Կա՛մ 14-օրյա կարանտին, կա՛մ 40 հազար վճարեք

Կա՛մ 14-օրյա կարանտին, կա՛մ 40 հազար վճարեք

Փակուղային իրավիճակում են հայտնվել Ջավախքից եկած երիտասարդները, որոնք ՀՀ բուհերի դիմորդներ են։ Բանն այն է, որ պարետատնից զանգել են ջավախեցի, հայաստանյան բուհեր դիմած մի շարք դիմորդների եւ ասել, որ պետք է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվեն կամ ՊՇՌ թեստավորում անցնեն՝ 40 հազար դրամով, մինչդեռ հայաստանյան կլինիկաներում 15 հազար դրամով են թեստավորում կատարում: Բացի այդ, դիմորդները 2 օր առաջ են հատել սահմանը, եւ սեպտեմբերի 8-9-ը ընդունելության քննություններ են նշանակված:

Եթե 2 շաբաթ ինքնամեկուսանան, չեն կարողանա մասնակցել քննություններին կամ էլ 40 հազար պիտի վճարեն թեստի դիմաց, ինչը դիմորդի համար մեծ գումար է, հետո էլ թեստի արժեքից 2 անգամ թանկ։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Շիրակ Թորոսյանի հետ։ Նա ասաց, որ խնդրին տեղյակ է, իսկ պատճառն էլ, ըստ նրա, այն է, որ դիմորդների թիվը մեծ է, սակայն ինքը բանակցում է պարետատան հետ․

«Մենք առանց ՊՇՌ թեստի եւ առանց Հայաստանում 14-օրյա կարանտինի կարողացել ենք բերել հուլիս ամսին միասնական քննության մասնակցող դիմորդներին, կարողացել ենք բերել օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկզբին նաեւ հայագիտական մասնագիտությունների գծով դիմորդներին, ովքեր էլի առանց ՊՇՌ թեստի եւ 14-օրյա կարանտինի, եկել եւ հանձնում են քննությունները։ Նաեւ առաջին կուրսեցիները, որոնք ընդունվել են ամառվա միասնական քննություններով, կրկին եկել են առանց թեստի եւ առանց մեկուսացման պահանջի։ Հիմա քանի որ այս փուլում դիմորդների քանակը շատ է, մոտավորապես 200 դիմորդ՝ գումարած բակալավրում եւ մագիստրատուրայում սովորող բարձր կուրսի հարյուրավոր ուսանողները, պարետատունը քննարկում է՝ նրանց առաջադրել ՊՇՌ թեստ կամ ինքնամեկուսացում։ Մենք այս պահին այդ խնդիրը քննարկում ենք, եւ եթե անգամ որոշում կայացվի, որ կա՛մ թեստը պիտի հանձնեն, կա՛մ ինքնամեկուսանան, ապա դա բխում է իրենց անվտանգային շահերից եւ ՀՀ քաղաքացու, այդ թվում Ձեր՝ «Հրապարակ» թերթի լրագրողի անվտանգությունից։

Բայց սա դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա այդ հարցի առթիվ։ Ես, իհարկե, միջնորդել եմ պարետատուն, նաեւ ԿԳՄՍ նախարարություն, որ հնարավորինս մեղմվեն այդ պահանջները, բայց զուտ ելնելով անվտանգային խնդիրներից՝ հարցը դեռ քննարկման փուլում է, եւ եթե մենք դիտարկենք այն, որ, օրինակ, մեր դիմորդները գալիս են Վրաստանից, եւ մենք այդքան լայն հնարավորություններ տվել ենք արդեն իսկ, եթե նրանք հետ վերադառնան (ենթադրենք՝ չեն ընդունվել կամ ինչ-որ գործով վերադառնում են), նրանք անպայման 14-օրյա կարանտին են անցնելու կամ ՊՇՌ թեստ, այսինքն՝ ամբողջ աշխարհն է այդ միջավայրի մեջ, եւ այդպես մեղադրական տոնով ասել, թե ինչ պիտի անեն այդ խեղճ դիմորդները կամ ուսանողները, կարծում եմ՝ covid-ի համավարակի միջավայրում այդպիսի հարցադրումն արդեն իսկ ճիշտ չէ, բայց քննարկումներն ընթանում են, եւ մենք փորձում ենք խնդրին լուծում տալ»։

Բայց չէ՞ որ իրավիճակը հենց այդպիսին է՝ «ի՞նչ պետք է անեն խեղճ դիմորդները», քանի որ նրանց երկընտրանք է առաջադրվել՝ կա՛մ 40 հազարով ՊՇՌ թեստ, որի արժեքը հայաստանյան բուժհաստատություններում 15 հազար դրամ է, կա՛մ 14-օրյա կարանտին, որի դեպքում չեն կարողանալու մասնակցել քննություններին։ Կոնկրետ այս դիմորդների դեպքում ի՞նչ լուծում է առաջարկվում՝ հարցրինք Թորոսյանին։

«40 հազար չէ, 15-20 հազար է (դիմորդը պնդում էր, որ իրենից հենց 40 հազար են ուզել՝ Կ․ Ս․),

հետո՝ ես ամբողջ կյանքս եւ այժմ էլ պայքարում եմ ջավախահայերի խնդիրներին լուծում տալու համար, եւ այս պահին մենք շարունակում ենք այդ գործը, եւ հիմա քննարկում ենք՝ հնարավորինս մեղմելու այդ ամենը, տեսնենք ինչ կստացվի։ Եթե մենք, այնուամենայնիվ, ելնելով անվտանգային խնդիրներից, ինքնամեկուսացման պահանջը չանենք, ապա դրա փոխարեն կնախատեսվի լրացուցիչ քննության օրվա նշանակում։ Այսինքն՝ եթե դիմորդի քննությունն ամսի 8-ին է, ինքը 14-օրյա մեկուսացումից հետո իրավունք ունի գնալ համապատասխան բուհ եւ հանձնել իր քննությունը»,- ասաց Թորոսյանը։