«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը մայիսի 24-ին, ժամը 15:00-ին Հայաստանի Նկարիչների միությունում «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն է կազմակերպել։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ 2 տարիքային խմբերում (մինչև 10 և 10-15 տարեկան), որոնք իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները:
Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ՝ միջազգային ժյուրիի կողմից ընտրված։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում է խաղաղության երազանքներ ու պատկերացումներ՝ երեխաների տեսանկյունից։ Միջոցառման ընթացքում կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր ուսուցիչներին և կրթական հաստատություններին, ինչպես նաև հատուկ մրցանակներ։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը, որը կդառնա միջազգային հարթակ, որտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության, համերաշխության և հույսի ուղերձներով։
