Էջմիածնի քաղաքապետարանից բազմազավակ մորն առաջարկում են երեխաներին հանձնել մանկատուն

Էջմիածնի բնակիչ Հայկուշ Ֆռնզյանը իր 6 անչափահաս երեխայի հետ անօթևան դառնալու վտանգի առջև է կանգնած։
Կնոջ 2 երեխան առողջական լուրջ խնդիրներ ունեն, 7 տարեկան տղայի գլուխն ընդհանուր 12 անգամ արդեն վիրահատել են, վերջինը` ամիսներ առաջ։
Հայկուշն աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանում. գիշերները փողոցներն է մաքրում։
Նա մեզ հետ զրույցում ասաց. «Մեծ տղաս հաշմանդամություն ունի, մյուս երեխաս էլ բրոնխների հետ կապված խնդիր ունի։
Արդեն 21 տարի է այստեղ ենք ապրում, ամուսին չունեմ, բաժանված եմ։ Նախկին ամուսնուս տեղը չեմ էլ իմանում։ Հիմա վարձով եմ մնում, գիշերը գնում եմ, առավոտ` գալիս։ Հիմա չեմ կարողանում տան վարձը վճարել»։
Կնոջ խոսքով` դիմել է Էջմիածնի քաղաքապետարան` խնդրանքով, որ իրեն կացարան կամ վագոն֊տնակ տրամադրեն, սակայն մերժել են` առաջարկելով երեխաներին տանել մանկատուն. «Դիմել եմ քաղաքապետարան, որ գոնե փակովի տարբերակով դոմիկ ձեռք բերեմ, իրենք ոչ մի բան չեն ասում, ասում են` չես կարում պահես, հատուկ կենտրոններ կան, տար, էրեխեքիդ հանձնի... Իմ էրեխեքը հաճախակի բացակայել են դպրոցից, որ փոքրերին նայեն, ես ցերեկները այլ տեղ էլ աշխատեմ, ասում են` էրեխեքիդ հաշվին ես ապրում, կվերցնենք, կտանենք մանկատուն։
Քաղաքապետարանը գցում ա Սոցապի վրա, Սոցապը` քաղաքապետարանի։ Ասում եմ` ինձ մի տեղ տվեք, հիմա չեմ կարում ապրեմ, ձեր գիշերային աշխատողն եմ։ Իմ մի էրեխեն ցնցվող երեխա ա, պետք ա նայեմ։ Ես մենակ եմ մնացել իմ էրեխեքի հետ»։
Մենք փորձեցինք զանգահարել համայնքապետարան, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։
Նշենք, որ հարցի կապակցությամբ նամակ ենք գրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին. պատասխան ստանալու դեպքում այն կհրապարակենք։
Կարծիքներ