Ռուսաստանը ինքն է որոշել 1920 թվականին դառնալ Հայաստանի թշնամին

Ռուսաստանը ինքն է որոշել 1920 թվականին դառնալ Հայաստանի թշնամին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

- Պարոն Հայրիկյան, վերջին օրերին քաղաքական օրակարգի առանցքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցն է: Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը բորբոքել են քաղաքական կրքեր եւ այս քայլը անմիջականորեն կապում են Պուտինի` Հայաստան այցելության ժամանակ ձերբակալելու հնարավորության հետ: Ի վերջո` Դուք ի՞նչ գնահատական կտաք սրան:

- Եթե հաշվի առնենք, որ ընդունում են կարգավիճակ, իսկ դա ընդունելն անհրաժեշտություն է, անկասկած, դա որոշակի պարտավորություններ է ենթադրում: Եթե կան խնդիրներ, պետք է ձեռնարկվեն քայլեր, որպեսզի այդ խնդիրները նվազագույն բացասական հետևանքներ ունենան:

- Ասում եք, որ միանշանակ Հռոմի ստատուտին պետք է միանալ: Ռուսաստանի նման թշնամի ձեռք բերելն ի՞նչ կտա Հայաստանին:

- Մենք չենք որոշել թշնամանալ Ռուսաստանի հետ: Մեզնից ոչինչ կախված չէ: Ռուսաստանը հենց ինքն է որոշել 1920 թվականին դառնալ Հայաստանի թշնամին, թուրքերի հետ միասին հարձակվելով Հայաստանի վրա: Այնպես որ ամեն ինչ Ռուսաստանն ինքն է որոշել, հետևաբար այս հարցում մեզնից շատ բան կախված չէ:

- Ակնարկում եք, որ Ռուսաստանն օգնում է Թուրքիային, սակայն երբեք Ռուսաստանը Հայաստանի վրա հարձակում չի գործել: Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագիրը կարող է վրդովվեցնել նույն Ռուսաստանին և դա կարող է թանկ նստել մեզ նման փոքր ու թուլացած պետության վրա:

- Պուտինն Ալիևի հետ միասին հարձակվել է Հայաստանի վրա: Եթե նոյեմբերի 9-ը համարում ենք կապիտուլյացիա, ապա մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված քայլեր է արել: Կապիտուլյացիան մեզ պարտադրվել է Ռուսաստանի կողմից:

- Կարծո՞ւմ եք, որ Վլադիմիր Պուտինը հայերից ավելի հա՞յ պետք է լիներ:

- Պուտինը նախ կարող է մարդ լինել, եթե նա մարդ չէ, հայ լինել պետք չէ: