Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջը վերջին շաբաթներին վերածել է արցախահայերին օգնություն ցուցաբերելու, աշխատանք փնտրելու հարթակի: Նա ամեն օր հայտարարություններ, ծառայությունների առաջարկներ է տեղադրում, կոնտակտներ փոխանցում արցախահայերին:
Զոհրաբյանի խոսքով` իր ֆեյսբուքյան էջը List.am-ի է վերածվել, սակայն կարեւորն այն է, որ արդյունք կա: Մարդիկ կարողանում են աշխատանք ու կացարան գտնել։ «Մարդկանց համար ամեն ինչը կարեւոր է: Ցանկացած նման դեպքում, երբ պետությունը չի գործում, բացառությամբ որոշ դեպքերի, լինում է հենց այսպես: Հասկանում եմ, որ ծավալն ահռելի է, բայց մարդիկ ցեղասպանությանը հավասար հայտնվել են վերջին հարյուր տարվա ամենախոշոր հումանիտար ճգնաժամի առաջ: Ես ամեն օր արթնանում եմ ու սարսափով եմ հեռախոսը վերցնում: Օրական կտրվածքով մի քանի հազար նամակ եմ ստանում: Դրանք խնդրանքներ են: Մի պահ փորձեցի մոնիտորինգ անել, թե որն է առաջնային խնդիրն արցախցիների համար, սակայն պարզվեց, որ ամեն բան առաջնային է` կացարան, գույք, հագուստ: Այդ մարդիկ ամեն ինչի կարիք ունեն: Ես դիմում եմ մեր երկու պարազիտ ընդդիմադիր խմբակցություններին՝ գոնե ինչ-որ բանով արդարացրեք ձեր գոյությունը: Արտահերթ նիստ գումարեք ու բերեք մի օրենքի նախագիծ, որը կկանխի հեռավոր գյուղերում գոմը ամսական 350 հազար դրամով վարձով տալու այս խայտառակ երեւույթը:
Պետք է հստակ սահմանել վարձով տների գները: Սա անամոթության վերջն է: Կանխատեսում եմ, որ մի քանի ամսից կարող է հայաստանցիների եւ արցախցիների միջեւ պատերազմ սկսվել: Ճարահատյալ՝ արցախցիներն անտրամաբանական գներով տներ են վարձել: 1-2 ամսից պատերազմական գործողություններ են սկսվելու: Մարդիկ, բնականաբար, չեն կարողանալու նման ահռելի թվեր վճարել, իսկ տանտերերը, մի մասը՝ օբյեկտիվորեն, մի մասն էլ՝ սուբյեկտիվորեն, պահանջելու են գումարը: Արդյունքում լինելու է այն, ինչ երազում է Նիկոլ Փաշինյանը: Այդ ամենը կանխելու համար պետք է օրենքով արգելել այս խայտառակությունը:
Պետությունը ոչինչ չի անում, իսկ ես միայնակ չեմ կարող այդքան հարց լուծել: Էջս էլ փակման վտանգի տակ է: Վերջին նախազգուշացումն եմ ստացել: Կա՛մ պետությունը պետք է որոշակի ֆունկցիաներ իր վրա վերցնի, կա՛մ էլ այդ մարդիկ եւս մի դժոխքի մեջ են հայտնվելու: Մարդիկ ոչինչ չունեն: Անգամ կան մարդիկ, որոնք հողաթափերով են տնից դուրս եկել: Սփյուռքն էլ իր հերթին է «կրուտիտներ» անում: Ոչ մի հստակ օգնություն: Համեմատության մեջ՝ միայն Ռուսաստանի հայերն են ինչ-որ տեսանելի բան անում: Սարսափելին այն է, որ հանրային դեմքերն էլ ակտիվ չեն, ես եմ, Սոֆյա Հովսեփյանը եւ էլի մի քանի հոգի, ու վերջ…. մեզանով հարց չի լուծվելու՝ գլոբալ առումով, սա համազգային դժոխք է: Մենք հիմա զբաղված ենք «լեժանկա» ու օրորոց փնտրելով, բայց պետք է Հայաստանը բանակցի կիրթ Ալիեւի հետ, որպեսզի այս մարդիկ կարողանան Հայաստան բերել գոնե իրենց գույքը: Դրա համար կան միջազգային խաղաղապահներ: Այսօր մի ընտանիքի հետ եմ ծանոթացել, որն իր հսկայական գինու արտադրամասն է թողել Արցախում…. Այսօր մենք պետք է քննարկեինք այս մարդկանց՝ Արցախ վերադառնալու հարցը, սակայն, ցավոք, քննարկում ենք նման հարցեր…. Նշեմ նաեւ, որ մոտ 30 հազար արցախցի մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մենք կարող ենք լավագույն դեպքում «լեժանկայի» հարց լուծել ու մարդկանց օգնել, որ փախլավա ու ժենգյալով հաց վաճառեն»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: