Չեմ հասկանում՝ ի՞նչն է խանգարում «ազգային» բառի մեջ իրենց
Կառավարությունը օրենքի նոր նախագիծ է առաջարկել, որով մշակութային հաստատությունների անվան «ազգային» բառը ուզում են փոխարինել «պետական» բառով: Երգչուհի Ալլա Լեւոնյանին խնդրեցինք կարծիք հայտնել:
«Ազգայինը շատ կարևոր է, ամեն ազգ պետք է ունենա իր ազգայինը` ազգային մշակույթը: Այն, ինչ ազգային է, պետք է պահպանել: Այն երկրները, որոնք պահպանում են իրենց ազգայինը, շատ ավելի երկար են ապրում, ուժեղանում են և այլն: Եթե ազգայինը մղվում է հետին պլան, առաջին պլան է գալիս համաշխարհային ինտեգրումը: Աշխարհից կարելի է վերցնել լիքը լավ բաներ: Այն մարդը, ով չի տարբերում ազգայինը ռաբիզից, էլ ի՞նչ ասեմ նրան: Մենք` հայերս մի փոքր ծայրահեղ ենք մեր էմոցիաների մեջ, երբեմն կտրուկ, ծայրահեղ մոտեցում ենք ցուցաբերում ազգայինի հանդեպ և դա սխալ պատկերացում է ձևավորում, բայց պետք է չափի զգացողությունը, բալանսը պահել: Պետք է պահել ազգայինը, բայց նաև առաջ շարժվել, աշխարհից էլ լիքը լավ բաներ սովորել... Եթե ուզում ենք մեր տեսակն ու ինքնությունը պահել, պետք է կարևորել մեր ազգային առանձնահատկությունները, հակառակ դեպքում դառնալու ենք աշխարհի քաղաքացի: Որքանո՞վ է ճիշտ ձուլվել... մի՞թե հայրենիքից ու երեխայի ապագայից կարևոր բան կա, մի՞թե փողն ամեն ինչից կարևոր է: Ես այդպես չեմ կարծում, չի կարելի լինել այդքան եսակենտրոն, պետք է մտածել սերունդների մասին, երբ սկսում ես ինքդ քո մասին մտածել, խարխլվում է ամեն ինչ: Սրանք պրիմիտիվ երևույթներ են, որոնց մասին մարդիկ վաղուց պետք է հասկացած լինեին: Մի հասարակ օրինակ բերեմ` մեր հարևան փոքրիկ Վրաստանի օրինակը: Ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, ուստի շատ հարցերի մեջ չեմ մտնի, բայց կասեմ` երբ Վրաստանում ցանկացած ռեստորան, սրճարան, կամ այլ ժամանցի վայր ես գնում, այնտեղ պարտադիր ազգային երգեր են հնչում` վրացերենով, ոչ թե արաբերենով, կամ թուրքերենով: Ես երբեք չեմ լսել, որ վրացական ինչ-որ խումբ անգլերենին այդքան կարևորություն տա, կամ օտար ելևեջներով երգի: Երգը, երաժշտությունը հաճախ մարդիկ թեթև բան են համարում, բայց այն ամենաարագն է ազդում մարդկանց վրա: Գիտեք` ես էլ եմ լսում տարբեր երգեր, պարտադիր չէ, որ բոլորը երգեն ազգային, բայց ամեն մեկիս արած գործը մեր հայելին է: Ես սիրում եմ նաև արաբական երգեր, բայց ոչ հայերենով արաբականը: Այնպես որ, չեմ հասկանում՝ ի՞նչն է խանգարում «ազգային» բառի մեջ իրենց: Ազգային բառը հանելով` մշակույթը ծաղկելո՞ւ է, ոչ միանշանակ: Ցանկացած նախագիծ, պետք է միտված լինի ինչ-որ լավ բանի, բայց եթե ոչ մի լավ բան այդ ամենի արդյունքում չի լինելու, այդ դեպքում` ինչո՞ւ»:
Կարծիքներ