Մի 10 օրից` մեր աշխատանքը տեսնելով, սորոսականները փորձելու են ակտիվանալ

Այս տարվա հունիսից Միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված «Եվրասիա» կազմակերպության ներկայացուցչությունը սկսել է աշխատանքը Երեւանում: ՀԿ-ի նպատակն է՝ ցույց տալ, որ երկրների միջեւ քաղաքական տարաձայնությունները չպետք է ազդեն ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է «Եվրասիա»-ի խորհրդի անդամ Միկա Բադալյանը: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, շուտով ներկայացուցչություններ կբացվեն նաեւ Մոլդովայում, Բելառուսում, Ուզբեկստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում:
Բադալյանի խոսքով` որոշ երկրների, այդ թվում` Հայաստանի եւ Մոլդովայի իշխանությունները գործում են իրենց քաղաքացիների շահերի դեմ: Իրենց կազմակերպությունը ձգտում է ցույց տալ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը Եվրասիայի մյուս ժողովուրդների նկատմամբ եւ Ռուսաստանին ցույց տալ, որ մարդկանց միջեւ թշնամանք չկա: Նա հույս է հայտնել, որ ՀԿ-ի աշխարհագրությունը կընդլայնվի, եւ իրենք մի շարք երկրների, այդ թվում` եվրոպական երկրների հետ շփումներ կունենան: Բադալյանը վստահ է, որ նախագիծը կընդլայնվի եւ կդառնա նոր բազմաբեւեռ աշխարհակարգի կարեւոր մասը: Նա տեղեկացրել է, որ ՀԿ-ի կողմից իրականացվող «Ճանաչիր Ռուսաստանը» խորագրով ծրագրերից մեկի շրջանակում մինչեւ 2024 թվականի ավարտը Հայաստանից ՌԴ կայցելի 10 հազար մարդ: Նախատեսվում է նաեւ հատկացնել 2 հազար 500 դրամաշնորհ` յուրաքանչյուրը մինչեւ 1 միլիոն ռուբլի, 11 տարբեր ուղղություններով, ներառյալ` լրագրությունը, բլոգերային ծրագրերը, մշակութային ժառանգության պահպանումը եւ զբոսաշրջությունը: Արդեն կան հաջողված նախագծերի օրինակներ, ինչպիսիք են Բելառուսում զբոսաշրջիկների համար նախատեսված հավելվածը եւ կարեւոր պատմական իրադարձությունների մասին անիմացիոն տեսանյութերը:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Դերիպասկոն էլ «Եվրասիա» ՀԿ-ն կարեւոր հարթակ է անվանել։ «Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է հումանիտար նախագծեր, որոնք ուղղված են ազգամիջյան հաղորդակցության զարգացմանը եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը` պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը: Նախագծերի թվում են դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդ մասնագետներին աջակցելը, կրթական ծրագրերը, խոշոր ընկերություններում փոխանակումներն ու պրակտիկաները, մեդիադպրոցները, ուսուցիչների մասնագիտական հարթակները, մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին, լրագրողների եւ բլոգերների համար դրամաշնորհները, բիզնես առաքելությունները ձեռնարկատերերի համար եւ պատմության ու մշակույթի պահպանման նախագծերին մասնակցությունը: Այս կազմակերպության մասին օրերս գրել էր վերլուծաբան Արման Աբովյանը` այն անվանելով «փափուկ ուժի» միջոցով հայկական իրականությունում ինչ-որ բան անելու ռուսական փորձ: Այսինքն՝ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը չի կարող իր ձեռքից թողնել, եւ սկսել է աշխատել մեր երկրում, փող ծախսել, ծրագրեր իրականացնել: Եվ դա արվում է նաեւ «Եվրասիա» ՀԿ-ի միջոցով:
Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Միկա Բադալյանին:
- «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագրեր է Հայաստանում իրականացնելու: Ի՞նչ ծրագրեր են դրանք, ի՞նչ նպատակով, ո՞ր ոլորտներին են ուղղված:
- Մենք 5 ծրագիր ունենք: 18-35 տարեկան երիտասարդներին ուղարկում ենք Ռուսաստանի Դաշնություն` էքսկուրսիայի: Առաջին ծրագրով մեկ տարում նախատեսում ենք Մոսկվա ուղարկել 10 հազար քաղաքացի՝ այն բոլոր երկրներից, որոնք ներառված են Եվրասիայի կազմում:
- Բայց ի՞նչ ծրագրեր են դրանք, ի՞նչ խնդիրներ են լուծելու:
- Ուզում ենք ցույց տալ, որ շատ կարեւոր է ազգային դիվանագիտությունը, բայց, միեւնույն ժամանակ, բարեկամ ժողովուրդներն ունեն լավ հարաբերություններ: Ով գնում է այսօր Ռուսաստան եւ վերադառնում է, ես նրանց՝ բոլորին, հարց եմ տալիս` այն, ինչ տեսաք, եւ այն, ինչի մասին Հայաստանում լսում եք, կապ ունե՞ն իրար հետ, պատասխանում են, որ ոչ: Մարդիկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ Ռուսաստանի դեմ սանկցիաներ են կիրառում, մեծ մասը մարդկանց մտածում է, որ Ռուսաստանում շատ խնդիրներ կան, բայց իրականում այդպիսի բան չկա: Ռուսաստանն օր-օրի զարգանում է: Գրանտային մրցույթներն էլ ենթադրում են 2 հազար 500 դրամաշնորհ, յուրաքանչյուրը՝ մինչեւ 1 միլիոն ռուբլի, 11 տարբեր ուղղություններով, ներառյալ` լրագրությունը, բլոգերային ծրագրերը, մշակութային ժառանգության պահպանումը եւ զբոսաշրջությունը:
- Ի՞նչ ծրագրեր են կոնկրետ, կա՞ն արդեն իսկ այնպիսի ծրագրեր, որոնք խրախուսել եք, արդեն գրանտներ եք տրամադրել:
- Այո, արդեն կան: Այս պահին 11-ից ավելի ծրագիր հաղթել է, կարող եք ինքներդ էլ գնաք ու տեսնեք, թե ինչ ծրագրեր են իրականացվում:
- Որտե՞ղ տեսնենք:
- Ղարաբաղցի երեխաների համար ենք մի ծրագիր իրականացրել: Դպրոցականների համար է, որ եթե ծնողներն աշխատում են, դասերից հետո գնան մի վայր, որտեղ կօգնեն սովորել դասերը, կատարել տնային աշխատանքները: Ինչպես նաեւ՝ այս ծրագիրն այն երեխաների համար է, ովքեր դեռ դպրոց չեն գնում: Նախադպրոցական ծրագիր է: Մեզ դիմել են երիտասարդներ, եւ ինձ դուր եկավ այս գաղափարը:
- Որտե՞ղ է ձեր գրասենյակը գտնվում:
- Լենինգրադյան փողոցում:
- Հայաստանում կան մի շարք ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են Արեւմուտքից` Եվրոպայից, ԱՄՆ-ից: Դրանց հաճախ անվանում են սորոսական կազմակերպություններ, գրանտակերներ: «Եվրասիա» հասարակական կազմակերպությունն ինչո՞վ է տարբերվում նրանցից: Ո՞րն է ձեր եւ նրանց տարբերությունը:
- Մենք նաեւ բարեգործական ծրագրեր ենք իրականացնում: Մեր ամենամեծ տարբերությունն այն է, որ մենք երբեք մարդկանց, ազգերին չենք ասում՝ գլոբալիզացիայի գնալն է ճիշտը եւ միաձուլվելը: Մենք չենք ասում՝ դարձեք ռուս, ամերիկացի կամ եվրոպացի, հակառակը` մենք ասում ենք. հայը պետք է հայ մնա, եւ մենք օգնում ենք, որ ամեն ազգ Եվրասիայի տարածքում հզորանա, կայանա, ոչ թե իր ինքնությունը կորցնի: Եվ կտեսնեք, որ շուտով` մի 10 օրից, մեր աշխատանքը տեսնելով՝ սորոսականները փորձելու են ավելի ակտիվանալ:
- Իսկ ի՞նչ լրագրողական դրամաշնորհներ եք տրամադրում, ո՞ր ԶԼՄ-ներին եք տրամադրել:
- Միքս ենք արել, ունենք մեդիադպրոց նաեւ, բայց նաեւ այլ լրագրողների ենք փորձում ներառել, ինչպես նաեւ՝ ուսանողների: Ծրագրերը տարբեր են:
- Ռուսաստանն է, չէ՞, ֆինանսների դոնորը:
- Այո, բայց պետական գումարներ չեն, մեր հիմնարկը Ռուսաստանում է ստեղծվել: Անհատական հովանավորներ են:
Կարծիքներ