ՄԱԿ նախագահ, ՀՀԿ քաղխորհրդի նախկին անդամ Գուրգեն Արսենյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության մասին, որ եթե այս իշխանություններն ընտրություններ կազմակերպեն, ապա կկեղծեն դրանք․ «․․․նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետեւանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը»:
Գուրգեն Արսենյանը կարծում է, որ այս իշխանությունները ընտրություններ չեն կեղծել․ «Այդ ապառնի ռեժիմով մարդկանց կարելի է ամեն ինչի մեջ էլ մեղադրել, դա քաղաքական երկխոսության հավաստի փաստ չէ։ Երբ խոսում ես ինչ-որ բանի մասին, պետք է հավաստի փաստ բերես, որովհետեւ երբ դու բերում ես ուրիշ մարդու մտադրությունների մասին ենթադրություն․․․, հիմա ես կարող եմ, չէ՞, Ձեր վերաբերյալ ասել, որ Դուք պատրաստվում եք իմ տված պատասխանը, օրինակի համար, աղավաղել, դա, Ձեր կարծիքով, համապատասխանո՞ւմ է իրականությանը»։
- Եթե ես նախկինում աղավաղած լինեի Ձեր կամ մեկ ուրիշի խոսքը՝ գուցե։ Իսկ Փաշինյանին նման մեղադրանք ներկայացնողներն ասում են, որ նա չի խորշի վարչական ռեսուրս կիրառել, քանի որ վերջին հանրահավաքների ժամանակ կիրառել է։
- Վարչական ռեսուրսի կիրառման մասնագետներն ընդհանրապես մեղադրում են իշխանությանը վարչական ռեսուրս կիրառելո՞ւ մեջ։ Չկա Երկիր մոլորակի վրա որեւէ պետություն, որեւէ իշխանություն, որ ինչ-որ չափով չկիրառի վարչական ռեսուրսը։ Դրա համար է կոչվում իշխանություն, որովհետեւ ինքը ձեւավորում է այդ համակարգը, որի տակ կա վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրսի կիրառման 2 տարբերակ կա՝ հօգուտ եւ ի վնաս, հիմա ես դեռ վարչական ռեսուրսի ի վնաս կիրառման ակնառու դեպք չեմ նկատել այս իշխանությունների կողմից։ Ընդդիմության տեսանկյունից՝ ցավոք, Փաշինյանի տեսանկյունից՝ փառք Աստծո։
- Փաստորեն, Դուք իրավացի եք համարում իմքայլականների վրդովմունքը Տեր-Պետրոսյանի հայտարարության հետ կապված։
- Էմոցիոնալ են, էլի, իրենք կարող էին․․․, երիտասարդ են, էմոցիոնալ են, չեն ընդունում, որ իրենք դրա հիմքերը տվել են, եւ ընդունում են, որ մեղադրանքը հիմնավոր չէ, դրա համար էլ այդ վրդովմունքն է։ Չնայած ծանրակշիռ քաղաքական գործիչներն այդ հարցին կարող են վերաբերվել ըմբռնումով, օրինակի համար՝ բացատրությունով, որ ունի՞ այդ տեսակետը առաջին նախագահը, մենք կարծում ենք, որ առաջին նախագահը ցանկացած տեսակետ ունենալու իրավունք ունի, բայց առաջին նախագահի այս մտահոգություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Պարզապես հանգիստ, ոչ թե՝ վայ, իսկ դու․․․ եւ այլն։
Հայկական քաղաքական բանավեճը վերածվել է հետեւյալին՝ «իսկ դու այսպես-իսկ դու այնպես», քաղաքական միտքը փոխարինվել է անձնական բաներով։ Մեր առաջնահերթ խնդիրը քաղաքական պրոցեսներն այլ հարթություն տեղափոխելն է, մենք պետք է քաղաքական քննարկումները, քաղաքական երկխոսությունը տեղափոխենք այն դաշտը, որտեղ որ քննարկվի առաջ քաշված թեզը։ Ընդունեք, որ դա է ճիշտը, միմյանց մեղադրելով մենք անընդհատ կհայտնվենք ոչ արդյունավետ կենսագործունեության դաշտում, ոչ մի բան չի զարգանա՝ լրագրությունը չի զարգանա, քաղաքական միտքը չի զարգանա, քաղաքական գիտակցությունը չի զարգանա։