիցս պակաս իրեն չեն ցավացրել 20 տարիների ընթացքում, ինքն էլ շատ-շատ է տուժել, ինքը, իր ընտանիքը, հարազատությունը, բայց հույսը կապել է էս արդարադատության, եսիմ ում, ում վրա, ուզում է իրենց փոխել տա։ Բայց դե, իրենք փոխվողը չեն։ Պետք է ստիպի, որ փոխվեն։ 

- Իշխանական թիմից էլ արդարանում են՝ ասելով, թե նորից վերադարձել են զանգովի արդարադատության ժամանակները։

- Թող մի հատ եղածը փոխեն, հետո զանգերից իրենք հեռու մնան։ Բայց էդ զանգերը․․․ մեկ է՝ էդ արդարադատությունը զանգերի սովոր է, իրենք չեն զանգում, ուրիշ մարդիկ են զանգեր տալիս։ Իրենց դրած մարդիկ, ո՞վ է ժամանակին դրանց հետեւը կանգնած եղել՝ երկար տարիներ։ Ի՞նչ պայմաններով են դրանք ընդունվել աշխատանքի։ Իրենք էդ զանգերն ընդունում են, որովհետեւ իրենք էդ զանգերին են սովոր։ Դրա համար մարդիկ, որ լուրջ հանցագործություններ էին արել երկրի, Սահմանադրության նկատմամբ, դրա համար էդ մարդիկ պիտի դուրս գային, գործ չունենային էսօր աշխատելու։ Բայց նորից եմ ասում՝ ինչքան էլ չարչարվի, որ դրանց փոխի, դրանք փոխվողը չեն։ Իրենք իրենց տերն ունեն։ Կենդանական աշխարհում ո՞նց է․ որ մեկին սովորում են, էն մյուսին չեն ընդունում։ Հիմա էդ մարդիկ սովոր են Քոչարյանին, Սերժին։ Հիմա ինչքան էլ ուզենա վարչապետը փոխի, մեկ է՝ Սերժի, Քոչարյանի հրամանները պիտի կատարեն։

- Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն այսօր անսահմանափակ իշխանություն ունի երկրում։ Մենք տեսել ենք, որ կոնկրետ ՍԴ-ի հետ կապված՝ գնաց մինչեւ վերջ։

- Ոչ մի բան էլ չի եղել՝ ո՛չ Սահմանադրական դատարան, ո՛չ մի բան։ Ինքն ուզում է, որ մարդիկ փոխվեն, բայց տենց չի լինում։ Ինքը շանսեր ունի, բայց չի ուզում ստիպողական անի, որովհետեւ արդեն շատ է ուշացրել։ 2․5 տարի ուշացրել է, ինքը պետք է հենց սկզբից աներ, հետո արդեն զանգերը մոռանար, բայց հիմա արդեն ստիպված է լինելու, որ ստիպողական անի, ուրիշ ճար չի ունենալու։ Եթե չարեց, ամեն ինչն իր դեմ է ֆռռալու։

- Իսկ Կոնգրեսը շարունակելո՞ւ է աջակցել Փաշինյանին, կարելի՞ է ասել, որ սա քաղաքական ապահարզան էր։

- Աջակցություն Նիկոլ Փաշինյանին պարտավոր ենք բոլորս, բայց պարտավոր ենք նաեւ խոսել, միջնորդել, ասել, որ էդ ամեն ինչը ճիշտ ուղով գնա։ Մենք փողոցում ավելի հեշտ ենք զգում, մենք, էն մարդիկ, որ միշտ կանգնած են եղել, աջակցել են Նիկոլ Փաշինյանին, էսօր իրենք էլ շատ հարցերով ասում են․․․ նույն Կոնգրեսի օրինակով։ Ես տեսնում եմ, որ արդեն մարդիկ՝ հարյուրներով, շատ վիրավորված են։ Օրինակ՝ էս Մարտի մեկի հետ կապված։ Նույն քաղբանտարկյալները։ Իսկ էդ անհատներին արդեն հեշտ է հեղաշրջել։

- Իսկ Դուք արդարացման համար դատարան դիմե՞լ եք։

- Արդեն մեկ ամիս է՝ դիմել եմ վճռաբեկ։ Գործերն ընդունված են, բայց ժամանակի ընթացքում կերեւա։

- Մի բան էլ՝ բոլոր կոնգրեսականները պաշտպանում են Արսեն Թորոսյանին։ Բայց ինչո՞ւ եք նրա համար քաղաքական պատասխանատվություն վերցնում։ Տեղյա՞կ եք նրա գործունեությունից։

- Ես Արսեն Թորոսյանին չեմ ճանաչել, ես չգիտեմ՝ Կոնգրեսն ինչ որոշումներ է ընդունել, ես տեսնում եմ, որ ինքը՝ որպես նախարար, գիշեր-ցերեկ լուրջ չարչարվում է։ Թե կողքից, թե մնացածն ինչ որոշումներ են կայացնում, բայց ես հաստատ իր աշխատանքը տեսնում եմ, որ ինքը չարչարվում է։ Ես թեկուզ իրեն չեմ հարգում, չեմ․․․ չգիտեմ, բայց ինքն աշխատում է։ Երեւի նախարարներից մենակ ինքն է աշխատում։