Նորոգման ժամանակ հերոսների նկարները պատռվել են ու փչացել, նոր ստենտ ենք պատվիրել

Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ կրթական հաստատություններից և զինկոմիսարիատներից հեռացվում են փառքի անկյուններն ու անմահացած զինվորների նկարները: Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Հրազդանի թիվ 14 դպրոցի պատից հանվել են զոհված զինծառայողների նկարները, հեռացվել է դպրոցի փառքի անկյունը:
«Հրապարակը» կապ հաստատեց դպրոցի տնօրեն Անդրանիկ Բավեյանի հետ:
- Պարոն Բավեյան, ինչո՞ւ եք հեռացրել դպրոցի փառքի անկյունը, հերոսների նկարները:
- Պարզապես մեր դպրոցը վերանորոգվել է ու պատին փակցված նկարներ, բաներ-մաներ փչացել են: Հիմա նոր «ստենտներ» ենք պատվիրել, որ նորից կպցնենք: Այնպես որ այդ ամենը փչացել է վերանորոգման արդյունքում, հատուկ բան չկա:
- Ի՞նչն է կոնկրետ փչացել: Բոլոր նկարները էդպես միանգամից փչացա՞ն: Ի դեպ` փչանալը ո՞րն է` պատռվե՞լ են:
- Դե պատերին երեխաները պլակատներ, «ստենտներ» են սարքել. Էդ ընթացքում հանելուց, բնական է, պոկվել է, նորն ենք պատրաստել, պատվիրել ենք արդեն` դասարանների համար: Դպրոցը վերանորոգվել, վերջացրել ենք, որպեսզի առանձին-առանձին չկպցնենք, «ստենտների» վրա ենք կպցնելու, պատերը չկեղտոտելու, չքանդելու համար:
- Եթե նկարները պատռել եք, էլ ինչպե՞ս եք փակցնելու:
- Դե չէ, էդպես լուրջ բան չի եղել: Բարակ էին մի քանիսը, շինարարները փոկելուց ջարդել են «ստենտները»: Հիմա նորն ենք հավաքելու:
- Ե՞րբ եք նորը հավաքելու:
- Դե հլը որ պատվիրել ենք, պրծնենք, աշխատանքները կկատարենք:
- Իսկ գուցե ԿԳՄՍ-ից հրահա՞նգ եք ստացել, դրա համա՞ր եք այդպես անփույթ վարվել հերոսների նկարների հետ:
- Չէ, չէ, պիտի ազատեինք, որ ամբողջ դպրոցը վերանորոգվեր: Չի եղել նման բան, բացարձակ:
- Ինչո՞ւ եք նման անտարբերությամբ վերաբերվել հայրենիքի համար կյանքը տված տղերքի նկարների հետ:
- Դե քաշելուց ջարդվել է, ինչ անենք, պատի թերթեր են, պոկվում են, նորերը կստեղծենք: Շատ բարակ բաներ էին, դրա համար էլ էդպես եղավ: Որ հաստ լինեին, հո չէին ջարդվի: Ռազմագիտության կաբինետների համար էլ ենք նոր պատվիրելու, ուզում ենք ամեն ինչ նորացնենք, թարմացնենք: Մեր դպրոցը զոհված տղաներ չունի: Մերը հիմնական դպրոց է:
ՀԳ Մենք նաև տեղեկացանք, որ Հրազդանի թիվ 6 դպրոցում նույնպես հեռացվել են հերոսների նկարները, սակայն դպրոցի տնօրենը նշեց «Մեր դպրոցից ոչինչ էլ չի հեռացվել: Մենք դեռ առաջին հարկում պետք է նոր փառքի անկյուն սարքենք: Վերանորոգման շրջանում ենք հիմա: Որ ասում են դպրոցները ծանուցումներ են ստանում, փառքի անկյունները հեռացնելու համար, վստահեցնում եմ ձեզ` չկա նման բան: Մենք ոչ մի նման գրություն չենք ստացել: Ունենք հերոսների նկարներ, անգամ դպրոցի պատերին դրսից կան նկարներ»- ասաց նա:
Կարծիքներ