Վերահաշվարկի արդյունքում բացահայտվել են ֆոնդային միավորների կորուստներ
Հարցազրույց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ
- Պարոն Մարության, ո՞րն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների նպատակը: Այս հարցը վերջին օրերին շատ է քննարկվում եւ մասնագիտական շրջանակներում մտահոգության տեղիք է տվել, ավելին՝ մամուլում գրվեց, որ հենց ինստիտուտի գիտաշխատողներից շատերը վտանգ են տեսնում թանգարանի ֆոնդերում կատարվող այս փոփոխությունների հետեւում: Կա՞ արդյոք նման վտանգ։
- Նախ, որո՞նք են «մասնագիտական շրջանակները» (ինձ ծանոթ է միայն գլխավոր ֆոնդապահի մտահոգությունը), եւ ովքե՞ր են Ձեր նշած «ինստիտուտի գիտաշխատողներից շատերը», որոնք «վտանգ են տեսնում թանգարանի ֆոնդերում կատարվող այս փոփոխությունների հետեւում», ես որեւէ գիտաշխատողից կամ մասնագիտական շրջանակից նման հաղորդում չեմ ստացել (բացի գլխավոր ֆոնդապահի փոխանցած տեքստերից)։ Դառնամ հարցի բուն էությանը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իրականացվելիք ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակն է թանգարան-ինստիտուտի ժողովածուի մեջ ընդգրկված թանգարանային եւ գրադարանային ֆոնդերը հստակ տարանջատել միմյանցից եւ յուրաքանչյուրը հաշվառել, պահպանել ու օգտագործել ըստ դրանց համար նախատեսված կարգերի:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ձեւավորման առաջին իսկ օրվանից թանգարան-ինստիտուտի կողմից ձեռք բերվող կամ որպես նվիրատվություն տրվող գրքերը, նաեւ հնատիպ ու նորատիպ մամուլը գրանցվել են ֆոնդերում որպես թանգարանային առարկաներ։ Մինչդեռ մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ «թանգարանային առարկան` իրականությունից առանձնացված, հավաքածուի մեջ ընդգրկված եւ երկարատեւ պահպանվող թանգարանային նշանակության իր է, որը հասարակական կամ բնագիտական տեղեկատվության, գիտելիքի եւ զգացմունքի ստույգ աղբյուր է, պատմամշակութային արժեք, ազգային ժառանգության մաս»։ Թանգարանային նշանակությունը հիմնավորվում է նրա «տեղեկատվականության, արտահայտչականության, ձգողականության, ներկայացուցչականության, զուգորդականության» հատկանիշներով: Այսպիսով, գիրքը կարող է համարվել թանգարանային առարկա՝ հուշային հավաքածուի անբաժանելի մաս կազմելու դեպքում, կամ եթե տվյալ գրքի հետ կապված պատմությունը կարեւորագույն նշանակություն ունի ցուցադրության մեջ որոշակի թեմայի բացահայտման համար:
- Այնուամենայնիվ, ինչո՞ւ են նախատեսվում նման փոփոխություններ։
- Բանն այն է, որ կա ֆոնդերից օգտվելու որոշակի կարգ։ Ըստ այդ կարգի, ցանկացած ֆոնդային առարկա վերցնելու համար պետք է մի շարք ձեւաթղթեր լրացվեն եւ գրանցումներ պետք է արվեն սպասարկման մատյաններում։ Եվ ընդհանրապես՝ ֆոնդից առարկա կարելի է դուրս բերել համապատասխան գրավոր կարգադրությամբ միայն ու միայն ցուցադրման, հատուկ նախատեսված սենյակում՝ հետազոտման եւ առարկայի վերականգնման նպատակով։ Ֆոնդային առարկայի հետ կարելի է աշխատել մեկ որոշակի սենյակում, ֆոնդապահի հսկողության տակ, ամեն աշխատանքային օրվա ավարտին այն պետք է հետ վերադարձվի ֆոնդապահոց եւ այլն։ Այսինքն, եթե գիրքը գրանցված է որպես թանգարանային առարկա, ապա նաեւ գիտաշխատողներն իրավունք չունեն գրքերը տանել իրենց աշխատասենյակները։ Պարզապես իրավունք չունեն։ Քանի որ թանգարանային առարկան թանգարանի ներսում կարող է տեղաշարժվել միայն հատուկ սահմանված կարգով։ Ավելի պարզեցնեմ. եթե գիտաշխատողին անհրաժեշտ է նայել-օգտվել ցանկացած (այդ թվում՝ բառարան, հանրագիտարան, 1950-1980-2000-ական թթ. հրատարակված) գրքից, նա պարտավոր է տեղյակ պահել գլխավոր ֆոնդապահին, վերջինս պետք է կարգադրություն անի բաժնի ֆոնդապահին, որը գիրքը պետք է վերցնի ֆոնդապահոցից, բերի ընթերցասրահ, գրանցի այդ գործողությունը համապատասխան մատյանում, հանձնի գիտաշխատողին, վերջինս գրքի հետ աշխատի՝ ֆոնդապահի պարտադիր հսկողության պարագայում, ավարտին վերադարձնի ֆոնդապահին, նա համապատասխան գրանցում անի մատյանում, տանի գիրքը ֆոնդապահոց։ Եվ այսպես՝ ամեն օր, յուրաքանչյուր գրքի պարագայում, բոլոր գիտաշխատողների եւ հնարավոր այցելու-մասնագետների դեպքում։ Իսկ եթե տարիներ շարունակ գրքերը (այսինքն՝ ֆոնդային/թանգարանային առարկաները) գիտաշխատողները վերցրել են, եւ օրեր շարունակ դրանք մնացել են իրենց աշխատասենյակներում, դա ֆոնդերից օգտվելու գործող կարգի կոպիտ խախտում է եղել։
- Խոսվում է նաեւ ֆոնդում առկա գրքերի եզակիության մասին:
- Երեք նկատառում՝ այս մասով։ Ֆոնդերի հաշվառումից գրադարան հաշվառման տեղափոխվող գրքերի ճնշող մեծամասնությունը հրատարակված է 1950-2000-ական թվականներին։ Գրքերի մի փոքր մասը միայն 100-130 տարվա հնության է, եւ այս նոր կարգով դրանք (կամ դրանց մի մասը) հաշվառելու եւ պահպանելու ենք գրադարանի հատուկ ֆոնդում։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ ՀՀ գրադարանների մասին օրենքում առանձնացվում է «գրավոր հուշարձան» հասկացությունը, որը բնութագրվում է որպես «հնատիպ եւ հազվագյուտ գրքեր, տպագիր հրատարակություններ, որոնք ունեն բացառիկ հոգեւոր եւ նյութական արժեք, հատուկ պատմական, գիտական, մշակութային նշանակություն: Դրանց նկատմամբ սահմանվում է հաշվառման, պահպանության եւ օգտագործման հատուկ կանոնակարգ»։ Ընդ որում, այդ «հատուկ կանոնակարգը» չի սահմանվում որպես «թանգարանային հավաքածուի» (ֆոնդի) մաս։ Եվ որպես լուծում՝ մենք առաջարկում ենք նշված գրքերի համար գրադարանի մեջ ստեղծել «հատուկ ֆոնդ», ինչպես որ է բազմաթիվ գրադարաններում։ Այս պարագայում հսկողությունն ավելի խիստ է լինելու սովորական գրադարանային ռեժիմից։
Երկրորդ դիտարկումը ՀՑԹԻ գրքերի «եզակիության» մասին է։ Դա այդպես չէ։ Թանգարանի գրադարանում առկա գրքերի թերեւս 99%-ը կա հայաստանյան մյուս գրադարաններում։ Ցավոք, ժամանակին ՀՑԹԻ գրադարանը չի միացել armunicat համակարգին, երբ դրանում առաջին հերթին կգրանցվեին այն գրքերը, որոնք առկա են միայն ու միայն ՀՑԹԻ գրադարանում։ Ահա, այս պատճառով է, որ ես օգտագործում եմ «թերեւս» բառը։
Երրորդը. այն գրքերը, որոնց հետ կապված է որոշակի պատմություն (լեգենդ), ինչը կարեւորագույն նշանակություն ունի ցուցադրության մեջ որոշակի թեմայի բացահայտման համար, եւ/կամ դրանք հուշային հավաքածուի անբաժանելի մաս են կազմում, որակվելու են որպես թանգարանային առարկա եւ մնալու են ֆոնդերում։
- Այս կառուցվածքային փոփոխության արդյունքում որքանո՞վ են խախտվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդի անձեռնմխելիությունը եւ ամբողջականությունը։
- Գրադարանի կազմի մաս կազմող գրքերը հանվում են թանգարանային առարկաների հավաքածուի կազմից, սակայն մնում են թանգարանի ժողովածուի կազմում։ «Թանգարանի ժողովածու»՝ նշանակում է թանգարանի հիմնական եւ գիտաօժանդակ ֆոնդեր (վերջինից թանգարան-ինստիտուտը չունի), գրադարանային ֆոնդ, թանգարանի արխիվ։
Շրջանառվում է հարցադրում․ «Արդյոք սա չի՞ կարող նախադեպային լինել, եւ հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնավորումով դուրս չեն գրվի այլ նյութեր», «սկսում է ակտիվանալ մարդկային սուբյեկտիվության գործոնը»: Կամ՝ որ այսկերպ հեշտանում է գրքերի «դուրսգրումը», օրինակ, մաշվածության հիմքով։ Դա այդպես չէ։ Մարդկային սուբյեկտիվության գործոնի հիմամբ երբեւիցե՝ լինի թանգարանային առարկա կամ գիրք, դուրս չի գրվում: Թանգարանային առարկան կարող է դուրս գրվել բացառիկ դեպքերում, եթե այն քայքայված է, հիվանդ է, վտանգում է մյուս թանգարանային առարկաների պահպանվածությանը եւ հնարավոր չէ բուժել կամ վերականգնել: Դա երկար գործընթաց է, որն իրականացնում է վերադասի եւ փորձագետների կողմից կազմված հանձնաժողովը` թանգարանի Ֆոնդային գնման (գնահատման) հանձնաժողովի որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության իմացությամբ եւ հրամանով, որը տնօրենը տեղայնացնում է իր հրամանով: Այսինքն, տնօրենն այս պարագայում ոչ թե որոշողն է, այլ՝ կատարողը։
- Այս օրերին խոսվում է վերահաշվարկի արդյունքում կորած ֆոնդային միավորների մասին, կա՞ նման բան։
- Կրկին հստակեցնեմ. ոչ թե «վերահաշվարկի արդյունքում կորած», այլ՝ «վերահաշվարկի արդյունքում բացահայտված»։ Այո, կա նման բան, սակայն դրանք նախնական տվյալներ են։ Երբ լինեն համապատասխան ակտեր՝ ստորագրված թանգարանի աշխատակիցների մասնակցությամբ ստեղծված հանձնաժողովների կողմից, այդ պարագայում կգործենք համապատասխան գործող ընթացակարգի, այսինքն՝ տեղյակ կպահվի հոգաբարձուների խորհրդի անդամներին, ապա կտեղեկացվի ԿԳՄՍ նախարարություն եւ ոստիկանություն։
- Ցեղասպանության թանգարանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե «ճի՞շտ է, որ ինչ-որ թուրք այս կամ այն չափով ներգրավվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կատարվող աշխատանքներում», կա՞ թուրքական կողմի աջակցությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ծրագրերին։
- Ոչ, չկա նման բան։ Եվ երբեւիցե չի եղել։ Դա բացարձակ ապատեղեկատվություն է։
- Գրվեց, որ ֆոնդերի կառուցվածքային փոփոխություններն իրականացվում են Բաց հասարակության հիմնադրամի օժանդակությամբ՝ ինչո՞ւ, ո՞րն է նպատակը։ Արդյոք հնարավոր չէ՞ր այդ փոփոխություններն իրականացնել պետության օժանդակությամբ։
- Սա նույնպես բացարձակ սուտ է։ Տվյալ դեպքում ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունն իրենից ներկայացնում է զուտ վերահաշվառման եւ վերագրանցման գործընթաց, որի համար լրացուցիչ ֆինանսական կամ մարդկային ռեսուրսներ անհրաժեշտ չեն։ Այս եւ ՀՑԹԻ-ին առնչվող բոլոր հարցերում Բաց հասարակության հիմնադրամի հետ ոչ մի կապ չկա։ Կառուցվածքային փոփոխություններն իրականացվելու են բացառապես ՀՑԹԻ համապատասխան աշխատակիցների կողմից, ֆոնդային գնահատող հանձնաժողովի եւ տնօրենի ղեկավարությամբ, ԿԳՄՍ նախարարության վերահսկողությամբ։
Կարծիքներ