Հերթը ձեզ էլ կհասնի

 Հերթը ձեզ էլ կհասնի

Բոլորովին պարտադիր չէ, որ բռնությունը կիրառվի հենց քո նկատմամբ, որ դու հասկանաս` դա վատ բան է, պետք է պայքարել դրա դեմ, թույլ չտալ, որ որեւէ մեկը բռնության ենթարկվի: Պարտադիր չէ, որ հենց քեզ անարդարացիորեն դատեն կամ ոտնահարեն հենց քո իրավունքները կամ հենց քեզ ապօրինաբար ազատեն աշխատանքից, որ  հասկանաս` վատ բան է, երբ քաղաքացիների իրավունքները չեն հարգվում, օրենքները չեն գործում, եւ արդար դատաքննություն գոյություն չունի: Տարրական տրամաբանությունն ասում է, որ այսօր հարեւանիդ ու բարեկամիդ իրավունքներն են ոտնահարել, ուրիշին են ճնշել, բռնացել` վաղը հերթը հասնելու է քեզ: Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ երբ բռնացողներն ու ոտնահարողները մնում են անպատիժ եւ մարսում են իրենց արարքները, շատ մեծ է հավանականությունը, որ նրանք հետագայում էլ են ոտնահարելու, բռնանալու, տրորելու եւ ճնշելու:

Մենք այս տարիներին բազում անօրինականությունների ենք ականատես եղել, եթե առաջին իսկ դեպքում բռնեինք այդ անօրինականությունն անողների ձեռքը, գուցե շղթան կտրվեր: Երբ շրջափակում էինք Ազգային ժողովը, որ պատգամավորների նկատմամբ տեռորի պայմաններում Նիկոլ Փաշինյանն ընտրվեր, երբ էյֆորիայից նվաղում էինք` տեսնելով, թե ինչպես է Փաշինյանը հենց խորհրդարանի բակում նախարարներին ազատում աշխատանքից, երբ հրճվում էինք` լսելով, թե կառավարության նիստում ինչպես է «նախկին թալանչիներին» խարազանում, պետք է գիտակցեինք, որ այդ քայլերն ու խոսքերն անմեղ բան չեն` դրանք լուրջ հետեւանքներ ու շարունակություն են ունենալու: Կամայականությունների ու ոտնահարումների շարքը շարունակվելու է` երկրի դատական, օրենսդիր, գործադիր, պատժիչ մարմիններին սկսելու է փոխարինել մեկ մարդ, եւ նրա կամքով է երկրում ամեն ինչ որոշվելու: