Փոփոխություն՝ ԿԳՄՍՆ ծրագրերում

Փոփոխություն՝ ԿԳՄՍՆ ծրագրերում

Կառավարության մի շարք որոշումներով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թ․ բյուջեով հաստատված ծրագրերում: Վերաբաշխման արդյունքում գումար է հատկացվել 96 դպրոցի շենքային պայմանների, 114 դպրոցի եւ 8 մանկապարտեզի գույքը բարելավելու նպատակով: 2022 թ․ պետական բյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 1 մլրդ 933 մլն դրամ գումարի շրջանակում, որից 1 մլրդ 843 մլն-ն՝ 96 դպրոցի շենքային պայմանների եւ 101 դպրոցի գույքի համար:

Ըստ նախագծի՝ գումար է հատկացվում Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 101 դպրոցի գույքի ապահովմանը։ 96 դպրոցի շենքային պայմանները բարելավվում են հետեւյալ համամասնությամբ՝ 15-ը՝ Արագածոտնի, 7-ը՝ Արարատի, 13-ը՝ Արմավիրի, 6-ը՝ Գեղարքունիքի, 17-ը՝ Լոռու, 6-ը՝ Կոտայքի, 21-ը՝ Շիրակի եւ 11-ը՝ Տավուշի մարզերում: Դպրոցները մասնակի նորոգվելու են։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2022 թ․ բյուջեի միջոցների վերաբաշխում է կատարվել՝ 353 մլն 830.7 հազար դրամ գումարի չափով՝ 13 դպրոց գույքով ապահովելու համար: Նշենք, որ 2018-ից ի վեր ԿԳՄՍ նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ պետբյուջեից համաֆինանսավորմամբ (80% եւ 20% հարաբերակցությամբ) իրականացնում է «Կրթության բարելավում» ծրագիրը։ ՀԲ-ի ծրագրով չի նախատեսվել հիմնանորոգվող դպրոցների գույքով ապահովումը։ Ուստի առաջացել է անհրաժեշտություն՝ պետբյուջեից հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար։ Դպրոցների մի մասն էլ նորոգվել է, սակայն նոր գույքով չի ապահովվել բարերարների կողմից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍՆ 2022 թվականի հաստատված բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի շրջանակում կատարվել է վերաբաշխում՝ 154 մլն 674 հազար դրամի չափով: Վերաբաշխվող գումարն ուղղվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 8 մանկապարտեզի համար գույքի ձեռքբերմանը: Վերոնշյալ աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է մինչեւ 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով եւ սարքավորումներով: