«Հրապարակ»․ ԱԺ-ն նոր տրակտոր է ձեռք բերել

«Հրապարակ»․ ԱԺ-ն նոր տրակտոր է ձեռք բերել

Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ եւ կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից։ 132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ։ Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին։

100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար։ 50 հատ նոր տպիչ սարք են ձեռք բերել եւ 4 հատ նոր Toyota Camry, որոնցից երեքը նախատեսված է ԱԺ նախագահի 3 տեղակալների համար, մեկը՝ աշխատակազմի ղեկավարի։ Դրանք եւս կվայելեն նոր եկողները, միայն չորրորդ Camry-ն է արդեն սպասարկում աշխատակազմին։ Հներն էլ, որոնք հիմնականում 2012 թվականի արտադրության են, կփոխանցեն հանձնաժողովների նախագահների տեղակալներին։

ԱԺ-ն նաեւ մեկ նոր տրակտոր է ձեռք բերել՝ այգու աշխատանքների համար, որը երեկ վրան կարմիր ժապավեն կապած՝ կանգնած էր ԱԺ բակում։