Հայկական թեստերից նորություն կա՞

Հայկական թեստերից նորություն կա՞

Կորոնավիրուսի հայկական արտադրության թեստերին մենք բազմիցս անդրադարձել ենք, տարբեր հակասական պատասխաններ ստացել, մինչդեռ պետական բյուջեից մոտ 500 հազար դոլար է հատկացվել դրանց արտադրության համար։ Եվ չնայած դեռ ամիսներ առաջ պնդում էին, թե արտադրությունը սկսվել է, սակայն մինչ օրս դրանք չեն կիրառվում։ Մի քանի օր առաջ մեզ առողջապահության նախարարությունից ասել էին, որ դեռեւս չեն կիրառվում, երեկ ասացին, որ արդեն կիրառվում են, բայց կոնկրետ չասացին, թե երբվանից եւ ով է դրանք կիրառում։ 
Թեմայի առնչությամբ զրուցեցինք Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանի հետ, որի ղեկավարած հիմնարկը պետք է փորձաքննություն կատարեր եւ եզրակացություն տար, թե որքանով են հայկական թեստերը կիրառելի։ Հետաքրքրվեցինք, թե ինչ փորձաքննություն են անցել հայկական թեստերը։

«Դրանք փորձաքննություն են անցել բավականին երկար ժամանակ, համեմատվել են մյուս թեստերի հետ, արտադրողն էլ է մասնակցել այդ ամենին, եւ երբ փորձաքննությունը դրական տվել է արդյունքները, մենք ուղարկել ենք նախարարություն, մնացած գործընթացներն արդեն մեզ հետ չեն կապված»,- պատասխանեց Վանյանը։

-  Քանի որ փորձաքննություն եք անցկացրել, կարո՞ղ եք ասել՝ հայկական թեստերի ճշգրտությունը որքա՞ն է։

-  Ես դրա համար եմ ասում՝ համեմատվել է ամբողջովին ե՛ւ ԱՀԿ-ի թեստերի, ե՛ւ այլ երկրների արտադրության թեստերի հետ, բոլորը համեմատվել են։

- Ե՞վ, չե՞ն զիջում այլ երկրների արտադրանքին։

- Այո, չեն զիջում, այս պահին չեն զիջում։

- Ի՞նչ ծավալով են օգտագործվում հայկական արտադրության թեստերը՝ ներմուծվածի հետ զուգահեռաբա՞ր։

- Այո, զուգահեռաբար են օգտագործվում, հայկական արտադրության թեստերը զուգահեռաբար օգտագործվում են։

- Գնային տարբերություն կա՞։

- Ես չեմ կարող ասել, այդ հարցն իմ կոմպետենցիայի մեջ չէ։

- Ինչո՞վ էր պայմանավորված, որ այսքան ժամանակ չէր օգտագործվում։

- Այդ հարցերն ինձ մի ուղղեք, մենք փորձաքննությունն արել ենք, տվել ենք մեր փորձաքննության արդյունքները, եզրակացությունները։ Այդքան բան կարող եմ ասել։

- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որեւէ կերպ մասնակցե՞լ է փորձաքննություններին կամ ռեկոմենդացիաներ տվե՞լ է։

- Ոչ, իրենք չեն մասնակցել, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատում է եղել մեր լաբորատոր գործընթացի վերաբերյալ, ու ինչքանով է կենսաանվտանգությունն ապահովվում՝ դրա հետ կապված հանձնաժողովին պետք է հարցն ուղղեք, այլ ոչ թե մեզ։

- Իսկ լաբորատոր գործընթացներին ի՞նչ գնահատական է տրվել։

-  Միանշանակ՝ դրական, բա ո՞նց, մենք անգամ գրիպի մասով համարվում ենք ռեգիոնալ կենտրոն, այսինքն՝ մեր լաբորատորիան ամեն ինչով համապատասխանում է։

- Հայկական արտադրության թեստերով քանի՞ թեստավորում է անցկացվել առայսօր, թիվ կա՞։

- Չեմ կարող ասել, դեռ նոր ենք անում, թիվն անընդհատ փոփոխվում է, բայց շաբաթվա վերջ, եթե ուզենաք, զանգեք, հաշվարկենք, ասենք։