Քաղաքագետ Ազատ Ադամյանը օրերս հոդված էր հրապարակել, որում արձանագրել էր, որ այս պահին Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը ունեն համընկնող շահ։ Hraparak.am -ը փորձեց հասկանալ, թե ինչ է ուզում ասել նա` արդյո՞ք այլեւս պետք չէ պահանջել Փաշինյանի հրաժարականը։
-Դուք գրել էիք, որ այս պահին Հայաստանի եւ Փաշինյանի շահերը համընկնում են, դա նշանակում է, որ այլեւս պետք չէ՞ պահանջել իր հրաժարականը:
-Քաղաքականությունը պետք է ունենա քաղաքագիտական հենք,կարելի է Թուրքիայից պահանջել Արևմտյան Հայաստանը,բայց այն դեպքում,երբ Հայաստանն ունենա դրան համապատասխան ռազմաքաղաքական, տնտեսական դիվանագիտական ներուժ և աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ: Նման իրավիճակ է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, իշխանությունն ունի անհամեմատ մեծ ռեսուրս իշխանությունը պահելու, ընդդիմությունը չունի հրաժարականի պահանջին համարժեք ռեսուրս՝ խոսույթի և գործի ներդաշնակման համար, և գլխավորը՝ չկա աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ: Գանք հոդվածին, որտեղ նշել էի՝ Հայաստանի և Նիկոլի շահերը համընկնում են՝ պերմանենտ (շարունակական) հեղափոխությունը կանգնեցնելու կետում, քանզի և չկանգնեցնելու դեպքում և վերջնանպատակին՝ Հայաստանի վիլայեթացմանը(թուրքացման) հասնելու դեպքում Նիկոլը զոհաբերվելու է, ինչպես Արայիկ Հարությունյանը զոհաբերվեց Արցախն ադրբեջանացնելուց:
Ցանկացած պետության արտաքին և ներքին քաղաքականության հիմնական մասն իրականացնում են ուժային կառույցները, այսինքն, Հայաստանի վիլայեթացումն իրականացվում է Նիկոլի դեմքով և Հայաստանի ուժայիններով, որոնք նաև Նիկոլին պահում են Արևմտյան սցենարի ռելսերի մեջ, որտեղ Նիկոլի կյանքը պատկանում է վերջիններիս կամքին: ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի տակ գտնվող ուժայիններն ամեն դեպքում զոհաբերելու են Նիկոլին որպես սևագործի: Այստեղ է հիմնականը՝ Նիկոլի կամքը կարող է փրկել սեփական կյանքը, դիվերսիֆիկացնելուց՝ ասել է թե, հայաստանակենտրոն, ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին հստակ գնահատական տվող, հայ-ռուսական դաշնակցությանն այլընտրանք չփնտրող մարդկանց վստահել որոշ ուժային կառույցներ: Ասել է, թե նա այդ կերպ շանս է ունենալու կտրել ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի շղթաները, որով ինքը շղթայված է։ Դա իր միակ հնարավորությունն է սպասարկելու իր համար առաջանային համարվող իր ֆիզիկական գոյության հարցը, Հայաստանի համար էլ շանս է առնվազն հետաձգել, ժամանակային առումով հնարավորություն տալ կասեցնելու վիլայեթացումը։
-Ձեր հոդվածում նաեւ խոսել էիք ուժայինների բալանսի մասին կամ պարզ ասած` ուժայինները պրոռուսական գործիչներին հանձնելու: Բայց ինչո՞ւ դեպի արեւմուտք գնացող Փաշինյանը ուժայինները թողնի պրոռուսական ուժերին, իր տեսանկյունից` 2021-ի ռազմական հեղաշրջման փորձի տապալմամբ հազիվ է ազատվել նրանցից:
- Նախ նշել եմ հայակենտրոն ուժերին, որոնք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին այլընտրանք չեն փնտրի, հենվելով երկդարյա աշխարհաքաղաքական այն իրողության վրա, ըստ որի Հայաստանի բնական դաշնակիցը նոր և նորագույն պատմական շրջանում Ռուսաստանն է, ելնելով ազգային պետության հիմնական առաքելությունից՝ ինքնության և մշակույթի պահպանում և այս հենքով ազգի հարատևության ապահովում: Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք գնացող Նիկոլին, այստեղ պետք է փաստենք, որ իր հավատամքով, Նիկոլն արևմտյան մշակութային կոդի կրող է, բայց 44-օրյա պատերազմից հետո իր գործունեության օրակարգում դեպի Արևմուտք գնալը դարձել է երկրորդային, առաջնային տեղը տալով իր ֆիզիկական անվտանգությանը, որն այս պահին ապահովում է իր իշխանության լինելը: Նիկոլի արագ փոփոխվող աշխարհաքաղաքական տեքստերն էլ այս տրամաբանությունից պետք է դիտարկել: Անդրադառնալով 2021 թվականի ռազմական հեղաշրջման փորձին, որն իբրև թե եղել է պրոռուսական ուժերի կողմից, համաձայն չեմ, նախ այն պատճառով, որ առանցքային պրոռուսական խաղացող չի եղել այդ ակտում, ըստ այդմ, տեղի ունեցածը հակված եմ կարծել որպես զգուշացում ՆԱՏՕ-Իսրայել դաշինքի կողմից, որտեղ թուրքական կողմի արձագանքը պետք է դիտարկել Մեծ խաղում տարածաշրջանային ոստիկանի իր դերի մասին բարձրաձայնում:
-Մինչ դուք առաջարկում եք ուժայինների բալանս, Փաշինյանը ՌԴ ում պայմանավորվում է հայ-իրանական սահմանային անցակետից հանել ռուս սահմանապահներին: Ինչպե՞ս կմեկնաբանես սա:
-Սա փաստում է այն, ինչի մասին վերևում մանրամասնել եմ, Նիկոլը շղթայված է ՆԱՏՕ-Իսրայել դաշինքին ծառայող ուժայիններով, ինչը նա լավ հասկանում է, և գնահատելով հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները շարժվում է արևմտյան սցենարով: Բայց իր այս քայլերը միայն կարող են արագացնել իր մասով Արևմուտքի պլանները։ Հավատացեք Փաշինյանից առավել ջանասիրաբար ծառայողներ է ունեցել ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը ու նրանք «առաքելությունն» ավարտվելուց հետո շատ դաժան ճակատագրի են արժանացել այդ նույն կենտրոնի մասին։ Ու սա բացառիկ տեղեկատվություն չէ, որին ես տիրապետում եմ, այլ հայտնի պատմական փաստերի վերլուծություն։
-Հատկապես պատերազմից հետո հանրային լուրջ պառակտվածություն կա: Այն մարդիկ, ովքեր կառավարության մեջ չեն և պրոֆեսիոնալ են, Փաշինյանի իշխանությանը մերժում են, մյուս կողմից իշխանությունը այդ մարդկանց ռեսուրսն օգտագործելու կարիքն ունի: Բայց եթե այդպիսիք լինեն, հասարակության ընդդիմադիր հատվածի կողմից կպիտակավորվեն` որպես դավաճաններ։ Հանրային ճնշումն անտեսող ռազմական գործիչներ դուք գիտե՞ք, որոնք հասկանում են, որ վիճակը ծանր է և պատրաստ են տանել այդ բեռը։
-Այստեղ կարևոր է այլ տեսանկյունից դիտել և էմոցիաներին չտրվել: Այդ պատասխանատու և, ըստ Ձեզ, վարկաբեկիչ բեռի տակ մտնողները հասկանալու են իրենց առաքելությունը, որտեղ գլխավոր նպատակը ոչ թե Նիկոլի անվտանգությունն ապահովելն է, այլ վիժեցնել այն սցենարը, որով ՆԱՏՕ-Իսրայել դաշինքը զոհաբերում է Հայաստանը` հանուն իր շահերի, և այս սցենարը կործանելու է բառացիորեն բոլորիս: Էմոցիաներին տրվելու արդյունք է, որ մինչ այժմ միայն կորցնում ենք, և ելքը չի նշմարվում:
Համլետ Սմոյան