Նեղության ժամին հարազատի առաջ դուռը չե՛ն փակում

Նեղության ժամին հարազատի առաջ դուռը չե՛ն փակում

Գուցե օվկիանոսի մյուս ափին նեղության, դժբախտության ժամին հարազատի առաջ փակում են դռները, պարո՛ն Սինանյան, բայց Հայաստանում այդպես չէ:

Սանկտ Պետերբուրգում հրատարակվող հայկական ռուսալեզու կայքում կարդացի ԱԺ ամենից-ամենա հանձնաժողովում հնչած Ձեր հայտարարությունն առ այն, որ համաշխարհային համաճարակի պայմաններում հնարավոր ֆորսմաժորային հայրենադարձությանն աջակցելը ձեր իշխանությունը չի համարում առաջնահերթություն, որ դուք պատրաստ չեք զանգվածային հայրենադարձության: 

Թերթը վերջում հիշեցնում էր, որ Նիկոլ Փաշինյանն «աննախադեպ», համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո կոչ էր արել Սփյուռքահայությանը՝ վերադառնալ և մշտական բնակություն հաստատել պատմական հայրենիքում, այսինքն՝ հայրենադարձվել:  
Այս հրապարակումն ինձ հիշեցրեց 2018 թվականի մայիսի 14-ը, երբ նորանշանակ, ինչպես ինքն էր իրեն բնորոշում՝ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը՝ լրագրողներով շրջապատված մուտք գործեց նախարարություն, հայտնաբերեց Հրանուշ Հակոբյանի վանդակաճաղերով սակրալ սենյակը, կոտրված սեղանը: Այնուհետև Մխիթարը, մեծ հեղափոխության գաղափարի հեղինակը, ով կմնա պատմության մեջ տարբեր պատճառներով, Երվանդ Օտյանի հայտնի հերոսի՝ Փանջունու պաթոսով շատ թունդ մխիթարեց ու մեծ հույս տվեց հայ ժողովրդին: Նա ազդարարեց, որ նոր հեղափոխական կառավարությունն իր առջև դրել է հավակնոտ քաղաքական ծրագիր՝ կազմակերպել Մեծ հայրենադարձություն: 

Մեծ հայրենադարձության բոլոր հեռացած ու կենդանի մասնակիցների ու նրանց ժառանգների ոսկորները սարսռացին. «Նորից հեղափոխությո՞ւն, ու նորից Մեծ հայրենադարձությո՞ւն» : 
Պարոն Սինանյա՛ն, Դուք էլ հայրենադարձի ժառանգ եք, չգիտեմ, թե Դուք ի՞նչ զգացիք այդ պահին, բայց ես զարմանքով նայեցի երիտասարդի հեղափոխական կրակով բոցկլտացող աչքերին ու հասկացա, որ ամեն ինչ կորած է:

Պարոն Սինանյա՛ն, այն ժամանակ ես ղեկավարում էի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Թե ի՞նչ եղավ այնուհետև, կարող եք կարդալ Մխիթարի մասին իմ յոթ երգում՝ «Առավոտ» օրաթերթում հրապարակված իմ հոդվածներում, որոնք Ձեզ կարող է սիրով ու հեզությամբ ներկայացնել իմ նախկին աշխատակիցը: 
Իրականում դա անկեղծ զրույց էր վարչապետի հետ: Դա մեկնած հերթական ձեռք էր, որ մնաց օդում: Ես դադարեցրի շարքի հրապարակումը, երբ զգացի, որ սկսած զրույցը դարձավ մենախոսություն: 

Աշխատակազմը երկարատև պարապուրդի ենթարկելու, ոլորտը քանդելու, ուզածի պես նախկիններին վարկաբեկելու համար՝ ջահել նախարարը պարգևատրվեց և դարձավ ավելի կարևոր պերսոնա՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, Սփյուռքի սուպերհանձնաժողովի սուպերնախագահ: Դա լիովին տեղավորվում էր հեղափոխության վառ տրամաբանության մեջ: Հեղափոխականն անսխալական է ու վերջ, դա էր լռության պատասխանը:   
 
Ես աշխատել եմ մինչև նախարարության ստեղծումը և հետո՝ տաս տարի նախարարությունում ու տասնվեց օր՝ «նոր» Հայաստանում: Պարզվեց, որ 16  օրը բավարար ժամանակ էր, հասկանալու համար իրողությունը:

Հիշում եմ, երբ մշտադիտարկում էինք սփյուռքյան մամուլը, կարդում, լսում էի գրագետ, հայերեն լեզվամտածողությամբ Ձեր թունդ քննադատությունները՝ ուղղված նախորդ իշխանություններին, մի ներքին համակրանք էի տածում Ձեր հանդեպ:

Ես առավել օբյեկտիվորեն, ներսից էի տեսնում համակարգի թերություններն ու առավելությունները: Ինձ էլ շատ բան դուր չէ՛ր գալիս երկրում, մտածում էի, որ պետությունն ավելի ուժեղ կարող էր լինել, պետական կառավարման համակարգն՝ ավելի արդյունավետ, կարդրային քաղաքականությունն՝ ավելի արդար: 

Երբ Ձեզ նշանակեցին, անկեղծորեն ուրախացա, հույսեր տածելով, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը կարող է և զարգանալ:

Ձեր նշանակման հենց առաջին օրից՝ հունիսի 14-ն էր կարծեմ, ես ամենատես աչքի նման հետևում Ձեզ և սպասում եմ: Դեռ ստանում եմ ձեր գրասենյակի՝ շատ հազվադեպ տարածվող, աղքատ հաղորդագրությունները: 

Անընդհատ կուտակվում, կուտակվում են հարցերը, որոնք Ձեզ չեն տալիս լրագրողները, որովհետև դուք հարցազրույցներ եք տալիս միայն Ձեր սրտի լրատվամիջոցներին: Պոլիգլոտ, արևմուտքից եկած գալանտ հանձնակատարի  զրույցներն այնքա՜ն հարթ են ընթանում, սիրուն, առանց ինտրիգների, առանց արտառոց դեպքերի, առանց լրատվական բումերի: Ինձ համար դա շատ տարօրինակ խաղաղության վիճակ է: Բայց Ձեր պարագայում այն չափազանց անբարենպաստ է, եթե առաջնորդվենք այն հնամենի ճշմարտությամբ, որ աղմուկն ու քննադատությունը, նաև սխալներն այնտեղ են, որտեղ գործ է արվում, և, ճիշտ հակառակը՝ անտարբերությունը, լռությունը, մոռացությունն այնտեղ, որտեղ ոչինչ չի արվում:
Արդար չէ. եթե երբեմն ստիպված ասուլիսներ չտաք, քար լռություն է, ոչ ոք չի հիշում Ձեր ու ձեր գրասենյակի գոյության մասին, ափսոս:
Միայն իմ հարցաշարում են ավելանում հարցերը: 
Գու՞ցե մասնագիտական թերություն է, գու՛ցեև պարզապես վերլուծական ունակության դրսևորում, չեմ կարող ասել.

Պարոն Սինանյան, ես լսել եմ Ձեր բոլոր հարցազրույցները, ասուլիսները, կարդացել՝ թերթերում հրապարակված հարցազրույցները, հաղորդագրությունները և մի զարմանալի օրինաչափություն եմ բացահայտել. Դուք, հավասարապես խոսում եք հարթ գեղեցիկ, զտարյուն հայերեն, անգլերեն, որքան էլ զարմանալի է, նաև՝ ռուսերեն լեզվամտածողություններով:
Դուք իրավաբան եք, քաղաքագետ, գուցե չե՞ք նկատել կամ զգացել, բայց ցավոք հայերենի հարուստ բայաձևերից դուք օգտագործում եք միայն ժխտական և ըզձական ժամանակաձևերը: Ձեր բառաֆոնդում բացակայում է, օրինակ՝արել ենք, անում ենք ձևերը: 

Ինձ հատկապես զարմացրեց տարվա Ձեր՝ ամփոփիչ ասուլիսի պատասխանները՝ չգիտե՛մ, չեմ կարող ասել, տեղեկացված չեմ, մեր գործառույթը չի, չենք մտածել ու փող չենք փոխանցել համաճարակի հետևանքները վերացնելուն ուղղված հիմնադրամին, և այսպես շարունակ, ապա՝ անելու ենք, մշակելու ենք, իրականացնելու ենք, կազմակերպելու ենք և այլն: 
Արթնաց՛եք իշխանության թմրանյութի վայելքից: Դուք արդեն ուշացել եք գնացքից:
Վերջին ասուլիսում, որը վերաբերում էր համաճարակին, դուք խոսում էիք այլ գերատեսչությունների աշխատանքների ու գործառույթների մասին և 0 տեղեկությունՍփյուռքից:
Մամլո ասուլիսներ՝ ոչնչի մասին:

Ակամայից հիշեցի 2016-ի ապրիլը, երբ նախարարությունն աշխատում էր մեղվափեթակի պես, տուն էի գալիս 9-ին, 10-ին, 11-ին: Ի տարբերություն Լենա Նազարյանի և ողջ վերին էշելոնի, նախարարը պայման էր դրել, որ Սփյուռքի նախարարությունում աշխատելու են միայն նվիրյալները: Գուցե մեր հնարավորություններից շատ ավելի բեռ էինք վերցրել, գուցե երբեմն աշխատանքներն արդյունավետ չէին, գուցե լավ չէինք ներկայացնում, գուցե երբեմն մտածում էինք, որ Սիզիփոսի քար ենք գլորում, ու մեր աշխատանքներում առկա է ոգևորության ավելցուկը, բայց այդպես էր սահմանված և մենք ընդունել էինք պայմանը: Պարգևավճար ստանում էինք տարին երկու անգամ՝ ըստ կատարողականի, այդ մասին՝ հետո: Ու մենք աշխատում էինք անխոնջ մշակի պես՝ անտրտունջ: Հիշում եմ, մեկ օրում առաքում էինք 4, 5, 6 հաղորդագրություն՝ ահաբեկելով լրատվականների աշխատողներին:

Ապրիլին ամբողջ տեղեկատվությունը հավաքվում էր իմ ղեկավարած վարչությունում: Պատրաստել էինք 65 էջանոց տեղեկանք Սփյուռքում իրականացվող տարաբնույթ աշխատանքների, օգնության մասին, և մեր նախարարը՝ ասուլիսի, կամ կառավարություն, նախագահական էր գնում՝ ունենալով բոլո՛ր հարցերի պատասխանները:
  
Հիմա՛ էլ, պարո՛ն Սինանյան, պարզվեց, որ հայրենադարձությունն էլ ձեր գործառույթն ու առաջնահերթությունը չէ: 

Ի չիք եք արել Սփյուռքում հայապահպանությանը միտված բոլոր ծրագրերը: Հարցազրույցներից մեկում ասացիք, որ Սփյուռքի դպրոցներին դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի առաքումը 2019 թ. չի իրականացվել, քանի որ  գործառույթը ուշ է փոխանցվել սուպերնախարարությանը: Եվ զարմանալին այն էր, որ լրագրողը չհարցրեց, թե ինչո՞ւ է ուշացել, ո՞վ է ուշացրել, ո՞վ է մեղավոր, և արդյո՞ք վարչական պատասխանատվության ենթարկվել է մեղավորը: Հիշում եմ մեր նախարարին ու մեզ լրագրողները բզկտում էին հարցերով: Ուզում եմ նրանց հարցնել. Հիմա գլխավոր հանձնակատարին հարցեր տալի՞ս եք, որտե՞ղ են դրանց պատասխանները:

Արդյունքում Սփյուռքի դպրոցները մնացել են ձեռնունայն, առանց դասագրքերի: Բայց հոգ չէ, դուք այնտեղից եք եկել և, ըստ օդում կախված լուրերի՝ հայտարարել եք, որ միևնույն է, երկու-երեք տարուց Սփյուռքը ձուլվելու է, անիմաստ է պայքարել սպիտակ ջարդի դեմ և դրամ ծախսել: Հայապահպանությունը հանել եք ձեր՝ այսպես կոչված ուղղություններից: 
Քաղաքականության, ռազմավարության և հայեցակարգի մասին դեռ չենք խոսում: 
Այդ ամենին կանդրադառնամ հաջորդ հարպարակումներում, հիմա դառնանք հայրենադարձությանը:

Ցավում եմ, որ նախորդ իշխանությունը որոշակի աշխատանքներ իրականացնելով՝ քաղաքական կամք չդրսևորեց՝ ընդունելու նախարարության նախաձեռնությամբ և տարբեր համապատասխան կառույցների, գիտնականների մասնակցությամբ  մշակած՝ Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը դեռ 2011թ. նախարար Հրանուշ  Հակոբյանը ներկայացրել էր կառավարությանը, որտեղ այն հաստատվել էր, բայց չընդունվեց ազգային ժողովում: Հիմա խոսում եք Աժ սուպերհանձնաժողովում քննարկվող ինչ-որ նախագծի մասին: Հուսամ՝ երբևէ հնարավորություն կունենամ համեմատել:

Նախագիծը չընդունվեց, սակայն, պարո՛ն Սինանյան, երբ Իրաքի, այնուհետև Սիրիայի մեր հայրենակիցները հայտնվեցին ծանր, պատերազմական իրավիճակում այդ նույն նախորդները չասացին՝ պատրաստ չենք, առաջնահերթություն չէ: Հայրենիքի դռները լայն բացեցին աղետյալ հայրենակիցների առջև, որովհետև սա ոչ թե Ամերիկան է, այլ՝ Հայաստանը: Կատարվեց ահռելի, անուրանալի աշխատանք, և այդ աշխատանքն իրականացնողների մի մասը դեռ Ձեր գրասեյակում են աշխատում: Եթե չեք ծանոթացել Սիրիահայերի, Իրաքահայերի ընդունմանն ու ինտեգրմանն ուղղված աշխատանքներին, ապա դա պարզապես խայտառակություն է, եթե ծանոթ եք ու մատնանշում եք միայն իրավական բացերը, անհեթեթություն անվանում, կամ ժխտում եք արվածը, դարձյալ խայտառակություն է:

Պարոն սփյուռքահայ հանձնակատա՛ր, ձեր իշխանությունը, ինչպես բոլոր հեղափոխական ժամանակավոր իշխանությունները, ուրացող իշխանություն է, աղբյուրի ակից խմող ու այդ ակի մեջ անընդհատ թքող իշխանություն է:
 

Եկել նստել եք դեռ իներցիայի ուժով գործող, 30 տարի սխալների, նվիրումի աշխատանքների, տքնանքի շնորհիվ կառուցված պատրաստի պետական ինստիտոիտների վրա, օգտվում եք ստեղծված և կատարելագործված բոլոր մեխանիզմներից ու հնարավորություններից, շռայլորեն ինքնապարգևատրվում եք և ուրանում:
 

Դուք կատարյալ ուրացող, հավատուրաց նեոբոլշևիկներ եք, կեղծ ֆուտուրիստներ: Եվ այդ ամենը չե՛ք էլ թաքցնում, որովհետև այսօր ասելիք ու անելիք չունեք, դուք առաջնորդվում եք նրա՛նց մշակույթի կարգախոսով՝ «Հանուն վաղվա օրվա՝ այրել Ռաֆայելին»:
 Ու դուք այրում եք անցած 30 տարվա պատմությունը, այրում եք կամուրջները անցյալի հետ: Եվ մեզ՝ երկրի իրական տերերիս վերագրում եք գունային ավելի սուր կոնտրաստ՝ սևուճերմակ, կարմիր-ճերմակի փոխարեն: Բայց դուք մոռացել եք, որ մեկ դար է անցել այդ եղկելի հեղափոխությունից: Մենք այլևս այն խեղճուկրակ ապուպապերը չենք, մի բան էլ Լենինի ու Ստալինի վրեժը սև անվանողից կհանենք: 

Դեռ մղկտում է իմ ու ուրիշների ազնվական, կուլակաթափ, ձայնազուրկ արված, աքսորված գերդաստանների կրած ցավը: 

Այս ամենը ես ասել եմ 2018թ. մայիսի 31-ին՝ 100 սփյուռքահայ լրագրողի ներկայությամբ և կրկնում եմ այսօր: Իմ դավաճան ընկերները, հուսամ տեսագրությունը պինդ պահել են, անգամ ուղարկել ԱԱԾ: Պարոն Սինանյան կարող եք վերցնել և լսել տեսագրությունը:
Նման վտանգավոր իրավիճակի համար հող ստեղծող նախորդները դեռ քաշելիք ունեն, ապաշխարելիք ունեն, դեռ ունեն քավելու մեղքեր: Դրա մասին ևս կխոսենք:

Բոլոր հեղափոխությունները նաև եղբայրասպան, հավատուրաց կործանարար տարերք ունեն, և ձերը բացառություն չէր: 

Երբ նավավարի փոխարեն  լյումպենն է բռնում իշխանության նավի ղեկը, այն  խորտակվում է:

Ընկնում են ավազի ժամացույցի վերջին հատիկները:

Հ.Գ  Հայրենադարձության խնդրին առավել հանգամանալից կանդրադառնամ  հաջորդիվ:

Էվելինա Բաղդասարյան