Ի՞նչ պիտի տար Նիկոլը, որ չի տալիս

Ի՞նչ պիտի տար Նիկոլը, որ չի տալիս

Երասխում տեղի ունեցողն արդեն սահմանային միջադեպ չէ, այնտեղ նորմալ մարտեր են ընթանում: Իսկ ըստ տելեգրամյան ալիքներից մեկի՝ Արցախի Մարտունիի շրջանում թշնամին ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակվել է հայկական հենակետի վրա։ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է, սակայն արդեն էական էլ չէ, թե որքանով է ստույգ այդ տեղեկատվությունը: Կարեւորը թշնամի երկրի ռազմական գործողությունների նպատակասլացությունն ու ուղղվածությունն է: Եվ հարց է ծագում՝ ի՞նչ պիտի տար Նիկոլը, որ չի տալիս Իլհամին: Ի՞նչն էր այն խորհրդավոր երեւույթը, որ 100 տոկոսանոց շահեկան էր Հայաստանի համար, սակայն Իլհամն այն պարտադրում է մեզ զենքի ուժով:  

Իսկ եթե ռազմական գործողություններից տեղափոխվենք դիվանագիտության ոլորտ, ապա կարող ենք ստանալ այդ հարցի պատասխանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սերբիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն դեռեւս պատասխան չի ստացել Հայաստանից խաղաղ պայմանագիր կնքելու եւ պետական սահմանի սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը ձեռք է քաշում Արցախից, ինչն Ադրբեջանին իրավունք է տալիս Արցախի հետ վարվել այնպես, ինչպես ցանկանում է: Եվ կարող է՝ հաշվի առնելով ռուսական խաղաղարարների առկայությունը դեռեւս 4 տարի 4 ամիս ժամկետով: Երկրորդ․ Հայաստանն Ադրբեջանին կզիջի բոլոր, այսպես կոչված, վիճելի տարածքները՝ անկլավներ, ճանապարհներ, լճեր… այնուհետեւ հերթը կհասնի Սյունիքի մարզով անցնող միջանցքին, եւ Հայաստանը վերջապես կվերածվի Նիկոլի երազանքի երկրի:

Հայ զորակոչիկներն արդեն կարող է եւ չվիրավորվեն կամ սպանվեն սահմանին: Սակայն դա կտեւի կարճ ժամանակ, քանի որ այնուհետ Նիկոլը կդնի Հայաստանից ռուսական ռազմական բազայի դուրսբերման հարցը: Դա նրան կհաջողվի, ինչում արդեն այնքան էլ չեմ կասկածում՝ դիտարկելով Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունների նկատմամբ: Դրան էլ կհաջորդի ամբողջ Սյունիքի՝ ադրբեջանական տարբերակով «Արեւմտյան Զանգեզուրի» հանձնման պահանջը, ինչը կամրապնդվի կրկին սահմանային միջադեպերով եւ հայ զինվորների վիրավորումով ու սպանությամբ:

Այնուհետեւ հերթը կհասնի Սեւանին կամ, ադրբեջանական տարբերակով, Գոյչե լճին, եւ կրկին այդ պահանջը կամրապնդվի սահմանային միջադեպերով, հայ զինվորների վիրավորումով ու սպանությամբ: Ինչ մնում է Երեւանին կամ, ադրբեջանական տարբերակով, Իրեւանին, ենթադրում եմ, որ հայոց վերջին մայրաքաղաքը, այնուամենայնիվ, կպահպանվի որպես կորսված տարածքներով ձեւականորեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք:
Որպեսզի այստեղ նկարագրվածը տեղի չունենա, մենք պետք է վերջապես միավորվենք ու Նիկոլին հեռացնենք իշխանությունից, որովհետեւ իմ ու ինձ նմանների երազանքը ոչ թե Արցախից, որպես գլխացավանքից, ազատվելն էր, այլ հենց Կուր-արաքսյան ջրավազանով պարսպված մեր պատմական տարածքների գոնե մի մասի վերադարձը Մայր հայրենիքի գիրկը: