Եվս մեկ փակուղի

Եվս մեկ փակուղի

Երեկ Մարտի 1-ի գործում, կարելի է ասել, շրջադարձ արձանագրվեց՝ տուժողների իրավահաջորդներն ասուլիս հրավիրեցին եւ իրենց վրդովմունքը հայտնեցին դատավարության հետ կապված, միաժամանակ հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցելու դատերին։

Փաստորեն, այս պրոցեսից դժգոհ են բոլոր կողմերը՝ ե՛ւ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները, ե՛ւ տուժողների հարազատները, ե՛ւ հասարակությունը։ Իսկ 2018-ին մենք զգուշացնում էինք, որ եթե սպանությունների բացահայտման գործում հնարավոր չէ արձանագրել որեւէ տեղաշարժ, եւ նախաքննական մարմինն ընդունում է, որ այս մասով հնարավոր չէ կոնկրետ կատարողներին հայտնաբերելը, սպանությունների պատվիրատուներին, զորքը տեղաշարժած պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելն ու դատելը վերածվելու են քաղաքական հաշվեհարդարի, ու իշխանությունը հերթական շոուն է կազմակերպելու՝ էժան դիվիդենտներ շահելու համար։ Քաղաքական խնդիրներ լուծել՝ առանց իրավական գործընթացի, օգտագործելով Մարտի 1-ի պրոցեսը, դա ո՛չ հասարակության պահանջն է բավարարելու, ո՛չ արդարության վերականգնմանն է նպաստելու, ո՛չ էլ առաջիկայի համար կանխարգելիչ դեր է խաղալու։ Այլ բան է, որ պետք է բարձրացվեր 2008-ի մարտի 1-ի դեպքերի քաղաքական պատասխանատվության հարցը, որը, բնականաբար, ընկած է այդ պահին գործող իշխանությունների վրա, եւ քաղաքական գնահատական տրվեր տեղի ունեցածին։ Բայց մեր իշխանությունը գնաց այլ ճանապարհով՝ վրիժառության, քաղաքական հետապնդումների, Մարտի 1-ի գործի կրակը մշտապես վառ պահելու եւ դրա վրա ձեռքերը տաքացնելու ճանապարհով, որը վտանգավոր ու վնասակար ճանապարհ էր։ 2 տարվա իրավական անպտուղ ընթացքից հետո, փաստորեն, անգամ տուժողների հարազատներն են հասկացել, որ սա ոչ մի տեղ չտանող փակուղի է, եւ որոշել են այլեւս չմասնակցել այդ ֆարսին։