Երեկ Սիսիանում մարտի 26-ին կայանալիք ընտրություններին թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն էր: ԿԸՀ-ից տեղեկացանք, որ մրցապայքարի հայտ է ներկայացրել երեք ուժ՝ Քաղպայմանագիրը, «Քաղաքացու որոշումը» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
ՀՀԿ-ի թեկնածուի մասին մենք ավելի վաղ գրել էինք, որ նա Սիսիանի ՀԷՑ-ի տնօրեն Ջիվան Մարգարյանն է, դրանից առաջ էլ Մարգարյանը եղել է ՀՀԿ-ի Սիսիանի գրասենյակի ղեկավարը:
Մարգարյանն անդրադառնալով Սիսիանում կայանալիք ընտրություններին, մեզ հետ զրույցում նշեց. «Չգիտեմ, թե ինչու իմ թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրեց, սակայն մի բան կարող եմ ասել, որ ես իմ ցանկությամբ եմ առաջադրվել: Էսօր պետք ա գրանցվեմ, քարոզարշավը կսկսվի ավելի ուշ»:
Մեր այն հարցին, թե ի՞նչ շանսեր ունեք Դուք, հասարակությունը Ձեզ վստահո՞ւմ է, սիրո՞ւմ է արդյոք, մեր զրուցակիցն ասաց. «Ես հո սիրուն աղջիկ չեմ, որ մարդիկ ինձ սիրեն կամ հավանեն: Քվեարկության արդյուքները ցույց կտան, թե մարդիկ ում են վստահում և ում են հավատում»- ասաց Մարգարյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունն ինչո՞ւ է Սիսիանում այսքան պասիվացել, օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը նախորդ անգամ բավականին ձայն էր ստացել՝ 4 մանդատ ուներ ավագանիում, այս ընտրություններին որոշել է չմասնակցել, մնացյալ ընդդիմադիրներն էլ առանձնապես ակտիվություն չեն դրսևորում, գուցե Ձե՞զ են որոշել աջակցել, հարցրեցինք ՀՀԿ-ի թեկնածուին։ Մեր զրուցակիցը նշեց. «Մի քանի ուժ մասնակցելու է, մնացածը ես չգիտեմ: Պետք ա քարոզարշավ լինի, ես դրանից հետո մանրամասն կխոսեմ, հիմա սարերում եմ, մարտի 1-ից քարոզարշավը կսկսվի», - խոսքը եզրափակեց Ջիվան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունները Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցան աղմկոտ, մի քանի ուժ հաղթահարեց անցողիկ շեմը, բայց նրանցից ոչ մեկը որակյալ մեծամասնություն չունեցավ։ Նաեւ կոալիցիա չկարողացան կազմել, ավագանու ոչ իշխանական անդամներից մեկին՝ Արման Բաբաջանյանի կուսակցության թեկնածուին, համոզեցին, մասնակցեց, մի նիստ արեցին, սակայն ՔՊ-ի թեկնածուն այդպես էլ չկարողացավ անցնել իր պարտականությունների կատարմանը, եւ ստիպված եղան համայնքապետի ԺՊ-ին «հրաժարեցնել» ու գնալ նոր ընտրությունների: Ահա, նոր ընտրությունները նշանակված են մարտի 26-ին, եւ Սիսիանը պատրաստվում է դրանց: