«Հրապարակ». ԱԳՆ-ում դժգոհ են, բայց դեռ լռում են

«Հրապարակ». ԱԳՆ-ում դժգոհ են, բայց դեռ լռում են

ԱԳՆ-ում լուրջ ներքին դժգոհություն է ձեւավորվում: Պատճառն այն է, որ նախարար Մնացականյանը բոլոր պաշտոններում իր մտերիմներին ու ընկերներին է նշանակում՝ փոխնախարարից մինչեւ բաժնի պետ ու դեսպան: Եթե նախարարի «հավատարիմը» չես, ապա լուրջ խնդիրներ ունես կարիերային աճի հարցում: Նախարարի բոլոր տեղակալներն իր ընկերներն են: Նույնն էլ՝ դեսպանների, վարչության պետերի պարագայում: Դժգոհները չեն բացառում, որ փակ նամակով կդիմեն վարչապետին, քանի որ Նալբանդյանի ու Մնացականյանի ժամանակների միջեւ էական փոփոխություն չկա, ու ԱԳՆ-ում «հեղափոխություն չի եղել»:

Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնյաները, եւ որքանով են արդարացի այն դժգոհությունները, որ Մնացականյանն իր մերձավորներին է նշանակում։ Մեզ պատասխանեցին․ «ԱԳՆ-ն մասնագիտական կառույց է՝ բաղկացած հիմնականում դիվանագիտական ծառայողներից: Նման հարցադրումն անտեղի է հենց այն պարզ պատճառով, որ ԱԳ նախարարը, շուրջ 3 տասնամյակ աշխատելով ԱԳՆ համակարգում, համատեղ աշխատանքի եւ միասին դիվանագիտական ճանապարհ անցնելու շնորհիվ լավագույնս ծանոթ է դիվանագիտական անձնակազմին։ Որոշման ընդունման գործընթացն ԱԳՆ-ում ներառական է, որին, ըստ պաշտոնի, մասնակցում են նաեւ համապատասխան ստորաբաժանման ղեկավարները եւ ներկայացուցիչները։ Համոզված ենք, որ դիվանագիտական ծառայության էությունը խեղաթյուրող եւ սին պնդումներն արժանի չեն ո՛չ մեր, ո՛չ էլ չորրորդ իշխանություն հանդիսացող անաչառ լրագրության ուշադրությանը»: