Սկսեք ձեզնից

Սկսեք ձեզնից

Երեկ ուշագրավ հաղորդագրություն ստացանք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից` գերմանական կազմակերպության հետ կազմակերպել են «Պայքար ատելության խոսքի եւ ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ» թեմայով վերապատրաստման դասընթաց ՄԻՊ աշխատակազմի համար։ Անահիտ Մանասյանն ասել է. «Ատելության խոսքի հաղթահարումն ինձ համար՝ որպես ՄԻՊ-ի, կարեւոր առաջնահերթություններից է։ Մեր հասարակությունում առկա խնդիրներից շատերի հիմքում, ցավոք, առկա անհանդուրժող եւ խտրական միջավայրն ու ատելության խոսքն են։ Այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ունենալ պատշաճ գործիքակազմ ու հմտություններ՝ ատելության խոսքի եւ այդ շարժառիթով կատարված հանցագործությունների դեմ պայքար մղելու համար»:

Մի՞թե ՀՀ օմբուդսմենը տեղյակ չէ, որ ատելության խոսքի աղբյուրը հենց իր սիրելի իշխանությունն է եւ նրա առաջին դեմքերը, որոնք առիթը բաց չեն թողնում իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմախոսներին անթույլատրելի խոսք ուղղելու համար: Մի՞թե տիկին Մանասյանը չգիտի, որ այդ խոսքը մեզանում ամենից շատ կիրառում է հենց ՀՀ վարչապետը, եւ նրա օրինակը վարակիչ է իր ողջ թիմի համար: Մի՞թե նա չի տեսնում իշխանական եւ իշխանամերձ ստատուսչիների, քոմենթչիների այն մեծ բազմությունը, որը զօրուգիշեր հայհոյում, վիրավորում է ընդդիմության առաջնորդներին, նախկին պաշտոնյաներին, արցախցիներին, լրագրողներին, պարզապես` իշխանությունների վարած քաղաքականությունը չկիսող մարդկանց: Այդ պայքարն անհասցե ու անորոշ չի կարող լինել, եւ դրա սլաքներն առաջին հերթին պետք է ուղղվեն դեպի իշխանական մարմիններ: Երբ վարչապետն ու իր թիմակիցներն այլեւս ատելության խոսք չտարածեն, կարելի է մտածել նաեւ հանրային մյուս շերտերին դաստիարակելու մասին: