Պարեկայինի հրամանատարին ծեծել են մոտ 20 հոգով. նոր մանրամասներ

Պարեկայինի հրամանատարին ծեծել են մոտ 20 հոգով. նոր մանրամասներ

Գեղարքունիքի մարզում երեկ ծեծի էր ենթարկվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը: «Հրապարակ»-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ: Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սևանի «Կարապ» լողափում: Սահակյանը` ընտանիքի հետ հանգստանալիս է եղել: Նույն վայրում մի խումբ անձինք բարձրաձայն խոսել ու հայհոյել են: Սահակյանի որդին նրանց դիտողություն է արել, որից հետո լեզվակռիվ է սկսվել: Գումարտակի հրամանատարը, որ այդ ժամանակ եղել է արձակուրդում, քաղաքացիական հագուստով, փորձել է սաստել, կանխել միջադեպը: Իրավիճակը թեժացել է, շուրջ 20 հոգի հարձակվել են հոր և որդու վրա ու խմբակային ծեծի ենթարկել: 

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ծեծի հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է, միջոցառումներ են ձեռնարկվում «առերեւույթ հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»: 

Սահակյանը դեպքից հետո հոսպիտալացվել է, ժամեր առաջ դուրս գրվել հիվանդանոցից: