Ինքը բոլորի համար ոչ միայն գյուղապետ է եղել, այլ հարազատ մեկը․ Որոտանի համայնքապետի կինը՝ ամուսնու ձերբակալության մասին

Ինքը բոլորի համար ոչ միայն գյուղապետ է եղել, այլ հարազատ մեկը․ Որոտանի համայնքապետի կինը՝ ամուսնու ձերբակալության մասին

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի կինը ամուսնուն ձերբակալելուց հետո նրա հետ չի խոսել, նրանից տեղեկություն չունի։ Օհանջանյանի կինը՝ Ալիսա Զաքարյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչո՞ւ իր ամուսինը հայտնվեց իշխանությունների թիրախում, ասաց․

«Ճիշտն ասած՝ մենք էլ չգիտենք, թե ինչի համար, բայց փաստը մնում է փաստ, որ ներկայիս իշխանությունը չգիտեմ՝ ինչ առումով, ձերբակալել- տարել են, չգիտեմ, մենք էլ ենք այսպես անորոշ վիճակում։ Իրենք ինչ-որ թղթերով եկել էին, թե ձեր տունը պիտի խուզարկության ենթարկենք, ինչ-որ թղթեր էին ման գալիս, որ պիտի գտնեին, դա կապված էր այս ընտրությունների հետ, բայց ոչ մի թուղթ էլ չգտան»,- ասաց տիկին Ալիսան։ Հիշեցնենք, որ Սուրեն Օհանջանյանին ձերբակալել, ապա նաև 2 ամսով կալանավորել են այն բանի համար, թե իբր նա համագյուղացիներին ասել է, որ եթե «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկեն, ապա սոցիալական աջակցություն կստանան։ 

- Տիկին Զաքարյան, համայնքի բնակիչները աջակցո՞ւմ են համայնքապետին, Դուք զգում եք աջակցություն։

- Այո, իհարկե։ Որովհետև ինքը բոլորի համար ոչ միայն գյուղապետ է եղել, այլ հարազատ մեկը, բոլորի համար էլ ինքը ինչ կարողացել, արել է,  թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին ինքը բոլորի կողքին է եղել, տխրության ու ուրախության առիթները կազմակերպել է, ինչքանով կարողացել, օգնել է։

- Ի՞նչ մասնակցություն է ունեցել համայնքապետը պատերազմներին, Սյունիքի պաշտպանությանը։

- Այո, ինքը մասնակցել է պատերազմներին, առ այսօր էլ ինքը սահմանները հսկում էր, մինչև կալանավորման օրը։

- Հիմա ժամանակներն այնպիսին են, որ իշխանություններին քննադատողները ձերբակալվում են, Ձեր ամուսինը հաճա՞խ էր քննադատում իշխանություններին։

- Ոչ, ինքը պարզապես սահմանների մասին էր մտածում, որ թշնամին շատ մոտ է, պետք է գյուղից ինչ-որ հեռավորություն պահպանվի, ինչ-որ չեզոք զոնա լինի, որ թուրքերը հեռու լինեն, որ գյուղացիները ապահով լինեն։

- Իսկ համայնքի բնակիչները, Դուք պատրաստվո՞ւմ եք ի աջակցություն համայնքապետի ակցիաներ անել։

- Եթե ես իմանամ, որ ինչ-որ բանով կարող եմ օգնել, որ պիտի օգնեմ, ես ամեն ինչ էլ կանեմ , և գյուղացիներն էլ գալիս են, առաջարկում են իրենց օգնությունը։

- Դուք իշխանություններից արդարություն սպասո՞ւմ եք, կարող են Ձեր ամուսնու գործը արդար քննել։

- Եթե անմեղ մարդուն բռնել-տարել են, էսքանից հետո էլ ի՞նչ սպասեմ, եթե օրենքի սահմաններում են ուզում, բայց անմեղ մարդուն բռնել- տարել են, էլ ես ի՞նչ ասեմ։