Որտեղ է Բորիս Ավագյանը

Որտեղ է Բորիս Ավագյանը

Այդպես էլ առեղծված մնաց, թե Բորիս Ավագյանին ինչու եւ ինչպես են կալանավորել Սանկտ Պետերբուրգում: Եթե մարդը հետախուզման մեջ էր Ռուսաստանի Դաշնության տարածքում, ենթադրվում է, որ Ռուսաստան մուտք գործելիս պետք է հենց օդանավակայանում հայտնաբերվեր ու ձերբակալվեր, այլ ոչ թե Սանկտ Պետերբուրգում, որտեղ հանդիպում ուներ ռուսական հատուկ ծառայությունների սպայի հետ: Եւ այդ հանդիպումից հետո էլ ձերբակալվել է:

Բացի այդ, պարզվում է, Հայաստանում եւս Բորիս Ավագյանի նկատմամբ վաղուց հարուցված եւ քնեցված գործ կար, որի շրջանակներում նրա նկատմամբ խափանման միջոց կար ընտրված` բնակավայրից չհեռանալու ստորագրություն, ինչը նշանակում է, որ նրա «սեկտը»` երկրից ելքը փակ էր: Այսինքն` մեր օդանավակայանում էլ նրան պետք է թույլ չտային մեկնել երկրից:

Մեր տեղեկություններով, այդ քրեական գործը հարուցվել է դեռեւս Արթուր Վանեցյանի` ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ` փողերի լվացում եւ մաքսանենգություն հոդվածների շրջանակներում առաջադրված մեղադրանքով: Սակայն թե ինչ ճակատագիր է ունեցել այդ գործը, մեզ հայտնի չէ:

Այս պահին Բորիս Ավագյանը 2 ամսով կալանքի տակ է Մոսկվայի 4-րդ քրեակատարողական հիմնարկում՝ տնային կալանքի ռեժիմը խախտելու համար: Նաև 14 օր կարանտինի ռեժիմում է գտնվելու՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, ինչը նշանակում է, որ անգամ փաստաբանը չի կարող այցելել: