Չենք տեսել, հետը չենք խոսել․ Ախուրյանի փոխհամայնքապետը՝ համայնքապետի հրաժարականի մասին

Չենք տեսել, հետը չենք խոսել․ Ախուրյանի փոխհամայնքապետը՝ համայնքապետի հրաժարականի մասին

Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին շտապել է ֆեյսբուքյան էջով «ավետել» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Ի հեճուկս վերջին օրերին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավարի և համայնքի ղեկավարի դաշնակցական առաջին տեղակալի այն պնդումներին, որ Ախուրյան համայնքում կառավարման ճգնաժամ չկա, այսօր, Ախուրյան համայնքի դաշնակցական ղեկավար Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։Մի առիթով ասել էի` կապրենք, կտեսնենք»,- գրել է նա։ 

Որքան էլ փորձեցինք շուրջ 25 տարի համայնքը կառավարած Արծրուն Իգիթյանից պարզաբանում ստանալ, չհաջողվեց, քանի որ նրա երկու բջջային հեռախոսահամարն էլ անջատված էին, իսկ համայնքապետարանից տեղեկացրին, թե նրան երեկվանից չեն տեսել։ Իգիթյանի հրաժարականը ոչ միայն տարակուսելի էր, այլև գրեթե անակնկալ էր, քանի որ օրեր առաջ համայնքապետն ինքն էր հանդես եկել հայտարարությամբ եւ ընդգծել, թե ՔՊ-ին ոչինչ չի հաջողվելու, իր դաշինքի անդամները միասնական են ու մարտական տրամադրված ։

Ինչևէ, մեզ հաջողվեց կապ հաստատել Ախուրյանի փոխհամայնքապետ, Արծրուն Իգիթյանի թիմակից, դաշնակցական Կարեն Արշակյանի հետ։ «Ինձ համար լրիվ անակնկալ էր, չեմ տեսել իրեն, չենք խոսել, միայն գիտեմ, որ երեկ երեկոյան ժամը 17;00-ից հետո դիմումը ներկայացրել է, մուտքագրվել է, չգիտեմ՝ ինչու համար է անակնկալ կերպով հրաժարական ներկայացրել, այս պահին բոլորս էլ զարմացած ենք, իրոք պատճառների մասին չեմ կարող ասել»,- Hraparak.am-ին ասաց Կարեն Արշակյանը։

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեից նույնպես փորձեցինք պարզաբանում ստանալ՝ արդյոք նախապես տեղյակ էին Իգիթյանի հրաժարականի  մասին, կուսակցության, թե նրա անձնական որոշումն էր։ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի անդամ Մհեր Մելքոնյանը մեզ տեղեկացրեց, թե նիստի են, կխոսի ավելի ուշ, որից հետո նա մեզ հետ կապ հաստատեց ՝ ասելով, թե այդ հարցի վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չեն տա՝ զերծ մնալով այլ խոսակցություններից, կխոսի մի քանի օրից։ «Եկեք, այս պահին չպատասխանեմ որևէ հարցի՝ տեղյակ էինք, տեղյակ չէինք, անպայման դեռ կխոսենք»,-ասաց նա։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ախուրյանում կրքերը չէին հանդարտվում։ Իշխող ՔՊ կուսակցությունն ամեն գնով փորձում էր հասնել Իգիթյանի հրաժարականին։

Ավելի վաղ գրել էինք, որ համայնքապետ Արծրուն Իգիթյանի թիմակիցները նախաձեռնել էին ստորագրահավաք, որպեսզի նրան անվստահություն հայտնեին։ «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները մտադիր էին ավագանու նիստին ՀՅԴ-ական համայնքապետին անվստահություն հայտնել՝ համայնքապետի պաշտոնում առաջադրելով Կարեն Արշակյանի թեկնածությունը: Իգիթյանի թիմակիցները սցենար էին մշակել նրան անձեռնմխելի դարձնելու համար: ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Իգիթյանին անվստահություն հայտնելուց հետո, դեմ են քվեարկում Կարեն Արշակյանին, որից հետո Իգիթյանը կշարունակեր պաշտոնավարել ևս մեկ տարի։ Սակայն մինչ գործող համայնքապետի թիմակիցները նրան անձեռնմխելի դարձնելու պլան էին  մշակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործուն քայլեր էր  ձեռնարկել․ օգտվելով ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետից, նրանք նույնպես առաջադրել են իրենց համայնքապետի թեկնածունին՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանին: ՔՊ-ականները հայտարարել էին, որ համայնքում իշխանափոխության են գնում, ինչին ձգտում էին Արծրուն Իգիթյանի ընտրվելու պահից։

Նշենք, որ Իգիթյանի թիմակիցներից ավագանու 2 անդամ էլ  խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ ավագանի գործելու դիմում էին ներկայացրել:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով ստանձնել են Ախուրյանի կառավարումը:

Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկայում պատրաստվում է Ախուրյանում անցկացնել ավագանու արտահերթ նիստ` համայնքապետի պաշտոնում առաջադրելով Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանին։