Շանտաժի զոհերը
Գիտակից մարդիկ հասկանում են, որ սպառնալիքներից երբեք չի կարելի վախենալ: Վախեցար մեկ անգամ, ցույց տվեցիր վախերդ ու թուլություններդ` վերջ. այդ պրոցեսն այլեւս վերջ չի ունենալու: Ալիեւի ու մեր մյուս թշնամիների հոխորտանքներից զգուշացող եւ անվերջանալի զիջումների գնացող Նիկոլ Փաշինյանը ձեր աչքի առաջ է: Ոչ մի արեւմտյան երաշխիք եւ հզոր սպառազինություն այլեւս չեն կարողանալու փոխել հայ-ադրբեջանական հարաբերությունների բնույթը, քանի դեռ այս իշխանությունն է երկրի ղեկին գտնվում: Բայց սպառնալիքներից ու շանտաժից չպետք է վախենա ոչ ոք` ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ անհատները, որովհետեւ նույն սխեման գործում է նաեւ այստեղ: Շատ հեռու չգնանք. ընդամենը ուշադիր նայենք, թե ինչ վիճակում են հայտնվել այս իշխանությունների հետ գործարքի գնացող, սրանց իրավապահներից վախեցող եւ «ինչ-որ բան զիջենք, մնացածը պահենք» ասողները:
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիներն արդեն 6 տարի է՝ այս իշխանության թիրախում են: Ճիշտ է` նրանք այս իշխանության դեմ կոնկրետ ոչինչ չեն արել` ո՛չ քննադատել են, ո՛չ աջակցել են ընդդիմությանը, ո՛չ որեւէ անհնազանդություն են դրսեւորել: Ավելին, ինչքան պահանջել են իրենցից, մուծվել են, ինչ իրենցից խլել են, լռել են, ԱՄՆ-ում ունեցած տունը կամովին համաձայնել են վաճառել եւ մի մասը փոխանցել «Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»: Անգամ երբ ՀՀ իշխանությունները որոշեցին Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար փակել հեռուստաաշտարակից Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարը, «Յուքոմը», որը որեւէ պարտավորություն չուներ՝ այդ որոշմանը միանալու, կամովին միացավ: Այսինքն, ո՛չ փողով, ո՛չ սիրաշահելով, ո՛չ ծառայելով չհասան արդյունքի․ իշխանությունը շարունակում է հալածել ու վարկաբեկել Խաչատրյաններին:
Կարծիքներ