Տեւական աղմուկից եւ զանազան քննադատություններից հետո Զանգակատուն համայնքի բնակիչների քվեարկությամբ որոշվել է գյուղի միջնակարգ դպրոցի բակից հեռացնել քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի հեղինակած՝ բանաստեղծ Պարույր Սեւակի արձանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բնակիչների 79,9%-ը կողմ է քվեարկել արձանի հեռացմանը, իսկ 20,1%-ը՝ դեմ արտահայտվել։ Արձանի տեղադրումից ի վեր համացանցը ողողված էր քանդակի ու նրա հեղինակի շուրջ բացասական գրառումներով, հումորային անդրադարձներով։ Ի վերջո, բանաստեղծի հարազատները հայտարարել էին, որ համայնքին են թողել վերջնական որոշումը։
Թոքմաջյանն իր հարցազրույցում դեմ էր արտահայտվել հարցը համայնքի քննարկմանը դնելուն։ «Պատկերացրեք՝ ուր ենք հասել, որ գյուղացին պետք է որոշի՝ քանդակը դրվի՞, թե՞ չդրվի: Ես պատվեր չեմ ստացել, որ քննարկում են: Նվեր եմ տվել, նախօրոք ուղարկել եմ նկարները, գյուղապետն է տեղյակ, Սեւակի թոռն է տեղյակ, տեսել են, ասել են՝ բեր: Թող ասեին՝ մի բեր, ես էլ չէի տանի: Արվեստի գործը դնում են գյուղացիների քվեարկությա՞նը, քննարկմա՞նը»,- ասել էր նա։ Քանդակագործը պարզաբանել էր, որ դա ոչ թե Սեւակի, այլ «Անլռելի զանգակատուն» թեմայով աշխատանք է` այնպես, ինչպես ինքն է ընկալում այն։ Նկատենք, Պարույր Սեւակի թոռը` գրականագետ Սեւակ Ղազարյանը, մեզ հետ զրույցում ասել էր, որ արձանն իրեն էլ դուր չի եկել, ինչպես Սեւակի արձանների գերակշռող մասը: Երեկվանից քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին իր պաշտպանության տակ է վերցրել վարչապետի կինը, որն իր էջում տեղադրում էր այլ անձանց խոհափիլիսոփայական գրառումները` Թոքմաջյանի հեղինակած արձանը համեմատելով համաշխարհային գլուխգործոցների հետ, որոնք սկզբում մերժվել են հասարակության կողմից, հետո՝ գնահատվել: Որքան էլ զարմանալի է` այս աղմուկի մեջ թեմայից անտեղյակ էր ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հրանտ Թամրազյանի անվան գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ չգիտի, թե ինչ արձանի մասին է խոսքը: Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` քանի որ արձանը միայն նկարով է տեսել, չի կարող հստակ գնահատականներ տալ: Զրուցել ենք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
- Արդեն մի քանի օր է՝ մեր հանրությունը, որը, ի դեպ, ընթերցասիրությամբ աչքի չի ընկնում, սուր քննադատությունների է ենթարկում քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ Պարույր Սեւակի արձանը ոչ այնքան գեղեցիկ կերտելու համար: Անգամ բանաստեղծի ընտանիքի անդամներն են հայտարարում, որ արձանը տգեղ է: Ի վերջո, Զանգակատուն գյուղում հարցը քվեարկության է դրվել, եւ արդյունքում արձանն ապամոնտաժելու որոշում է կայացվել: Ի՞նչ կարծիք ունեք հայտնի արձանի մասին:
- Խնդիրն այն չէ, թե ով է հավանում արձանը կամ ով չի հավանում: Ես կարող եմ չհավանել, մեկ ուրիշը կարող է հավանել: Տարիներ առաջ Օպերայի բակում տեղադրվեց Ա. Բաբաջանյանի արձանը: Առաջին տարբերակում Բաբաջանյանի մատները երկար էին, անհամաչափ: Բողոքներ եղան, եւ հեղինակը ստիպված եղավ վերանայումներ անել: Փարիզում 1800-ականներին Օգյուստ Ռոդենը քանդակեց Բալզակի արձանը: Փարիզը խիստ քննադատեց նրան, որ այլանդակել է Բալզակին, եւ այսպես շարունակ: Այդ արձանը, որն այդպես էլ չընդունվեց, հետագայում տեղափոխվեց Ռոդենի թանգարան: Այսօր միլիոնավոր մարդիկ գնում են Ռոդենի թանգարան՝ այդ արձանը տեսնելու, եւ ոչ մեկը չի գնում Փարիզի կենտրոնում տեղադրված արձանի հետեւից: Ասածս այն է, որ ճաշակը կարող է տարբեր լինել, ժամանակները փոխվում են, եւ չես կարող ասել, թե տարիներ անց ինչ կլինի: Ես կուզեմ այլ բանի մասին խոսել. ո՞վ է այն մարդը, որ որոշում է կայացրել, որ Զանգակատուն գյուղում պետք է արձան տեղադրել: Պետք է այստեղից սկսել: Հայաստանն արձանակոխ են արել: Երկրորդ մասիվի պուրակում քաոս է: Ով որտեղ ինչ անճաշակ ու տգեղ արձան է տեսել, հավաքել, բերել է այդտեղ: Ամեն քայլափոխի արձան է: Ի՞նչ է նշանակում արձան: Արձանը գերեզմանի նման բան է: Գերեզմանաքար է` մարդու, երեւույթի հիշատակի համար: Տեղադրում են, որ հիշեն տվյալ մարդուն: Մի փոքրիկ Հայաստան, այսքան գերեզմա՞ն: Սեւակի արձա՞նն էին ուզում դնել, թող այնպես անեին, որ նախ այդ գյուղում բոլորը Սեւակ կարդային: Դա՞ կլիներ ավելի մեծ հուշ եւ շնորհակալություն Սեւակին, թե՞ այդ քարի կտորը: Ասածս այն է, որ հարցը միայն ճաշակի մեջ չէ: Ինչո՞ւ են մեր երկիրը վերածում գերեզմանոցի, առանց այդ էլ ապրելու տեղ չկա: Որ կողմ նայում ես, գերեզմանատներ են: Հայաստանում որ կողմ նայում ես, գերեզման է, լավ ապրելու համար չե՞ք մտածում: Կողբ հիմնադրամի հետ որոշել էինք տեղի արվեստի դպրոցն անվանակոչել Տիգրան Մանսուրյանի անունով: Լիքը մարդիկ ասում էին` ո՞նց, նա ողջ է: Ասում էի` ժողովուրդ, ձեր մտքով չի՞ անցնում, որ մարդուն պետք է շնորհակալություն ասել իր կենդանության օրոք: Մեռնելուց հետո ինչ կանեք, դա այնքան էլ էական չէ: Ինչո՞ւ են ուզում, որ «գնա մեռի, արի սիրեմ»-ը գերակշռի ամենուր, այն էլ` քարով:
- Հիմա եթե քանդակագործները, օրինակ, Լեւոն Թոքմաջյանը կարդա այս հարցազրույցը, հարց կտա` իսկ ինչո՞վ զբաղվի քանդակագործը, եթե ոչ արձան ստեղծելով:
- Ժամանակին Էյֆելին ասել էին` Ֆրանսիայի ամենամեծ արժեքն ազատությունն է, կարո՞ղ ես կերտել ազատություն, ու նա մի արձան է ստեղծել, որը Նյու Յորքի սիմվոլն է, եւ ողջ աշխարհը դրանով հիանում է: Երեւույթի արձան է այն, որը դարձավ ամերիկյան ցիվիլիզացիայի սիմվոլ: Այն ամերիկյան ուժի, մշակույթի մասին է: Եթե դու կարողանում ես նոր բան ստեղծել, քեզ գնահատում են: Սարքեք այնպիսի բան, որ քեզ աշխարհում մատով ցույց տան կամ Զանգակատուն գյուղը մատով ցույց տան: Այն, ինչ մեզ մոտ արվում է` փոքր, կիսանդրիներ եւ այլն, որը կա ամեն տեղ, անիմաստ է: Ինչո՞ւ եք ուզում, որ հայը գեղեցիկով չդաստիարակվի: Պատկերացրեք Գագարին քաղաքը կամ սովետի հետարդյունաբերական այլ քաղաքներ, որտեղ քանդված շենքեր ու գործարաններ են ամենուր: Ի՞նչ է մտածելու գեղեցիկի մասին այնտեղ մեծացող երեխան: Մենք բացի Կասկադից ու Ալավերդյան փողոցից չունենք նման արտառոց գեղեցկություններ: