Պետդեպն անդրադարձել է «Լիդիանին»

Պետդեպն անդրադարձել է «Լիդիանին»

ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը: Նման զեկույցներում հայաստանյան շրջանակներում սովորաբար ուշադրություն է դարձվում քաղաքական հատվածներին, ժողովրդավարության, կոռուպցիայի հետ կապված հարցերին: Այս տարվա զեկույցում շատերի աչքից կարծես վրիպել է մի կարեւոր դրվագ: «Աշխատողների իրավունքներ» բաժնում Պետդեպարտամենտի զեկույցը առանձին պարբերությամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Թեեւ ընկերության անունը չի նշվում, բավականին հստակ է, որ խոսքը «Լիդիան» ընկերության եւ Ամուլսարի ծրագրի մասին է: Այսպես․ զեկույցում նշվում է. «Մեկ առանձին դեպքով հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները եւ կապալառուները զրկվել են աշխատելու իրավունքից՝ ցուցարարների կողմից ճանապարհները փակելու հետեւանքով: Ճանապարհների շարունակական, մի քանի ամիս տեւող շրջափակումը հանգեցրել է աշխատանքների դադարեցման, ինչն իր հերթին բերել է ընկերության եւ կապալառուների մոտ 1400 աշխատատեղերի կրճատմանը»:  

Այս կարճ պարբերությամբ ԱՄՆ Պետդեպը, փաստորեն, փաստում է, որ ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Թերեւս հասկանալի կլիներ, եթե Ամուլսարը փակ լիներ կառավարության որոշմամբ, եւ 1400 մարդ աշխատանքից զրկված լիներ որեւէ իրավական հիմնավորմամբ: Բայց ԱՄՆ Պետդեպը շեշտում է, որ մարդիկ զրկվել են աշխատանքի իրավունքից՝ ցուցարարների կողմից ճանապարհները փակելու հետեւանքով: Այն հանգամանքը, որ Պետդեպը զեկույցում նշում է, որ ճանապարհները փակ են մի քանի ամիս, եւս թափանցիկ ակնարկ է, որ կառավարությունը չի կատարում իր իրավական պարտավորությունները սեփական երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հանդեպ: