Սպերցյանն ու Ադամյանը հնարավոր է էլ չխաղան հավաքականում․ հանդերձարանում ծայրահեղ լարված է

 Սպերցյանն ու Ադամյանը հնարավոր է էլ չխաղան հավաքականում․ հանդերձարանում ծայրահեղ լարված է

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Շոտլանդիայի ընտրանուն ու 1-4 հաշվով զիջել մրցակցին։ Սա հավաքականի երրորդ անընդմեջ պարտությունն էր։ Վաստակած 3 միավորով Կապառոսի թիմը եզրափակում է B լիգայի առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։

Շոտլանդիայի հետ խաղի նախօրեին մենք հոդված էինք գրել, խոսել հավաքականում տիրող անհասկանալի իրավիճակի, Կապառոսի, ՀՖՖ նախագահի ու նրա տեղակալի հրաժարականի պահանջի մասին ու ըստ էության արել էինք բոլոր կանխատեսումները Շոտլանդիայի հետ դիմակայության վերաբերյալ։ Իրավիճակը հավաքականում Շոտլանդիայի հետ հանդիպումից հետո սակայն էլ ավելի է սրվել։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ «Կրասնոդարի» առաջատարներից Էդուարդ Սպերցյանի նյարդերը տեղի են տվել փոխարինվելուց հետո, հանդերձարանում, ասում են, անգամ նշել է, որ այլևս չի պատրաստվում հանդես գալ հավաքականում ու որ այստեղ ֆուտբոլային ոչինչ չի տեսնում։

Սպերցյանը, հիշեցնենք, Շոտլանդիայի հետ խաղում փոխարինվեց երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին։ Դրանից առաջ՝ Ուկրաինայի հետ արտագնա խաղում Սպերցյանը ընդհանրապես հայտավորված չէր։ Հունիսի 8-ին կայացած Շոտլանդիայի հետ արտագնա խաղում «Կրասնոդարի» առաջատարը կրկին փոխարինվել է, այս անգամ 71-րդ րոպեին։ Միայն Իռլանդիայի հետ առաջին տուրում կայացած հաղթական խաղում է, որ Սպերցյանը ամբողջական հանդիպում է անցկացրել։ Ի դեպ, միակ գնդակը իր հաշվին գրանցել էր հենց Սպերցյանը։ Անցկացրած 4 խաղերում ընդամենը 2 գնդակ ենք խփել՝ մրցակիցներից ընդունելով 9-ը։

Մեզ փոխանցեցին նաև, որ Սպերցյանի դեպքը միակը չէ, մի քանի օր առաջ էլ «Բրյուգեից» գերմանական «Հոֆենհայմ» վերադարձող Սարգիս Ադամյանն է որոշել լքել հավաքականի շարքերը, սա է պատճառը, որ անգամ հայտավորված չէր վերջին հանդիպմանը։ Ուկրաինայի հետ խաղում Ադամյանին խաղաժամանակ էր տրամադրվել միայն երկրորդ կեսի 55-րդ րոպեին։ Շոտլանդիայի հետ խաղում Կապառոսը Ադամյանին ընդամենը 45 րոպե էր տվել ու երկրոդ կեսի հենց մեկնարկին կրկին փոխարինել, իսկ Իռլանդիայի հետ հանդիպմանը ևս քիչ ժամանակ էր տվել։ Տեղի ունեցողի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ-ից, սակայն սովորության համաձայն մեր զանգերը անպատասխան թողեցին։ Մխիթարյան, Սպերցյան, Ադամյան, հաջորդը գուցե Վահան Բիչախչյա՞նն է։