Գաղտնի գործ Մոնումենտի կառուցապատման վերաբերյալ

Գաղտնի գործ Մոնումենտի կառուցապատման վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Երևանի քաղաքապետարանի կողմից 2000-2010 թվականներին իրականացված չարաշահումներիի վերաբերյալ քրեական գործ, որի շուրջ բոլոր տեղեկությունները գաղտնի են պահվում։ Գործում նախկին և ներկա պաշտոնյաների բազմաթիվ անուններ կան, որոնք նրանց անմեղության կանխավարկածից ելնելով չենք բացահայտում։ Վարույթը վերաբերում է Արաբկիր համայնքի Բաբայան փողոցի կառուցապատմանը։ Տարածքն այս, որը հարում է Հաղթանակ զբոսայգուն,  անտառային նշանակության է, և բնակելի շինարարությունն այստեղ օրենքով արգելված է եղել։ Այն Երևան քաղաքից խլվել է մայրաքաղաքի զարգացմանը միտված ներդրումային ծրագիր իրականացնելու անվան տակ։ Արդյունքում կադաստրային արժեքով հողեր են առել և վաճառել են շուկայական գներով։ Այս պայմաններում հետագա գնորդներից ոչ մեկը օրենքով բարեխիղճ գնորդ չի կարող համարվել։ 

«Ներդրողներին», որոնք մի քանի կազմակերպություններ են եղել, Մոնումենտ թաղամասում, Բաբայան փողոցում չնչին գներով տարածքներ են տրամադրվել։ Կեղծ աճուրդներ են կազմակերպվել, ներդրված կեղծ գնորդների միջոցով փոխել են հողատարածքի նպատակային նշանակությունը, հողային օրենսդրության խախտումներ են թույլ տրվել, հողի կրկնակի վաճառք է իրականացվել։ 

Խարդախության սխեման այնքան բարդ է, այնքան անձինք են ներգրավված դրանում՝ հայտնի և անհայտ, որ գործով զբաղվող քննիչները նույնիսկ «քարտեզագրել» են այն, որպեսզի լավ պատկերացնեն, թե ով, ում և ինչ գներով է վաճառել ու վերավաճառել երևանցիների համար թանկարժեք տարածքները։ Հատուկ քննչական ծառայությունից այս գործի վերաբերյալ որևէ տեղեկություն տևական ժամանակ է, չեն տրամադրում, սակայն նաև չեն հերքում, որ այն կա ու քննվում է։